Մեկնարկել է «Բազե-2011» ամենամյա երիտասարդական հավաքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 20, 2011 22:27

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Ծաղկաձորում մասնակցել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Բազե-2011» ամենամյա համահայկական երիտասարդական հավաքի բացման արարողությանը, որին մասնակցում են 18-ից 30 տարեկան ավելի քան 350 երիտասարդներ Հայաստանից, Արցախից, Ջավախքից, ինչպես նաև սփյուռքից։
Ողջունելով երիտասարդական հավաքի մասնակիցներին` վարչապետ Սարգսյանը նշել է, որ նման հավաքի նպատակը հայրենասիրական դաստիարակության սերմանումն է: «Հավաքն ունի առանձնահատուկ նպատակ. մենք ձեզ հետ միասին շուտով նշելու ենք մեր երիտասարդ պետության 20-ամյակը: Մեր պետությունն էլ ձեզ նման երիտասարդ է’ ապագայի հանդեպ հավատով լցված, եւ դուք եք լինելու մեր պետության ամրապնդման ներուժը: Հավաքն ունի նաեւ համախմբվածության նպատակ’ հրավիրել աշխահասփյուռ հայերին’ մասնակցելու հայրենիքում կազմակերպված նման միջոցառմանը: Այս հավաքը ձեզ ավելի մեծ ուժ ու եռանդ կհաղորդի, եւ դուք մեզ հետ միասին ի վիճակի կլինեք պատվով հաղթահարել մեր պետության առջեւ ծառացած խնդիրները»,- նշել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանը ներկա գտնվեց սեղանի թենիսի եւ «Բրեյն-ռինգ»-ի մրցումներին: Վարչապետին ուղեկցել են ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանը:
Նշենք, որ «Բազե-2011» հավաքի մասնակիցները, համախմբվելով ՀՀ պետական դրոշի գույների ներքո, ուժերը կչափեն մարզական տարբեր խաղերում, ինտելեկտուալ ու մշակութային մրցույթներում, ինչպես նաև հանդիպումներ կունենան ՀՀ պետական, քաղաքական, հասարակական գործիչների հետ։ Ի դեպ, այս տարի սկիզբ դրվեց նոր ավանդույթի. հավաքի մասնակիցների շապիկներին պատկերված էին այն 7 գործիչները (Մեսրոպ Մաշտոց, Միսաք Մեծարենց, Գրիգոր Զոհրապ, Ալեքսանդր Սպենդիարյան, Գարեգին Նժդեհ, Առնո Բաբաջանյան, Մետաքսյա Սիմոնյան), ում հոբելյանական տարին նշվում է 2011 թ.։ «Բազե-2011»-ը կեզրափակվի օգոստոսի 24-ին՝ Ազատության հրապարակում կայանալիք գալա համերգով, որի ժամանակ կհանձնվեն «Բազե» համահայկական երիտասարդական փառատոնի հաղթողների մրցանակները։

Դիտվել է 1744 անգամ:
Print Friendly

Leave a Reply