Մոնիթորինգ Yerevan City սուպերմարկետների ցանցում. այնտեղ ժամկետանց մանկական շիլա է հայտնաբերվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 19, 2011 19:06
Սննդամթերքի անվտանգության տեսչությունը Yerevan City սուպերմարկետներից մեկում ժամկետանց վարսակի շիլա վաճառելու փաստով մի քաղաքացուհու դիմում-բողոքի հիման վրա սուպերմարկետների ցանցում արդեն երկու օր է՝ մոնիտորինգ է իրականացում:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց տեսչության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Հայկ Մինասյանը։Նրա խոսքով, կինը, երեխայի համար վարսակի շիլա գնելուց հետո հայտնաբերել է, որ փաթեթի վրա գրված պիտանելիության ժամկետը կեղծված է եւ հին պիտակի վրա նորն է սոսնձված։
«Քաղաքացուհին՝ Տաթեւիկ Ղարիբյանը դիմել է մեզ եւ նրա գրավոր դիմումի հիման վրա Սննդամթերքի անվտանգության տեսչությունը Yerevan City սուպերմարկետներում երեկվանից մոնիթորինգ է սկսել։ Մոնիթորինգը շարունակվելու է նաեւ այսօր,սակայն վերջնական արդյունքների հրապարակման մասին դեռեւս շուտ է խոսել»,- նշեց Հայկ Մինասյանը՝ միաժամանակ հավելելով, որ սուպերմարկետների ցանցում այս պահի դրությամբ ժամկետանց այլ շիլաներ չեն հայտնաբերվել։
Ժամկետանց ապրանքի իրացումը կասեցվել է։Yerevan City սուպերմարկետների ցանցի լրատվության եւ հասարակայնության հետ կապի բաժնի պետ Դավիթ Մարտիրոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում իր հերթին հերքեց տեղեկությունը, թե Yerevan City-ում ժամկետանց մանկական սնունդ է վաճառվել: «Մեր սուպերմարկետների ցանցում ընդհանրապես ժամկետանց ապրանքատեսականի չի վաճառվում, նման բան բացառվում է»,- հավաստիացրեց նա՝ միաժամանակ նկատելով, որ սուպերմարկետների ցանցում անցկացվող մոնիթորինգը ոչ թե հատուկ ժամկետանց շիլա հայտնաբերու նպատակով է իրականացվում, այլ պարզապես սեզոնային բնույթ է կրում:
Նշենք, որ Hetq.am պարբերականը հանդես էր եկել հրապարակմամբ, ըստ որի, Ազգային ժողովի պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող Yerevan City սուպերմարկետներից մեկում ժամկետանց մանկական սնունդ է վաճառվում: Քաղաքացի Տաթեւիկ Ղարիբյանը գործակալությանը հայտնել էր, որ Երեւանի Ծերեթելի-Բագրատունյաց խաչմերուկի Yerevan City-ից գնել է Preston ֆիրմայի վարսակի շիլա եւ, դրանից վատ հոտ առնելով, տուփի վրա սոսնձնված ժամկետի մասին գրությունը պոկելով, հայտնաբերել էր, որ շիլայի պիտանելիության ժամկետը ավարտվել է դեռ անցած տարի, մինչդեռ նոր` սոսնձված պիտակի վրա նշված է եղել այլ պիտանելիության ժամկետ, որը դեռ ուժի մեջ է եղել:






Facebook
Tweet This
Email This Post
