Դրամական մրցանակ են ստանում Հայաստանի շախմատիստները
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 25, 2011 16:24
Կառավարության որոշմամբ Չինաստանի Նինգբո քաղաքում 2011 թ. հուլիսի 15-26-ը կայացած շախմատի աշխարհի թիմային ութերորդ առաջնությունում հաղթող ճանաչված Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի 6 անդամին (5 շախմատիստ, մեկ մարզիչ)` յուրաքանչյուրին 7,5 մլն դրամ դրամական մրցանակ հանձնելու նպատակով «Հայաստանի շախմատային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը հատկացվել է 45 մլն դրամ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի ոսկե հավաքականի անդամներին և ամբողջ հայ ժողովրդին ևս մեկ անգամ շնորհավորել է ձեռք բերած փառավոր հաղթանակի առթիվ։
Իր որոշմամբ գործադիրն ավելի վաղ ընդունած որոշման մեջ կատարել է փոփոխություն և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանն ամրացված Կոտայքի մարզի Նոր-Գեղիի վարչական տարածքում գտնվող «Լուսակերտ» ուսումնական կենտրոնի շենք-շինությունները հետ է վերցրել և անհատույց օգտագործման իրավունքով ամրացրել «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ին, ինչի շնորհիվ պատշաճ զարգացում կստանա ակադեմիայի ուսումնական բազան։
Դպրոցների ֆիլմադարանները, գրադարանները հարստացնելու, «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի համար որպես դիդակտիկ նյութ օգտագործելու նպատակով վերաբաշխում կատարելով 2011 թ. պետբյուջեում և փոփոխություններ` իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունը ՀՀ կրթության և գիտության նախարարությանը թույլատրել է ձեռք բերել «Տիգրան Մեծ. հայրենապաշտ տիրակալը», «Ժայռապատկերներից մինչև այբուբեն», «Իմ Անին» ֆիլմերը և «Հայոց պետականություն» պատկերագիրքը։
ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ բնապահպանության ոլորտին նվիրված կինոֆիլմ նկարահանելու նպատակով կառավարությունը որոշել է ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացնել 2 մլն 100 հազար դրամ։






Facebook
Tweet This
Email This Post
