Կիրանցում անտառահատումներ չկան, բայց հակառակն ապացուցող լուսանկարներ կան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 22, 2011 18:17

Ընդամենը օրեր առաջ “Չենք լռելու” քաղաքացիական նախաձեռնությունը աղմուկ էր բարձրացրել այն մասին, թե Տավուշի մարզի Կիրանցի վանքի մոտակա տարածքում` անտառում, կատարվել է ապօրինի ծառահատում: Դրա հետ միասին կար նաև լուսանկար, որում պատկերված էին անտառից դուրս եկող առանց պետհամարանիշների մեքենաներ` փայտով բեռնված: Սակայն այսօր մենք ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության Տավուշի տարածքային բաժնից տեղեկացանք, թե Տավուշի մարզի Կիրանցի վանքի հարակից անտառում ապօրինի ծառահատումներ չեն հայտնաբերվել: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը արձագանքել էր հայտարարությանը` հրահանգելով  համապատասխան տեսչական խումբ կազմել եւ կատարել մանրազննին ուսումնասիրություններ: Սակայն այնքան էլ հավանական չէ, որ այդ ուսումնասիրությունները ճշգրիտ են կատարվել, այլ կերպ ասած` կասկածելի են թվում այդ թվացյալ հաշվարկները` նկատի ունենալով նաև այն հանգմանքը, որ Կիրանցը Տավուշի մարզի անտառային բիզնեսի «կենտրոնն» է համարվում: Միաժամանակ բնապահապանական տեսչության Տավուշի տարածքային բաժնից մեզ հավաստիացրին, որ տեսչական կազմը հետեւողական կլինի, եւ ցանկացած արձագանքի դեպքում պատրաստ է կատարել համապատասխան ուսումնասիրություն` իրազեկված պահելով այդ մասին բնակչությանը: Ինչ մնում է մեզ, մենք էլ հետևողական կլինենք, որպեսզի պարզենք, թե իրականում ծառահատումներ եղել են, թե՞ ոչ: Եվ կամ այդ լուսանկարում ի՞նչ մեքենաներ են և ի՞նչ էին դուրս բերում Կիրանցի անտառից:

Քրիստինա Տեր-Մաթևոսյան

Դիտվել է 1136 անգամ:
Print Friendly

Leave a Reply