Անկախության հռչակագիր
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ | ankakh | August 24, 2011 0:28
1990 թ. օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց թերևս մեր ժողովրդի համար ամենաբախտորոշ որոշումներից մեկը` Հայաստանի անկախության հռչակագիրը:
ՀՌՉԱԿԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ.
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը`
արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը,
գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում,
ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից,
կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը,
հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի ՙՀայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին՚ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի հանրապետության ժողովրդավարական ավանդույթները,
խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը,
ՀՌՉԱԿՈՒՄ Է
անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:
Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն, կրճատ` Հայաստան:
Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանն ու հիմնը:
Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է` օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ:
Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները:
Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն և ներկայացուցչական մարմինների միջոցով` Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների հիման վրա:
Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին:
Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
Արտերկրի հայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք ունի:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գտնվում են նրա պաշտպանության և աջակցության ներքո:
Հայաստանի Հանրապետությունն ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը` անկախ ազգությունից, ռասայական պատկանելությունից ու դավանանքից:
Հայաստանի Հանրապետությունն իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ:
Հայաստանի Հանրապետությունն ունի ԽՍՀՄ սպառազինության իր մասնաբաժնի իրավունքը:
Հայաստանի Հանրապետությունն ինքն է որոշում իր քաղաքացիների զինվորական ծառայության կարգը:
Այլ երկրների զորամիավորումները, նրանց ռազմական բազաները և շինությունները կարող են տեղաբաշխվել Հայաստանի Հանրապետության տարածքում միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են օգտագործվել միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ:
Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ԽՍՀՄ ազգային պետական կազմավորումների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը:
Անկախության հռչակագրով ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը փաստում էր, որ հայ ժողովրդի պատմական ճակատագիրն անշրջելիորեն փոխվել է և մեզ համար սկսվում է նոր դարաշրջան` անկախության ու ազգային պետականության կերտման շրջանը:
Մեր պատմության մեջ ազգային պետականությունը բազում վայրիվերումներ է ունեցել: Եթե չհաշվենք Հայկական լեռնաշխարհում առաջացած առանձին պետական միավորումները, առաջին միասնական հայկական պետությունն առաջացավ մ.թ.ա. IX դարում: Այն ծնվեց աշխարհակալ Ասորեստանի հետ պայքարում և անկում ապրեց մ.թ.ա. VI դարում, երբ երկիրը գրավեց աշխարհակալ Մարաստանը: Ապա շատ չանցած` առաջացավ Երվանդունիների թագավորությունը, որի ժամանակ ավելի քան հինգ հարյուրամյակ ոչ միայն միավորվեց ողջ հայաշխարհը, այլև Հայաստանը դարձավ աշխարհակալ տերություն: Այս պետությունը անկում ապրեց հզոր Հռոմի հարվածների ներքո: Սակայն շատ չանցած` ունեցանք նոր պետություն` Արշակունիների թագավորությունը: V դարում Սասանյան Պարսկաստանը, օգտվելով Հայաստանի ներքին երկպառակությունից, վերացրեց հայոց պետականությունը: Ապա եկավ շուրջ 450-ամյա ամլության շրջան, երբ մեր ժողովուրդը կենաց ու մահու պայքար էր մղում պետականության համար` պայքարելով Պարսկաստանի, Բյուզանդիայի, Արաբական խալիֆայության դեմ: Միայն IX դարում պայքարը հաղթական ելք ունեցավ, և ի վերջո ծնվեց Բագրատունիների թագավորությունը: Սակայն, ցավոք, դժվարությամբ ձեռք բերվածը մեկուկես դար անց հեշտությամբ կորցրինք` դարձյալ անմիաբանության ու երկպառակության պատճառով: Բյուզանդական կայսրությունը կլանեց հայոց պետականության այս միավորը ևս:
Սակայն հայի պայքարող ոգին չնահանջեց ու այս անգամ օտարի հողում վեր հանեց հայոց անկախությունը` Կիլիկիայի թագավորությունը: Ցավոք, երեք հարյուր տարի անց դարձյալ այն կորցրինք. այս անգամ հայոց պետականության գերեզմանափորը Եգիպտոսի մամլուքները եղան:
Սրան հաջորդեց պայքարի, նահատակության, կորուստների ավելի քան կեսհազարամյա շրջանը, երբ Հայաստանը ոտնատակ եղավ արևելքից եկած թյուրքական ցեղերի կողմից:
Հայոց պետականությունը ծնվեց միայն XX դարում` ցեղասպան եղած, սոված ու թշվառ ժողովրդի մի հատված իր մեջ ուժ գտավ կռվելու, հաղթելու, պետություն արարելու: Եվ փոքր հողակտորի վրա արարված պետությունը ծավալվեց, ընդարձակվեց մի քանի անգամ: Թվում էր` հայ ժողովրդի ճակատագիրն այլևս վճռված է, ու անկախ պետականության ընթացքն անդարձ է: Սակայն այս անգամ բոլշևիկ կոչված ներքին ստահակը, որ հայրենիքի զգացում անգամ չուներ, իր պապերի երկիրն առաջնորդեց սև ու սպիտակ թուրքերին` հայրենիքի դարպասները բացելով քեմալական Թուրքիայի ու բոլշևիկյան Ռուսաստանի բանակների առաջ:
Եվ ահա 70-ամյա ամլությունից հետո` 1990 թ. օգոստոսի 23-ին, ի լուր աշխարհի հայտարարվում է Հայաստանի անկախության հռչակագրի մասին:
Ոչ հեռավոր անցյալում հայ քաղաքական միտքը երկփեղկված էր անկախության խնդրում. մտահոգություն կար` պատրա՞ստ ենք մենք դրան, թե ոչ: Որքա՞ն կտևի այս հերթական պետականության շրջանը, երկուսուկես տարի՞: Միգուցե փոքր-ինչ ավելի: Բայց մեր ժողովուրդն արդեն հստակ կողմնորոշվել էր. անկախության հանրաքվեին հայությունը միասնական կարծիք հայտնեց անկախության օգտին: Երբևէ հայն այսքան միասնական ու միակամ չէր եղել… Ու ծնվեց պետությունը: Առաջին անգամ պետություն ու պետականություն վերականգնեցինք ոչ ազատագրական պայքարի արդյունքում: Հայաստանի երրորդ հանրապետությունը ծնվեց արցախյան ազատամարտի արդյունքում: Ծնվեց ու կայացավ: Կայացավ ու ապրեց: Ապրեց ու զարգացավ: Միայն կույր պետք է լինել, այս ժամանակահատվածում մեր նվաճումները չնկատելու համար:
Թերություններ կան: Բայց դրանք ամենուր են: Դրանք մեր մեջ էլ են: Եվ պետությունը, պետականությունը ամենքս ենք, մենք ենք դրա կրողները, մենք ենք մեր պետության տերերը: Իշխանությունը պետություն չէ: Իշխանությունը փոփոխական է, անցողիկ է… Պետությունն ու պետականությունը պետք է հավերժական ու անուրանալի արժեքներ լինեն: Սիրենք ու փայփայենք մեր պետությունը…
Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
