ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանի արձանագանքը «Լրագիր» էլեկտրոնային պարբերականի հրապարակմանը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | August 25, 2011 17:36
Հարգելի պարոն Բադալյան,
Ս.թ. օգոստոսի 25-ի` «Ինչու հիշեցին Քոչարյանի տարբերակը» հոդվածում Դուք ապատեղեկատվություն եք տարածել:
Այդ հոդվածում Դուք նախ նշում եք, որ. «Թուրքիան առաջարկել էր հայերի ցեղասպանության հարցը քննարկել պատմաբանների հանձնաժողովով, իսկ Քոչարյանը պատասխան նամակում մերժում էր այդ առաջարկը: Փոխարենը հայկական կողմը առաջարկում էր ցանկացած հարց քննարկել միջկառավարական մակարդակով:
«… միջկառավարական հանձնաժողովը կարող է քննարկել ցանկացած և բոլոր չլուծված խնդիրները մեր երկու պետությունների միջև՝ նպատակ ունենալով լուծել դրանք և փոխըմբռնման հասնել»,- Էրդողանին գրել է Ռոբերտ Քոչարյանը»:
Այնուհետև հոդվածում Դուք քննարկում եք Հայաստան-Թուրքիա արձանագրությունների հետ կապված զարգացումները` նշելով.
«Բանն այն է, որ այդ արձանագրությունների մեջ նշվում է պատմաբանների ենթահանձնաժողովի մասին: Այսինքն, այն, ինչ մերժել էր Ռոբերտ Քոչարյանը, ընդունել էր Սերժ Սարգսյանը»:
Հայտնում եմ Ձեզ, որ սա բացահայտ ապատեղեկատվություն է: Անգամ չանդրադառնալով այն հարյուրավոր հայտարարություններին ու պարզաբանումներին, որ բազմիցս այս հարցի շուրջ տրվել է` Ձեր կողմից տարածված եզրահանգումների` իրականության հետ կապ չունենալու մասին կարող եք համոզվել նույնիսկ Ձեր իսկ կողմից վերլուծության ենթարկված տեղեկատվության աղբյուրի մեկ այլ հրապարակումից, որտեղ ասվում է. «Սարգսյանն անդրադարձավ Հայաստան-Թուրքիա համատեղ հայտարարությանը…. (նշելով) …
2. Ցեղասպանությանն առնչվող պատմական հարցերը չե´ն քննարկվելու պատմաբանների կողմից, այլ միջկառավարական հանձնաժողովի ենթահանձնաժողովներից մեկի շրջանակում»:
Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այս տողերին. ո´չ միայն չեն կարող քննարկվել պատմաբանների կողմից, ոչ էլ անգամ ամբողջական միջկառավարական հանձնաժողովի կողմից, այլ ավելի ցածր, միջկառավարական հանձնաժողովի ենթահանձնաժողովներից մեկի շրջանակներում: Մի բան, ինչի մասին Նախագահ Սարգսյանը մեկ անգամ չէ հայտարարել:
Հարգելի´ պարոն Բադալյան,
Ակնկալում եմ Ձեր հերքումը տարածված ապատեղեկատվության վերաբերյալ և խնդրում եմ ուղղել հոդվածում առկա սխալը:






Facebook
Tweet This
Email This Post
