Թուրքիայի խորհրդարանն անվավեր է ճանաչել հայ-թուրքական արձանագրությունները
Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | ankakh | August 23, 2011 8:57
Թուրքիայի խորհրդարանը ի թիվս այլ օրինագծերի անվավեր է ճանաչել նաեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների ամրապնդման մասին արձանագրությունները, որոնք ստորագրվել էին 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ահմեդ Դավութօղլուի միջեւ: Այդ մասին հաղորդում է թուրքական MerhabaHaberi-ն:
«Անադոլու» գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի խորհրդարանի ներքին կանոնադրության համաձայն, տվյալ օրենսդրական շրջանում վերջնական լուծում չգտած օրինագծերը համարվում են անվավեր: Այդպիսով, փաստաթղթերը հանվել են Թուրքիայի օրենսդիր մարմնի օրակարգից: Սակայն, օրենքում կա մի կետ, ըստ որի` կառավարությունը կամ պատգամավորները օրինագիծը կարող են վերականգնել: Օրենսդրական շրջանը 4 տարի է: Այժմ ավարտվել է 23-րդ օրենսդրական շրջանը:
Նշենք, որ ԱԳՆ ղեկավարների կողմից ստորագրվելուց հետո արձանագրությունները ներկայացվել էին խորհրդարաններին` վավերացման համար: 2010թ. ապրիլի 22-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր վավերացման գործընթացի դադարեցման մասին` նշելով, որ թուրքական կողմը պատրաստ չէ շարունակել երկխոսությունը Երեւանի հետ առանց նախապայմանների, ինչպես նախատեսված է արձանագրություններով: Միեւնույն ժամանակ Հայաստանը պահպանել էր ստորագրությունը արձանագրությունների տակ:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
