Կմեծանա գյուղտեխնիկայի շահագործման արդյունավետությունը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | August 25, 2011 16:32

ՀՀ կառավարությունն ընդունել է Ճապոնիայի կառավարության տրամադրած դրամաշնորհների հաշվին ստացված գյուղատնտեսական տեխնիկայի հետագա տնօրինման որոշում, ըստ որի վարձակալներին և գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող սուբյեկտներին հնարավորություն կտրվի ձեռք բերել գյուղատնտեսական տեխնիկա, որի դրամայնացումից գոյանալիք շուրջ 22 մլն դրամը կուղղվի գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորմանը։

Կառավարությունը փոփոխել է իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը և որոշել Ռուսաստանի Դաշնությունից 850 տոննա էլիտային սերմացուի փոխարեն ձեռք բերել 1150 տոննա, իսկ տեղական սերմնարտադրողներից նախատեսված 900-ի փոխարեն 100 տոննա` նկատի առնելով այն հանգամանքը, որ տեղական սերմացուի բերքատվությունն ավելի ցածր է։ Մեկ այլ որոշմամբ գյուղատնտեսական կենդանիների մի շարք վարակիչ հիվանդությունների բուժումը պետպատվերով լիարժեք կատարելու նպատակով համապատասխան միջոցներ են հատկացվել «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին։
Գործադիրն ընդունել է «Հանրակացարաններ» ՊՈԱԿ ստեղծելու, դրա կանոնադրությունը հաստատելու և «Հանրակացարաններ» ՓԲԸ-ն լուծարելու որոշում։ Նկատի է առնվել ընկերության պետբյուջեից ֆինանսավորելու և գերազանցապես ոչ առևտրային գործունեությամբ զբաղվելու իրողությունը։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների պաշտոնային դրույքաչափերի բարձրացման և նորաստեղծ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության աշխատակիցների վարձատրության ծախսերի ֆինանսավորման նպատակով կառավարությունը ՀՀ ԿԸՀ-ին հատկացրել է 14 մլն 529 հազար 500 դրամ։

 

Դիտվել է 1027 անգամ:
Print Friendly

Leave a Reply