«Առավոտի» դեմ հարուցված հայցը սահմանափակում է մամուլի արտահայտման ազատությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | August 19, 2011 16:25

Փաստաբան Կարեն Մեժլումյանը Երևան քաղաքի Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին միջնորդություն է ներկայացրել ՀՀ սահմանադրական դատարանին դիմելու և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19 և 1087.1 հոդվածների հակասահմանադրականությունը վիճարկելու հարցով:

Մեժլումյանը ներկայացնում է «Առավոտ» օրաթերթի շահերն ընդդեմ «Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն» ՍՊԸ-ի(այսուհետ ԱԿ), որը դատարանում օրաթերթի դեմ վիճարկում է երկու հայց` կենտրոնի պատվի, արժանապատվության և գործարար համբավը արատավորելու համար:

«Առավոտ» օրաթերթը 13.11.2010թ. տպագրել է «Վճարել է 10 տարվա կյանքի համար, ստացել 7 տարվա» վերտառությամբ հոդված, որում արտահայտված են կենտրոնի ծառայություններից օգտված քաղաքացի Հովհաննես Կաթրջյանի դժգոհությունները:

Քաղաքացու սիրտը երկու տարի առաջ կենտրոնում վիրահատվել ու տեղադրվել է  1 մլն. 870 հազար դրամ արժողությամբ «Biotronic» ֆիրմայի «Philos DR» կոչվող երկխոռոչանի սարքը, որը նախատեսված է սրտի ռիթմը վարելու համար: Հոդվածում Կաթրջյանն ասում է, որ կլինիկայում իրեն վստահեցրել են, թե սարքը կաշխատի 10 տարի, իսկ տվյալ ֆիրմայի պաշտոնական կայքում նշված է, որ այդ մոդելի սարքը կարող է ծառայել մինչև 7 տարի:  «Ստացվում է, որ ինձ 3 տարվա կյանք խաբել են: Ինձ համար 1 օրն էլ նշանակություն ունի, բացի այդ, շատ վիրավորական է, երբ արդեն վիրահատված ես լինում ու պարզվում է, որ ուրիշ սարք են տեղադրել քո մարմնում»,- մեջբերել է թերթը քաղաքացու խոսքերը:

Քաղաքացին լրագրողին է փոխանցել նաև իր պայմանագիրը, որտեղ ոչինչ գրված չէ սարքի աշխատելու ժամկետի մասին, սակայն նշված է.  «Պացիենտը պարտավոր է բուժման լավ արդյունք ստանալու նպատակով ժամանակին ներկայանալ բժշկի կողմից նշանակված հերթական քննություններին ու կատարել բժշկի բոլոր նշանակումներն ու ցուցումները»: Սրան հետևել է լրագրողի մեկնաբանությունը. «Բայց այս դեպքում խոսքը բուժման լավ արդյունքի մասին չէ, հիվանդի վրա, առանց նրան տեղյակ պահելու, վաճառվել ու տեղադրվել է 7 տարվա ծառայության սարք՝ 10 տարվա փոխարեն. այս է խնդիրը»:

Այս առիթով թերթը ներկայացնում է նաև ԱԿ փոխտնօրեն Արա Մկրտչյանի տեսակետը, որը պարզաբանել է, թե սարքը արդյունավետ կարող է աշխատել միայն  այն դեպքում, եթե հիվանդը 6 ամիսը մեկ այցելի, հետազոտվի և միջամտություններ արվեն:  ԱԿ-ից խոստացել են որոշ տեղեկատվություն տրամադրել, որին թերթը պետք է անդրադառնար առաջիկա համարներում:

Քանի որ Կաթրջյանի որդին զինծառայող է, իսկ ինքը` սոցիալապես անապահով է, սարքի 1,9 մլն դրամը փոխանցել է պաշտպանության նախարարությունը, որի հիման վրա լրագրողը եզրակացրել է. «Ստացվում է, որ բժիշկներն այդ առումով ավելի շուտ խաբել են պետությանն ու ՊՆ-ին»:

Այս հոդվածից հետո «Առավոտ» օրաթերթ է ներկայացել Կապանի բնակիչ Կարո Ավանեսյանը, ով նույնպես դժգոհ է մնացել ԱԿ-ի ծառայություններից և ներկայացրել է  «Իսկ ո՞ւր մնաց Հիպոկրատի երդումը»  վերնագրով մի տեքստ, որը ստորագրված է իր անունով: 01.12.2010թ. հրապարակված տեքստում քաղաքացին մանրամասն ներկայացրել է հետվիրահատական շրջանի մասին և եզրակացրել, որ վիրահատությունը որևէ ազդեցություն չի ունեցել իր սրտի աշխատանքը բարելավելու հարցում:

