Անտառային հրդեհների ծավալները նվազել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 20, 2011 19:01

Եթե նախորդ տարի Հայաստանում հրդեհների հետեւանքով վնասվել է մոտ 1200 հա անտառ, ապա 2011թ. այդ առումով ավելի բարենպաստ էր, քանի որ որոշ մարզերում հնարավոր է եղել խուսափել նման ծավալի վնասներից` հատկապես Տավուշի մարզում: Այս ամառվա ամիսների մինչև +40-45 ջերմաստիճանի շոգի հասնող դեպքում նման հաջողության հիմնական պատճառը ճշգրտությամբ կատարված քարոզչական աշխատանքն է: Այս կարծիքին է Տավուշի մարզային հրդեհային տեսչության հրդեհների հաշվառման, վերլուծության եւ հակահրդեհային քարոզչության բաժնի պետ Արտակ Մեջինյանը: “Մտավախություն ունենալով և հաշվի առնելով նախորդ տարիների վիճակագրությունը, մենք էլ չէինք սպասում, որ կարող ենք այսքան լավ ցուցանիշներ գրանցել”,-ավելացնում է նա: Նշենք, որ նախորդ բոլոր տարիներին մարզի անտառները տուժել են հրդեհներից:

Տավուշի մարզում այս ամռանը  բարեբախտաբար ընդամենը երկու խոշոր դաշտային հրդեհ է գրանցվել, որից մեկը տեղի է ունեցել հայ-վրացական սահմանի վրա, մյուսը` հայ-ադրբեջանական: Այս հրդեհներից մեկի պատճառով Բագրատաշեն համայնքի դեղձի եւ ծիրանի այգիներից բացի վնասվել է մոտ 300 հա մակերեսով խոտածածկ տարածք: Այս հրդեհները համայնքին հասցրել են  մոտ 500 հազար դրամի վնաս:

Արտակ Մեջինյանի հավաստմամբ, այս տարվա ընթացքում նկատելիորեն նվազել է նաեւ դաշտային հրդեհների թիվը: Սա այն դեպքում, որ գյուղացիները շարունակում են վառել հնձած արտերը` պարզապես չմոռանալով վերահսկել կրակի տարածումը:

Հրդեհային տեսչության ՀՀՎՀՔ բաժնի պետը լրատվամիջոցի միջոցով ցանկացավ նաեւ բնակչությանը կոչ անել, որպեսզի մարդիկ բերքահավաքի, խոտհնձի ժամանակ, մասնավորապես նաեւ հանգստյան գոտիներում, անտառում զերծ մնան խարույկ վառելուց, ինչը կարող է իրենից մեծ վտանգ ներկայացնել բնակչության և կենսատարածքի համար:

Քրիստինա Տեր-Մաթևոսյան

Դիտվել է 949 անգամ:
Print Friendly

Leave a Reply