“Փրկարար” այց
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | August 19, 2011 18:32
Այսօր Տավուշի մարզպետարանում կայացավ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի հանդիպումը քաղաքացիների հետ: Նպաստների եւ ավանդների, կենսաթոշակների, աշխատանքի եւ զբաղվածության, հաշմանդամության վերաբերյալ դիմումներով այստեղ էին ներկայացել բազմաթիվ քաղաքացիներ, որոնց ընդունում էին նախարարության համապատասխան վարչությունների ղեկավարները:
Հավաքվածների մեծամասնությանը հետաքրքրում էին նպաստներին եւ ավանդներին վերաբերող հարցերի շուրջ պարզաբանումները: Եվ զարմանալիորեն շատ արագ իրենց ընտանեկան նպաստից զրկելու համար առաջին իսկ դժգոհություն արտահայտողները արժանացան նախարարության աշխատակիցների աջակցությանը: Պարզվեց, որ որոշ բնակիչների կարելի է տրամադրել սոցիալական նպաստ` ելնելով նրանց սոցիալական կարգավիճակից:
Իհարկե այդ որոշումները միանշանակ չէին, և նախարարության աշխատակիցների կայացրած որոշումներից դժգոհ մնացածներ էլ եղան:
Մինչ նախարար Արթուր Գրիգորյանը կվերադառնար Բարեկամավան համայնք կատարած իր այցից, նրան այստեղ “հասունացած” հարցերով սպասում էին այն բնակիչները, որոնք ցանկանում էին անհատական զրույց ունենալ նրա հետ:
Քաղաքացիներից ոմանք ստացան իրենց հուզող հարցերի պատասխանը: Սոցիալական ոլորտի մարզային եւ տարածքային կառույցների աշխատանքների վերաբերյալ դիտարկումներ կատարելով և որոշակի թերացումներ հայտնաբերելով` նախարարության աշխատակիցները եւս մի քանի ընտանիքների համար վերականգնեցին ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը:
Առանց ուշադրության և պետական աջակցության չմնացին նաև հաշմանդամության խնդիրներ ունեցող անձինք եւ նրանց ընտանիքները:
Հանդիպման ընթացքում հնչեցին և այնպիսի հարցեր, որոնց տեղում հնարավոր չէր լիարժեք պատասխան տալ, սակայն նախարարի հավաստմամբ հնարավորինս կարճ ժամանակում կտրվի վերջիններիս գրավոր պատասխանը:
Այսօրվա հանդիպումը բավական բարենպաստ էր քաղաքացիների համար այն առումով, որ ոմանց “ոտնահարված իրավունքները” վերականգնվեցին, և պարզվում է անհրաժեշտ էր ընդամենը ղեկավարության այցելություն, որպեսզի կրկին արդարություն տիրեր: Միայն մեկ բան է զարմացնում, թե ինչու տարածքային գործակալությունները հրաժարվել էին կարիքավորներին օգնելու իրենց առօրեական պարտականությունը կատարելուց: Միգուցե լավ չէին զննել փաստաթղթերը: Եւ կամ մի այսպիսի ժողովրդական խոսք կա, թե կուշտը սովածին մանր է բրդում:
Քրիստինա Տեր-Մաթևոսյան






Facebook
Tweet This
Email This Post
