2011թ իրավապահ մարմինների 4 աշխատակիցներ դիմել են ինքնասպանության. Նոր մանրամասներ 25-ամյա ոստիկանի ինքնասպանության գործից
ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | ankakh | August 21, 2011 22:06
2011թ Հայաստանում տեղի է ունեցել իրավապահ մարմինների աշխատակիցների ինքնասպանության 4 դեպք, մինչդեռ 2010թ որեւէ ոստիկան ինքնասպան չի եղել: Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան` հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:
Այժմ ՀՔԾ-ում քննվում են ոստիկանների ինքնասպանության երկու գործեր: Առաջինը վերաբերում է օգոստոսի 15-ին իր տան տանիքում կախվելու միջոցով ինքնասպան եղած Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի բնակիչ, ոստիկանության աշխատակից 25-ամյա Դավիթ Ավետիսյանին: Այս գործի վերաբերյալ ՀՔԾ-ն` NEWS.am-ի հարցմանն ի պատասխան, հայտնել է մի շարք մանրամասներ: Այսպես` ՀՔԾ-ից հայտնեցին, որ 2011թ. օգոստոսի 15-ին` ժամը 22:30-ից մինչև 23-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում գտնվող իր տան ձեղնահարկում հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկան Դավիթ Հարությունի Ավետիսյանի դիակը` պարանով կախված վիճակում: ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզի Ապարանի քննչական խմբի կողմից նախապատրաստված նյութերով 2011թ. օգոստոսի 16-ին ՀՀ քր. օրի 110-րդ հոդվածի 1-ին մասով` չպարզված անձի կողմից ու չպարզված հանգամանքներում Դավիթ Ավետիսյանին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործը և ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ըստ ենթակայության ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն` նախաքննությունը շարունակելու համար: Դ.Ավետիսյանը ՀՀ ոստիկանության համակարգում է 2007 թվականից, ամուսնացած չէ: Իսկ թե ինչն է դրդել ոստիկանության աշխատակցին դիմել ինքնասպանության, ՀՔԾ-ից չհայտնեցին` նշելով, որ գործը նախաքննության փուլում է եւ նախաքննական գաղտնիք չեն կարող հայտնել:
Քննվող երկրորդ գործը վերաբերում է «Եռաբլուր» պանթեոնում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ 25-ամյա Կորյուն Արզումանյանին, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպան է եղել իրեն ամրակցված Մակարով տեսակի ատրճանակից: Օպերլիազորը մահացել է ծնոտին արձակված մեկ կրակոցով: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օպերլիազորը 1,5 ամիս առաջ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքից տեղափոխվել էր ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն: Դիակի մոտ ոստիկանները հայտնաբերել են ձեռագրով գրված մի նամակ, իսկ ձեռագրի հետեւում համակարգչով հավաքված տեքստ, որտեղ, մասնավորապես, գրված է, որ «Ես ներողություն եմ խնդրում բոլորից…»:
Երրորդ դեպքը Բուսաբանական այգում հայտնաբերված, ոստիկանության 41-ամյա ավագ սերժանտ Տոնիկ Հարությունյանի ինքնասպանությունն է: Հարությունյանն աշխատում էր ոստիկանության շնաբուծարանում: ՀՔԾ-ից հայտնեցին, որ այս գործը դեռ չի ուղարկվել ՀՔԾ: Ըստ նախնական վարկածի` նա մեծ քանակությամբ դեղահաբեր ընդունելով՝ ինքնասպանություն էր գործել:
Այս տարի գրանցված չորրորդ դեպքը օգոստոսի 16-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազության դատախազ Արամ Գրիգորյանի ինքնասպանությունն էր: Դատախազի դիակը հայտնաբերվել է Վանաձորի քաղաքային գերեզմանատանը, նրա մոր գերեզմանի մոտ։ Ինքնասպանությունը կատարվել է Գրիգորյանին ամրակցված «Մակարով» տեսակի հաշվեցուցակային ատրճանակից: Վերջինս 37 տարեկան էր, 3 երեխաների հայր: Գրիգորյանը Կենտրոնի դատախազությունում աշխատում էր ընդամենը մեկ ամիս: Մինչ այդ` նա զինվորական դատախազ է եղել Լոռու մարզում:






Facebook
Tweet This
Email This Post
