Ադրբեջանական տեղեկանք էին պահանջել

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | August 25, 2011 21:21

Դեռ ավելի քան մեկ տասնամյակ 82-ամյա Կիմ Միրզոյանը ժամանակ առ ժամանակ այցելում էր Սոցիալական ծառայության Իջևանի տարածքային բաժին` մեկ խնդրանքով, որն ամեն անգամ մերժվում էր: Ծեր պապիկի պահանջը` վերականգնել աշխատանքային նախկին տարիների փորձը կենսաթոշակի բարձրացման համար, մինչ օրս չի բավարարվել: Այդ պատճառով թոշակառուն դիմել էր անցած շաբաթ Իջեւանում քաղաքացիների ընդունելություն կազմակերպած, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներին:

Կիմ Միրզոյանն ապրում է Ազատամուտ գյուղում, իսկ մինչև 1970-ականների սկիզբը բնակվում ու աշխատում էր Ադրբեջանում: Նախ ապրել է ծննդավայրում` Ղազախի շրջանի Կիրովկա գյուղում: «Հայրս Ղարաբաղից եկել է էդտեղ աշխատելու, որովհետեւ շատ գերմանացիներ կային, լավ էին վճարում,-պատմում է:-Դարբին եմ եղել, հետո` զոդող, մինչեւ վերջին տարիները: 1971թ.-ից Ադրբեջանից տեղափոխվել եմ Հայաստան, աշխատանքի անցել որպես զոդող: 1985-86թթ. անցել եմ թոշակի”:

Կիմ պապիկը ժամանակի ընթացքում պարզում է, որ Հայաստանում աշխատած տարիները կենսաթոշակային ֆոնդում հաշվի են առել, իսկ 1955-1971 թվականը Ադրբեջանի Ղազախ քաղաքում աշխատած “ստաժը”` ոչ: 90-ականների վերջին որոշում է վերականգնել «սխալմունքը»: “Եկա սոցապ ծառայություն, սոցապի այն ժամանակվա աշխատողներն ասացին` աշխատանքային գրքույկում գրվածը հիմք չի, մեզ լրացուցիչ փաստաթուղթ է պետք”: Իսկ լրացուցիչ փաստաթուղթն էլ պետք է նրա` Ղազախում աշխատած տարիները հիմնավորող տեղեկանք լիներ: Սակայն թե՛ 90-ականներին, թե՛ առավել ևս հիմա ադրբեջանական Ղազախում ո՞վ հային տեղեկանք կտար:

Գործն այդպես էլ նույն տեղում մնաց: Սոցիալական ծառայության աշխատակիցները նաեւ համոզում էին.“Մեկ է, շուտով բոլորի թոշակը հավասարվելու է, մի քիչ էլ համբերի, ինչի՞ ես վռազում”:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ՍԱՊԾ բաժնի պետ Վաչիկ Երիցյանը Կիմ Միրզոյանին խորհուրդ տվեց գրավոր դիմումով ներկայանալ ծառայության Իջեւանի տարածքային բաժին:

Ծեր պապիկը հույս ունի, որ գոնե այս այցելությունից հետո կվերականգնվի արդարությունը, և նախկին 16 տարիների աշխատանքն էլ կգնահատվի:

Քրիստինա Տեր-Մաթևոսյան

 

 

Դիտվել է 1097 անգամ:
Print Friendly

Leave a Reply