Թբիլիսիի հայկական եկեղեցու վրա վանդալային հերթական հարձակումն է կատարվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 23, 2011 22:37

Թբիլիսիի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցու վրա վանդալային հերթական  հարձակումն է կատարվել, որն ի դեպ, 2 ամիս առաջ վերաօծել էր Գարեգին Բ-ն՝ Վրաստան կատարած հովվապետական այցի ժամանակ։

Օգոստոսի 19-ի երեկոյան, մոտավորապես ժամը 4-ին, Թբիլիսիում` Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի են մտել ազգությամբ վրացի 2 երիտասարդ, ամենայն ահավանականությամբ` հարբած վիճակում, եւ լկտի ու անհարգալից պահվածք դրսեւորել: Հոգեւոր հայրերն այդ ժամանակ բացակայել են: Եկեղեցում են եղել միայն 2 կին աշխատակցուհիները եւ մոմավաճառն ու հավաքարարը, հաղորդում «Երկիր Մեդիան»:

Երիտասարդներից մեկը հատկապես շատ ագրեսիվ է պահել իրեն: Նա մոտեցել է խորանի մոտ դրված Սուրբ Գրքին, սկսել վկոպիտ շարժումներով թերթել այն, ինչի հետեւանքով էջերից մեկը պոկվել է: Չբավարարվելով այս ամենով` նա բազմել է եպիսկոպոսական գահին: Եկեղեցում գտնվող կանայք փորձել են կարգի հրավիրել սանձարձակին, եւ դուրս են արել նրանց: Նրանք պոկել են եկեղեցու դռներին կախված հայտարարությունները եւ ցուցադրաբար այրել դրանք:

Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը տեղեկացրել է, որ իրենք դիմել են ոստիկանության: Հարկ է նշել, որ պատժելի առնվազն 2 արարք կարելի է արձանագրել` հագեւոր տաճարի պղծում եւ հավատքի նկատմամբ վիրավորանք, ինչպես նաեւ՝ խուլիգանություն: Առաջնորդարանը պատրաստվում է դիմել Վրաստանի ներքին գործերի նախարարություն եւ պետական այլ կառույցների, ինչպես նաեւ բողոքի նոտա փոխանցել Վրաց ուղղափառ եկեղեցուն:

Վազգեն եպիսկոպոսի համոզմամբ` վրաց երիտասարդների այս արարքը հետեւանք է հուլիսի 5-ին Վրաստանի օրենսդրության մեջ կատարված փոփոխության, ինչը նախատեսում է իրավական կարգավիճակ տալ երկրի կրոնական փոքրամասնություններին: Դրանից հետո սկիզբ առավ հակահայկական շարժում, որը մինչ օրս չի դադարում:

Վրացական մամուլը եւ հեռուստաալիքները, այսպես ասած, առանձնահատուկ տեղ են հատկացնում հայկական թեմաներով հոդվածներին եւ հաղորդումներին: Վիրահայոց հոգեւոր առաջնորդի խոսքով` սա նաեւ արդյունք է վրաց ուղղափառ եկեղեցու որոշ հոգեւորականների ծայրահեղ եւ ազգայնամոլ քարոզչությանը, որի հետեւանքները վիրահայությունը զգում է նաեւ կենցաղային մակարդակում:

Սուրբ Էջմիածին եկեղեցում կատարվածի կապակցությամբ Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմն առաջիկայում հենդես կգա նաեւ հայտարարությամբ: Մինչ այդ` կատարվածի մասին բանավոր հաղորդվել է Վրաստանի հանրային պաշտպանին: Նշենք, որ մեկ ամիս առաջ էլ Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտակայքում գտնվող հյուրանոցի պատին անհայտ անձինք հայերի հասցեին հայհոյանքներ էին գրել:

 

NEWS.am

 

Դիտվել է 1558 անգամ:
Print Friendly

Leave a Reply