ԱԿ` առանց օրաթերթի հետ համաձայնության գալու որևէ բանավոր փորձի,  երկու հոդվածների համար էլ հայցադիմում է ներկայացրել դատարան` կենտրոնի  պատվի, արժանապատվության և գործարար համբավը արատավորելու համար: Երկու հայցով էլ հայցվորը որպես հատուցում պահանջում է օրենքի սահմանած առավելագույն դրամական փոխհատուցման չափը` 2 մլն դրամ յուրաքանչյուր հայցի համար և 300 հազարական դրամ` փաստաբանական ծառայությունների դիմաց` որպես ողջամիտ ծախս:

Հայցվոր և պատասխանող կողմերի տեսակետները

ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի համաձայն` վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է: Միաժամանակ` հրապարակային արտահայտությունը կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա կամ պայմանավորված է գերակա շահով:

Հայցվորի փաստաբան Մուրադ Ասրյանը նշել է, որ լրագրողի գնահատողական եզրակացությունը կենտրոնի գործունեության վերաբերյալ արատավորում է իր պաշտպանյալի գործարար համբավն ու արժանապատվությունը: Նա գտնում է, որ «Առավոտի» երկու հոդվածներն էլ  չեն արտացոլում իրականությունը և խոսքը գնում է խարդախության մասին, որը դատապարտելի արարք է:

«Առավոտի» փաստաբան Մեժլումյանը երկու հայցադիմումն էլ հիմնավորված չի համարում: «Հոդվածում որևէ մեկի հասցեին վիրավորական արտահայտություն չկա,- ասում է նա,- զրպարտությունը նույնպես բացառվում է, քանի որ նյութը կոնկրետ կառուցված է անձի կողմից հայտնած տեղեկությունների վրա  և պայմանավորված է գերակա հանրային շահով, իսկ երկրորդ հրապարակման մեջ «Առավոտը» որևէ կապ չունի. դա կոնկրետ անձի կողմից իր պատմության մասին գրված նյութ է»:

Ասրյանն ասում է, որԿաթրջյանի պայմանագրում սարքի աշխատանքի ժամկետի վերաբերյալ այդպիսի կետ չկա. «Մենք իրավունք էլ չունենք դա նշելու, քանի որ ֆիրման այդպիսի երաշխիք չի տալիս»:

Փաստաբանի խոսքով` Կաթրջյանին ասել են, որ սարքը կաշխատի ոչ թե  տասը տարի, այլ` մինչև տասը տարի: «Իսկ դա կախված է բազմաթիվ չափանիշներից,- մեկնաբանում է նա,- Կաթրջյանը պատշաճ չի հաճախել կլինիկա, իսկ նրա դժգոհություններն առաջացել են այն բանից հետո, երբ իրեն առաջարկել են պառկել հիվանդանոցում և վճարումներ կատարել այնտեղ մնալու համար»:

ԱԿ հարցում է արել «Biotronic» սարքի պաշտոնական ներկայացուցիչ Տատյանա Զախարչենկոյին: «Նա մեզ պատասխանել է, որ սարքերի հարցում չեն կարող հստակ տարի սահմանել, որովհետև դա կախված է մարդու ֆիզիոլոգիական վիճակից և բժշկի մոտ հաճախումների քանակից»,- ասում է Ասրյանը:

Փաստաբանի կարծիքով միայն հիվանդի դժգոհ լինելը հիմք չէ, որպեսզի նման հոդված գրվի: «Այդպիսի դեպքեր մեր մոտ շատ են և սարքից դժգոհողներ էլի եղել են,- ասում է նա,- խոսքը գնում է գումարների մասին, որոնք մարդկանց համար այնքան էլ մատչելի չեն: Այդ սարքերն արժեն մինչև 5 մլն. դրամ, և մարդիկ, երբ վճարում են` աշխատում են ամեն կերպ հետ վերցնեն իրենց գումարները»:

Երբ «Առավոտի» լրագրողը զանգահարել է ԱԿ` մեկնաբանություն ստանալու, նրա հետ խոսել է հենց Մուրադ Ասրյանը, որը իրավաբանական ծառայութուններ է մատուցում կենտրոնին.  «Ես նրան ասացի, որ հրատապ ոչինչ չկա և առաջարկեցի հաջորդ օրը հանդիպել և տրամադրել փաստաթղթեր, որպեսզի նա լավ ուսումնասիրի դրանք և հետո տեսնի` կարիք կա՞ պատրաստել այդ հրապարակումը, թե` ոչ»:

