Հայ-թուրքական համաձայնագիրը երկու հայ թուրքագետների մեկնաբանությամբ

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | September 2, 2009 17:08
ruben-melkonyan

Ռուբեն Մելքոնյան. «Երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելն առաջին հերթին ենթադրում է կողմերի տարածքային ամբողջականության ընդունում, իսկ հայ ժողովրդի ինքնության կարևորագույն բաղադրիչներից մեկը պատմական հայկական տարածքների մասին հուշերն են»

Հայ-թուրքական հարաբերությունների մասին հաստատված համաձայնագիրն ընդամենը միջպետական փաստաթուղթ է և պետք չի այն դիտարկել որպես պրոհայկական. այս կարծիքն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Թուրքագետի կարծիքով` համաձայնագրի ստորագրումն արդյունք է ֆուտբոլային քաղաքականությունից սկսված զարգացումների, որն ի վերջո տվեց իր արդյունքը:

Թուրքագետ Հակոբ Չաքրյանի կարծիքով` համաձայնագրի ստորագրումը արդյունք է տարածաշրջանում ռուսական ազդեցության թուլացման: «Իրականում փաստաթղթի ստորագրումը ոչ թե հայկական կամ թուրքական կողմի համաձայնության, այլ միջազգային ուժերի ճնշման արդյունք է, մասնավորապես ԱՄՆ-ի ու ԵՄ-ի»,- ասաց Չաքրյանը:

Չաքրյանն ասում է, որ դեռ վաղ է երկու կողմերի խորհրդարաններում փաստաթղթի վավերացման մասին կանխատեսումներ անելը: «Այս փաստաթղթի ստորագրման առաջնահերթ զարգացումները նախագահ Սարգսյանին Թուրքիա այցելելու հնարավորության ընձեռումն է,- ասում է Չաքրյանը,- իսկ հարաբերությունները դեռ նոր են սկսվելու. խորհրդարանների փոխարեն ոչինչ ասել չեմ կարող»:

Մելքոնյանն ասում է, որ համաձայնագիրը Հայաստանի համար որպես պետություն ոչ մի նվաստացուցիչ կետեր չի պարունակում, սակայն հայ ժողովրդի համար կան որոշակի խնդրահարույց կետեր: «Պետությունները գալիս և գնում են, իսկ ժողովուրդները մնում են ,- ասաց Մելքոնյանը,- Երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելն առաջին հերթին ենթադրում է կողմերի տարածքային ամբողջականության ընդունում, իսկ հայ ժողովրդի ինքնության կարևորագույն բաղադրիչներից մեկը պատմական հայկական տարածքների մասին հուշերն են»:

Ըստ թուրքագետի` հայ հասարակությունը գաղափարազուրկ է ի հակադրություն ազգային հենքով խորապես գաղափարականացված թուրք հասարակության: «Եվ եթե հայ հասարակությունը հրաժարվի իր պատմական անցյալից, արդյունքում երկու հասարակություններում կստացվի ուժերի անհավասարակշիռ հակադրություն»,- ասում է նա:

Փաստաթղթի մյուս խնդրահարույց կետն ըստ Մելքոնյանի` համաձայնագրի վավերացման ժամկետի անորոշությունն է: «Դա, մասնավորապես վարչապետ Էրդողանին հնարավորություն է տալիս ձգձգել դրա ներկայացումը Ազգային մեջլիսին,- ասում է թուրքագետը,- մինչև որ չհասնեն, օրինակ Ղարաբաղի հարցում ոչ հայանպաստ լուծման»։

Մելքոնյանն ասում , որ չպետք է մոռանալ, որ Թուրքիան կարողացել է վիժեցնել այնպիսի հզոր պայմանագիր, ինչպիսին Սևրինն է և թուրքական կողմից սպասելի է հետնահանջ քայլեր. «Իսկ Թուրքիան վարում է ազգային շահերը չոտնահարող քաղաքականություն, և եթե հարկ լինի, նա միշտ էլ կարող է գտնել այնպիսի փաստարկներ, որոնց արդյունքում միջազգային հանրությունում արդարացում կգտնի»:

Կհաստատվի արդյո՞ք երկու կողմերի խորհրդարաններում փաստաթուղթը. Մելքոնյանի կարծիքով` Թուրքիայում ամեն ինչ կախված է իշխող կուսակցության քաղաքական որոշումից:

«Թուրքիան ապրում է մի ժամանակաշրջան, երբ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի խուսափում բարձրաձայնել խնդրահարույց հարցեր, որոնցից են մասնավորապես քրդական և հայկական հարցերը,- ասում է թուրքագետը,- Իսկ թուրք խորհրդարանում ներկայացված ընդիմադիր քեմալիստական ու ազգայնամոլական կուսակցությունները 40 տոկոս են կազմում»:

Ինչ վերաբերում է համաձայնագրի ստորագրումից հետո Թուրքիայի ԱԳ նախարարի այն հայտարարությանը, թե սահմանները չի բացվի, մինչ Ղարաբաղի հարցը չլուծվի, Մելքոնյանն ասում է, որ համաձայնագիրը կոնկրետ ստորագրված փաստաթուղթ է, և անգամ նախագահի արած հայտարարությունը ոչինչ նշանակել չի կարող: «Բացի դրանից կարծեմ այդ հայտարարությունը տարածել են միջնորդավորված լրատվամիջոցները,- ասում է Մելքոնյանը,- այսինք աղբյուրները ադրբեջանական են, իսկ կոնկրետ որևէ թուրքական լրատվամիջոց այդպիսի հայտարարություն չի տարածել»:

Դիտվել է 2570 անգամ:
Print Friendly

Leave a Reply