Պաշտոնաթող գեներալի կարծիքով թուրքական բանակում իրավիճակը «ամոթալի է»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | August 25, 2011 15:48

Մասնագիտական ցածր  որակավորում, դասալքություն, ժամանակակից տեխնիկական  միջոցներից օգտվելու անկարողություն: Այս բոլոր հատկանիշները, պարզվում է, բնորոշ են թուրքական բանակի սպայակազմի շատ ներկայացուցիչների համար:

Համացանցում հայտնվել էր թուրքական բանակի ամենամեծ հեղինակություն վայելող սպաներից մեկի` Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Իշիկ Քոշաների` մի քանի ամիս առաջ անցկացրած դռնփակ խորհրդակցության ձայնագրությունը, որի ընթացքում գեներալն իր ենթականերին խստորեն  քննադատել է` Զինված ուժերում տիրող կացությունն անվանելով ամոթալի:

«Մտահոգում է հատկապես այն հանգամանքը, որ մենք, փաստորեն, ի վիճակի չենք ապահովել հրամանատարական կազմի միասնականությունը», – նշել է գեներալը` նախեւառաջ քուրդ զինյալների դեմ պայքարը խիստ անարդյունավետ բնութագրելով:

Ինչպես տեղեկացնում  է թուրքական Zaman օրաթերթը, երեքշաբթի օրը համացանցում հայտնված այս ձայնագրությունը շատ արագ հեռացվել է, սակայն այդ մի քանի ժամն էլ բավարար էին, որպեսզի աղմկալի սկանդալ ծագի: Zaman-ի հոդվածագրի կարծիքով, այս սկանդալային ձայնագրության ի հայտ գալն իսկ վկայում է Զինված ուժերում տիրող բավական ծանր կացության մասին:

«Քրդերի հնարավոր հարձակման մասին հրամանատարները գիտեին դրանից 15 րոպե առաջ, բայց որեւէ քայլ այդպես էլ չձեռնարկեցին», – , – տեսագրությունում ասել է Գլխավոր շտաբի նախկին պետը` հավելելով, թե խայտառակություն է երբ ընդհարման ժամանակ զորամասի հրամանատարները վայր են դնում զենքն ու դիմում փախուստի:

Zaman-ի հոդվածագրի վկայությամբ, խոսքը 2010-ի ամռանը երկրի հարավ-արեւելքում` թուրքական բանակի եւ քուրդ զինյալների միջեւ տեղի ունեցած ընդհարման մասին է, որը վեց թուրք զինծառայողի կյանք խլեց:

«Դեպք է եղել, երբ ընդամենը երկու քուրդ զինյալներ կարողացել են գերի վերցնել 30 թուրք զինվորականի», – դռնփակ խորհրդակցության մասնակիցներին դիմելով ասել է   թուրք գեներալը` պնդելով, թե թուրքական բանակում առկա թիվ մեկ խնդիրը զինվորների պատրաստության ցածր մակարդակն է:

Ընդհանուր առմամբ, գեներալն արձանագրել էր, որ քուրդ զինյալների դեմ թուրքական բանակի իրականացված ամեն երկրորդ գործողությունը ավարտվում է զրոյական արդյունքով:

Հիշեցնենք` Քոշաները Թուրքիայի Զինված ուժերի Գլխավոր շտաբը ղեկավարում էր մինչեւ այս տարվա հուլիս ամիսը, երբ բոլոր զինատեսակների հրամանտարների հետ միասին հրաժարական ներկայացրեց` բողոքելով բարձրաստիճան թուրք զինվորականների ձերբակալությունների դեմ:

 

Գեւորգ Ստամբոլցյան

http://www.azatutyun.am

 

 

Իշիկ Քոշաներ

 

Դիտվել է 1210 անգամ:
Print Friendly

Leave a Reply