Փաստաբանի խոսքով` լրագրողի պարտականությունը ոչ թե 100 տոկոս ճշմարտություն ներկայացնելն է, որը` իր կարծիքով, ընթերոցողին չի էլ հետաքրքրում, այլ սենսացիա մատուցելը. «ինչն էլ լրագրողը շատ լավ կատարել է»:

Քաղաքացի Ավանեսյանի ներկայացրած հրապարակումը որպես հիմք «Առավոտի» դեմ հայց հարուցելը պատճառաբանելու համար` Ասրյանը վկայակոչում է դատարանի դիրքորոշումը, որը հայցադիմում է ընդունում է հրապարակային արտահայտության դեպքում, ինչն էլ կոնկրետ դեպքում արվել է «Առավոտում»:

Իսկ օրենքով սահմանված փոխհատուցման առավելագույն չափն էլ հայցվորը որոշել  է այն պատճառաբանությամբ, որ դատարաններն ընդունում են տարածման եղանակի մեծությունը: «Տվյալ դեպքում «Առավոտն» ունի շատ ընթերցողներ, ինչպես նաև թերթը ունի կայքէջ, որտեղ այցելում են բազմաթիվ մարդիկ»,- ասում է Ասրյանը: Ըստ այդմ, հայցվորը` թերթի սփռման մեծությունը դիտարկել է որպես հիմք առավելագույն փոխահատուցում պահանջելու համար, քանի որ այդ դեպքում իր բարի անվանը պատճառված վնասն ավելի մեծ է:

«Առավոտ» օրաթերթը տպագրվում է մոտ 3000 օրինակ տպաքանակով, իսկ կայքէջն ունենում է օրվա կտրվածքով 4500-5000 այցելություն:

Դատական գործընթացների ժամանակ, սակայն, ԱԿ-ը օրաթերթին առաջարկել է իրենց պատրաստած պատասխանը տպել, որը «Առավոտը» չի համաձայնվել: «Որովհետև դա այդ կազմակերպության գովազդն էր,- ասում է Մեժլումյանը,- ու, եթե թերթը դա տպեր, կստացվեր, որ դրանով ինքն իրեն ստորացնում է հանրության առաջ»:

Մեժլումյանը կարծում է, որ նույնիսկ կարիք էլ չկա խնդիրը դիտարկել գերակա հանրային շահի հարթությունում, քանի որ 1087.1 հոդվածում բաց մաս կա:

«Ցանկացած կարծիք, որը ինչ-որ քաղաքացի կարող է հայտնել, մյուսը դա կարող է դիտարկել որպես զրպարտանք և դիմել դատարան,- պատճառաբանում է Մեժլումյանը,- մեր օրենքում գնահատող դատողության մասին որևէ խոսք չկա, կա իրականությանը չհամապատասխանող տեղեկությունը որպես վիրավորանք դիտարկելու մասին կետ»:

Մեժլումյանը օրինակ է բերում ինչ-որ պաշտոնյայի մասին գրված հրապարակումը, որտեղ լրագրողը խոսելով նրա աշխատավարձի չափի մասին, միաժամանակ նշում է, որ նա ունի վիլլա և եզրակացություն է անում, որ պաշտոնյան կաշառակեր է:

«Հիմա ստացվում է, որ այդ կարծիքը հիմնավորելու համար նա պիտի կաշառք վերցնելու պահը արձանագրող նկար ունենա՞, որպեսզի ապացուցի, որ իր կարծիքը իրականությանը համապատասխանում է»,- հարցնում է  Մեժլումյանը:

Մեժլումյանն ասում է, որ մեր դատարանները որոշումներ են կայացնում` հիմնվելով ՄԻԵԴ նախադեպերի վրա: «Բայց մենք կարող ենք  մեր օրենքում լրացնել այդ բացը, որպեսզի սահմանվի կարծիքը արտահայտելու մասին չափանիշները,- ասում է նա,- պետք է լինի ինչ-որ հավասարակշռող կետ, որովհետև ցանկացած կարծիք, որը, դիցուք, հանրային շահ չէ, մարդը կարող է իրեն վիրավորված համարել և դիմել դատարան»:

Հայաստանի իրավական համակարգն ու ՄԻԵԴ նախադեպերը

Թեպետ ՀՀ սահմանադրության 27 հոդվածը հստակ սահմանում է  մարդու ազատ կարծիք արտահայտելու իրավունքը, սակայն  այդ կարծիքը քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով կարող է դիտարկվել որպես այլ անձի պատիվն ու արժանապատվությունը վիրավորող արտահայտություն:

