Մեծահասակների կրթության փառատոն Տավուշի մարզում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 23, 2011 8:19
Շուտով Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Մեծահասակների կրթության փառատոն-Տավուշ-2011» միջոցառումը: Այն տեղի կունենա սեպտեմբերի 6-ից 10-ը ընկած ժամանակահատվածում` նպատակ ունենալով նպաստել հասարակության մեջ ցկյանս ուսումնառության, առանձնապես` մեծահասակների կրթության մասին տեղեկատվության լայն տարածմանը:
Ինչպես “Անկախ”-ին տեղեկացրեց ՄԿԻԿ տնօրեն Վահան Սարիբեկյանը, փառատոնի ընթացքում տեղի կունենան համայնքի զարգացմանն ու կրթական հարցերին վերաբերող աշխատաժողովներ, թեմատիկ քննարկումներ, ցուցադրական դասընթացներ, կինոնկարի ցուցադրում և այլ նմանատիպ հանդիպումներ: Ի դեպ, այդ բոլոր հանդիպումների մուտքն ազատ է և դրանք կանցկացվեն ոչ միայն մարզկենտրոն Իջևանում, այլև Տավուշի մնացած երեք քաղաքներում նույնպես: Փառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ին, Մեծահասակների կրթության Իջևանի կենտրոնում: Այդ օրը հավաքվածները ներկա կգտնվեն նաև Մեծահասակների կրթության կենտրոնի բացման պաշտոնական արարողությանը:
Սեպտեմբերի 7-10-ը միջոցառումներ կանցկացվեն Մեծահասակների կրթության Իջևանի կենտրոնում և Բերդ, Նոյեմբերյան, Դիլիջան քաղաքներում, իսկ սեպտեմբերի 10-ին միջոցառումները կավարտվեն ՄԿԻԿ-ում:
Մեծահասակների կրթության փառատոնը տեղի է ունենում Եվրամիության կողմից ֆինանսավորվող «ՊՐՈԱԿՏԻՎ» պիլոտային ծրագրի շրջանակներում:
Փառատոնի կազմակերպիչներն են Դվվ ինթերնեյշնլը – Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտը, ինչպես նաև «Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում» ՀԿ-ն և Տավուշի մարզի Առևտրաարդյունաբերական պալատը:
Քրիստինա Տեր-Մաթևոսյան






Facebook
Tweet This
Email This Post
