Կկառուցվեն ժամանակակից մաքսային անցման կետեր
Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | ankakh | August 25, 2011 16:20
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Հայ-վրացական պետական սահմանի Բագրատաշենի, Գոգավան-Պրիվոլնոյեի և Բավրայի անցման կետերի շինարարական աշխատանքների իրականացման համար կառավարությունը ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի ղեկավարությամբ ստեղծել է մրցութային հանձնաժողով և հաստատել դրա` ՀՀ մի շարք նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներից բաղկացած կազմը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է հնարավորինս կարճ ժամկետում պատրաստել մրցույթի անցկացման կանոնակարգը և տեխնիկական առաջադրանքը, որպեսզի շինարարական աշխատանքներն սկսվեն Բագրատաշենում, Գոգավանում և Բավրայում։ «Մենք կառուցելու ենք ժամանակակից մաքսային կետեր, կարելի է ասել` համալիրներ, որոնք ներառելու են պետության կողմից տրամադրվող բոլոր ծառայությունները,- հավելել է վարչապետը։ – Պետք է կարողանանք մեկ պատուհանի սկզբունքով որակապես նոր ծառայություններ մատուցել, և չափազանց կարևոր է, որ մեր ունեցած նախագծերը համապատասխանում են միջազգային լավագույն ստանդարտներին»։
Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրամիության գործընկերներին, որոնց տրամադրած դրամաշնորհով էլ մշակվել են նախագծերը։ «Այժմ մեր առջև Հանրապետության Նախագահի կողմից հրատապ խնդիր է դրված` հնարավորին չափ շուտ սկսել շինարարական աշխատանքները և ունենալ ժամանակակից մաքսային կետեր», – նշել է վարչապետը և ավելացրել, որ առաջիկայում Մեղրիում ևս պետք է կառուցվի արդիական մաքսակետ։
Բարելավվում է օդային բեռնափոխադրումների գործարար միջավայրը
Երեք որոշմամբ ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել ավելի վաղ ընդունած իր որոշումներում, որոնցով սահմանվել են քաղաքացիական օդանավով ռազմական նշանակության արտադրանքի օդային փոխադրում իրականացնելու, օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն իրականացնող կազմակերպություններին, վտանգավոր բեռների օդային փոխադրման, դրանց սպասարկումն իրականացնող կազմակերպություններին և նման բեռների օդային փոխադրումն սպասարկող կազմակերպություններին թույլտվություն տալու կարգերը։ Փոփոխությունները թելադրված են կառավարության գործարար միջավայրի բարելավման հերթական քայլերին վերաբերող որոշմամբ, որի համաձայն իրավաբանական և ֆիզիկական անձանց համար սահմանված կանոնադրություն, պետական գրանցման վկայական և դրանց պատճեններ ներկայացնելու պարտավորությունը համարվում է կատարված, եթե պետական մարմին դիմելիս ներկայացվող դիմումում կամ հայտում հայտատուին կամ դիմումատուին վերաբերող տեղեկությունների շարքում նշվում է իր պետական գրանցման համարը։
Փոփոխություններ և լրացում կատարելով ավելի վաղ ընդունած իր որոշումներից մեկում, ՀՀ կառավարությունը մեծացրել է ԱԱՀ և ակցիզային հարկի հաշվանցման և/կամ վերադարձման ավտոմատացված համակարգի նոր չափորոշիչների ներդրման արդյունավետությունը, ինչի շնորհիվ մեծ քանակի հարկ վճարողներ կարող են օգտվել նշված ավտոմատ համակարգից։ Դրա շնորհիվ կնվազի հարկային տեսուչ-հարկ վճարող շփումը, կպակասի թղթաբանությունը։ Նիստում հավանություն է տրվել նաև ՀՀ ԿԱ ՊԵԿ ԱԱՀ ավտոմատացված վերադարձի համակարգի գործառնական նկարագրին։
Իր նախկին որոշումներից մեկում գործադիրը կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց շնորհիվ ակնկալվում է օտարերկրյա անձանց կողմից ներմուծվող ակնհայտ առևտրային քանակության ապրանքների բնաիրային սահմաններում նախատեսել նաև մաքսային ռեժիմներով ապրանքների ներմուծման հնարավորություն, պարզեցնել սահմանամերձ շրջաններից գյուղատնտեսական որոշ ապրանքների ներմուծման ընթացակարգը և կրճատել որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված այն ապրանքները, որոնց համար իրավական այլ ակտերով սահմանված են արգելք կամ սահմանափակում։
Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարությունների միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության համաձայնագրի կնքման առաջարկությանը։






Facebook
Tweet This
Email This Post