Բացի այդ Հայաստանը 2001թ. հունվարի 25-ին ԵԽ անդամ դառնալով, 2002 թ. ապրիլի 26-ին ստորագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան(ՄԻԵԿ), որի 10-րդ հոդվածով սահմանվում են յուրաքանչյուրի արտահայտման ազատության իրավունքն ու դրա երաշխիքները: Դա ենթադրում է, որ Հայաստանը կոնվենցիան պետք է կիրառի ՄԻԵԴ նախադեպերի լույսի ներքո:

«Վճարել է 10 տարվա կյանքի համար, ստացել 7 տարվա» վերտառությամբ «Առավոտի» հոդվածում տարանջատված են գնահատողական դատողություններն ու փաստական հանգամանքները միմյանցից, ինչը շատ կարևոր է, որովհետև ՄԻԵԿ 10-րդ հոդվածով ամրագրված է, որ արտահայտման ազատության երաշխիքը գործում է այն պայմանով, որ լրագրողը գործում է բարեխղճորեն` տրամադրելով ճշգրիտ և արժանահավատ տեղեկություններ` պահպանելով լրագրողական էթիկայի պահանջները:

Հոդվածը կարելի է դիտարկել 2005թ.  ՄԻԵԴ-ում քննարկված «Գրինբերգն ընդդեմ Ռուսաստանի» հայցադիմումի լույսի տակ, որը կարծիքի կամ գնահատողական դատողությունների պաշտպանության մասին է: Գործն ուսումնասիրելիս ՄԻԵԴ-ը նշել է, որ զրպարտության մասին Ռուսաստանի օրենսդրությունը չի տարբերակում փաստական տվյալը  գնահատողական դատողությունից:

Տվյալ դեպքում լրագրողի մեկնաբանությունը` «Բայց այս դեպքում խոսքը բուժման լավ արդյունքի մասին չէ, հիվանդի վրա, առանց նրան տեղյակ պահելու, վաճառվել ու տեղադրվել է 7 տարվա ծառայության սարք՝ 10 տարվա փոխարեն. այս է խնդիրը», գնահատողական դատողություն է, որը հենված է քաղաքացու ուղիղ խոսքի վրա և հնարավոր չէ ապացուցել:

ՄԻԵԴ-ի կարծիքով` Գրինբերգի գործում, ներպետական դատարանները չեն իրականացրել որևէ վերլուծություն գտնելու, որ խնդրո առարկա հայտարարությունը հանդիսացել է գնահատողական դատողություն, որը ենթակա չէր ապացուցման: Եվրոպական դատարանը գտել է, որ դիմումատուի արտահայտությունները գնահատողական դատողություններ են: Ըստ այդմ, ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ խախտվել է ՄԻԵԿ-ի 10-րդ հոդվածով ամրագրված արտահայտման ազատության իրավունքը և գտել է, որ հոդվածն առնչվել է հանրային շահին, իսկ դիմումատուն իր տեսակետն արտահայտելիս զերծ է մնացել վիրավորական տոնից:

Առավոտի լրագրողի մեկնաբանությունները չեն պարունակում որևէ վիրավորական արտահայտություն կենտրոնի հասցեին:

Արտահայտվելու ազատությունը, որը երաշխավորված է ՄԻԵԿ 10-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ, ժողովրդավարական հասարակության առանցքային հիմնասյուներից է և նրա առաջընթացի, ինչպես նաև յուրաքանչյուր անհատի ինքնադրսևորման   հիմնական պայմաններից մեկը: Պայմանով, որ այն համապատասխանում է 2-րդ պարբերության սահմանափակումներին, ազատությունը կիրառելի է ոչ միայն այնպիսի տեղեկությունների նկատմամբ, որոնք համարվում են անվնաս, այլև այնպիսիների, որոնք վրդովեցուցիչ, ցնցող կամ անհանգստացնող են:

Այս սկզբունքը կիրառվել է ՄԻԵԴ տարբեր հայցերում ` «Հենդիսայդն ընդդեմ Միացյալ Թագավորության», «Լինգենսն ընդդեմ Ավստրիայի» և վերաբերելի են քննարկվող նյութին,  որովհետև  օրաթերթի լրագրողը` հրապարակումը պատրաստելիս, կիրառել է լրագրողական անկողմնակալ հոդված պատրաստելու համար պարտադիր համարվող սկզբունքները: Հոդվածում տեղ են գտել երկու կողմերի տեսակետները, իսկ հայցվոր կողմին վերաբերվող բոլոր գնահատականները հիմնավորված են քաղաքացու ուղիղ խոսքից մեջբերված հղումների վրա:

