Սերժ Սարգսյան. Որքան շուտ ճանաչեն Ղարաբաղը, այնքան լավ բոլորի, այդ թվում` Ադրբեջանի համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 21, 2011 4:12

Որքան շուտ ճանաչվի Լեռնային Ղարաբաղը, այնքան լավ բոլորի, այդ թվում` Ադրբեջանի համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով «Միասին» երիտասարդական շարժման» անդամների առջեւ, Սեւանա լճի ափին:

Ըստ նախագահի, ղարաբաղյան հարցի կարգավորման գլխավոր նպատակը խաղաղ ուղիների որոնումն է, ինչպիսի դժվարություններ էլ ծագեն:

«Եթե դա հեշտ լիներ, խնդիրը վաղուց լուծված կլիներ: Խնդիրն այդ շատ բարդ է, քանի որ ցավոտ է թե հայերի, թե ադրբեջանցիների համար: Տասնամյակներով ադրբեջանցիներին ներշնչել են, թե Ղարաբաղն ադրբեջանական է: Եւ Ադրբեջանի առաջնորդները չեն փորձել եւ այժմ էլ չեն փորձում ազնիվ երկխոսություն սկսել ժողովրդի հետ, եւ խոստովանել, որ Ղարաբաղը հայկական հող է»,- ասել է Սարգսյանը:

Հակամարտության կարգավորումը բարդ խնդիր է նաեւ ձեւավորված հանրային մթնոլորտի պատճառով: «Ինչպե՞ս կարելի է խոսել խաղաղ կարգավորման մասին, երբ ամեն օր Ադրբեջանի ղեկավարության շուրթերից հակահայկական հայտարարություններ են հնչում, երբ ատելություն է քարոզվում: Մենք դրան ինչ-որ չափով սովորել ենք, քանի որ դա շարունակվում է ոչ առաջին, ոչ էլ երկրորդ տարին: Ձեր ծնողներն ու ավագ ընկերները կհիշեն 90-ականների սկիզբը, երբ Ադրբեջանի յն ժամանակվա նախագահներ Մութալիբովն ու Էլչիբեյը գրեթե նույն բանն էին ասում, թե ֆինանսապես որքան հզոր է Ադրբեջանը, եւ որքան թույլ է Հայաստանը: Որքան շատ են ադրբեջանցիները, եւ որքան քիչ հայերը: Բայց 20 տարում մենք տեսանք, թե ուր բերեցին այդ հայտարարությունները»,- ասել է Հայաստանի նախագահը եւ նշել, որ Ադրբեջանը միայն մեկ նախագահ է ունեցել, որ «համեմատաբար իրատեսորեն է արտահայտվել»

«Կարեւոր պետական պաշտոններ զբաղեցնող անձինո պետք է առաջինը կանգնեն ժողովրդի առջեւ եւ նշեն խնդրի լուծման ուղին: Նայելով ձեր աչքերի մեջ` ես ասում եմ` մեր նպատակը խնդրի խաղաղ կարգավորումն է: Մեր նպատակն է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չլինի Ադրբեջանի իշխանության տակ: Եւ մենք դրան հասել ենք: Դա կարող է տեսնել յուրաքանչյուրը, ով կայցելի Ղարաբաղ եւ կտեսնի, թե ինչպես է Ղարաբաղի ժողովուրդը կառավարում իր երկիրն ու իր ապագան: Բայց իհարկե պետք է հաշվի առնել իրականությունը, պետականությունը կառուցվում է ոչ միայն ուժով, այլեւ միջազգային ճանաչմամբ: Այն, որ Ղարաբաղը վաղ թե ուշ ճանաչվելու է, ոչ ոք չի կասկածում:  Եւ որքան շուտ ճանաչվի Լեռնային Ղարաբաղը, այնքան լավ բոլորի, այդ թվում` Ադրբեջանի համար»,- ասել է նախագահը:

NEWS.am

Դիտվել է 1191 անգամ:
Print Friendly

Leave a Reply