1 օրինակ գտնված, Հայոց եղեռնի մասին պատմող «Կարմիր գիրքը» վերահրատարակվել է 4000 օրինակով

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 2, 2009 16:34

Վերահրատարակվել է հայտնի հանգուցյալ հրապարակախոս Գրիգոր Չալխուշյանի «Կարմիր գիրքը». այն  լույս էր տեսել 1918 թ.  100 օրինակով: Գրքում եղել են տեղանունների հետ կապված անճշտություններ, տպագրական սխալներ, որոնք այս վերահրատարակված տարբերակում ամբողջովին ուղղված են:

Այդ 100 օրինակից գտնվել է միայն մեկը` այն էլ Դոնի Ռոստովի գրադարանում, որտեղից  գաղտնի դուրս է բերվել և 4 տարի շարունակ մշակվել: Գիրքն ունի 13 գլուխ. վերջինը, որն ավելացրել է վերահրատարակիչը, նվիրված է հայ ազատամարտիկներին:

«Կարմիր գիրքի» վերահրատարակման աշխատանքները ղեկավարել է լրագրող և հրատարակախոս Վրեժ Ոսկանյանը: Գիրքը լույս է տեսել Դոնի Ռոստովում և ներկայացնում է 1915 թ. դեպքերը` Եղեռն, Ադանայի կոտորածները, երիտթուրքերի արյունահեղությունը:

Ոսկանյանն ասում է, որ գիրքը ժամանակակից մարդու համար շատ կարևոր է, հատկապես կարևոր է Դոնի Ռոստովի և մնացած հայերի համար, ովքեր ապրում են Ռուսաստանում:

«Կարմիր գիրք»-ն ամբողջովին փաստագրություն է. Գրիգոր Չալխուշյանը ծպտված գերմանացի լրագրողի դիմակի տակ գնացել  է Թուրքիա և տեղում ծանոթանալով հայերի նկատմամբ հայատյաց քաղաքականությանը`Թուրքիայից և թուրքական հասարակությունից ստացած իր տպավորություններն ամփոփել է «Կամիր գրքում»: Գիրքը վերնագրված է «կարմիր», քանի որ հեղինակը կարծում է, որ 1915 թ.  թափված արյունը երբեք չի ջնջվի հայի հիշողությունից:Գիրքը վերահրատարակվել է Դոնի Ռոստովի «Հայկական մշակութային ժառանգության զարգացման» հիմնադրամի հովանավորությամբ`4000 օրինակով:

Գիրքը կտարածվի ոչ միայն Հայաստանում, այլ Ռուսաստանում:

Դիտվել է 2468 անգամ:
Print Friendly

Leave a Reply