Եվ, որքան էլ, որ լրագրողի կատարած դատողությունը`«Ստացվում է, որ բժիշկներն այդ առումով ավելի շուտ խաբել են պետությանն ու ՊՆ-ին» դատողությունը վրդովվեցրել է ԱԿ-ին, այդուհանդերձ այն հիմնված է ուրիշի` տվյալ դեպքում Կաթրջյանի, արած արտահայտության վրա: Այս սկզբունքը կիրառված է նաև «Ռոմանենկոն ընդդեմ Ռուսաստանի գործում», որտեղ ՄԻԵԴ-ը հստակորեն ընդգծել է այն դիրքորոշումը, որ պետք է  տարանջատել լրագրողի կողմից արված արտահայտությունը այն դատողությունից, որն արվում է ուրիշի կողմից արված արտահայտության վրա:

Եվ քանի որ ուրիշների արտահայտությունները տարածելուն օժանդակելու համար լրագրողներին պատժելը լրջորեն կվնասի հանրային շահին վերաբերող հարցերի քննարկմանը մամուլի ունեցած նպաստին, այն չպետք է կիրառվի` քանի դեռ դրա համար չկան առանձնահատուկ պատճառներ: Իսկ այս դեպքում որևէ առնաձնահատուկ պատճառներ չկան.  ԱԿ-ը Հայաստանում ամենահայտնին է,  որտեղ տեղադրվում է սրտի ռիթմը կարգավորող սարք, և հանրությունը հետաքրքրված է կենտրոնի գործունեության մասին տեղեկատվությամբ:

«Դա է բազմակարծության, հանդուրժողականության և լայնախոհության թելադրանքը, առանց որի չկա ժողովրդավարական հասարակություն»` «Լինգենսն ընդդեմ Ավստրիայի»: Այս սկզբունքները առավել են կարևորվում, երբ խոսքը գնում է տպագիր մամուլի մասին: Եվ, եթե տպագիր մամուլը չպետք է  գերազանցի այն սահմանները, որոնք նախատեսված  են այլոց հեղինակության պաշտպանության համար, այն, այնուամենայնիվ, պարտավոր է տեղեկություններ և գաղափարներ տարածել քաղաքական հացերի, ինչպես նաև հանրային շահին վերաբերող այլ հարցերի շուրջ, ինչն էլ արել է «Առավոտի» լրագրողը:

Մյուս գործով ԱԿ ներկայացրած հայցը քաղաքացու ներկայացրած տեքստը հրապարակելու համար նույնպես խախտում է ՄԻԵԿ 10-րդ հոդվածում ամրագրված ազատության արտահայտման երաշխիքները, որովհետև հարցազրույցների վրա հիմնված տեղեկատվությունը` անկախ նրանից, խմբագրված են, թե` ոչ,  հանդիսանում են ամենակարևոր միջոցները, որոնցով մամուլը կարող է իրականացնել հանրային շահը ներկայացնող մարմնի գործառույթը: Այս սկզբունքը կիրառված է «Ջերշիլդն ընդդեմ Դանիայի» հայցում, երբ դիմումատուն` հարցազրույց վերցնելով ծայրահեղ ռասսիստական կազմակերպության անդամներից, հեռարձակել է դրանք`առանց որևէ մեկնաբանությունների, ընդ որում թողնելով միայն առավել ծայրահեղական հայտարարությունները:

ՄԻԵԴԸ-ը եզրակացրել է, որ հարցազրույցի ընթացքում ուրիշի կողմից արված հայտարարությունների տարածմանն աջակցող լրագրողին պատժելը լրջորեն կխոչնդոտի ` հանրային շահին առնչվող հարցերի քննարկմանը մամուլի ունեցած նպաստին և նման պատիժ չպետք է նախատեսվի, եթե չկան դրա համար առանձնապես հիմնավոր պատճառներ: Այս սկզբունքը կիրառված է նաև «Օբզերվերի ու Գարդիանի» գործի վճռով:

Տվյալ դեպքում որևէ հիմնավոր պատճառ չկա, քանի որ քաղաքացու տեքստը որևէ վիրավորական արտահայտություն չի պարունակում ԱԿ հասցեին, թեպետ 10-րդ հոդվածով նախատեսված արտահայտման ազատությունը թույլատրում է նաև վրդովվեցուցիչ տեղեկությունների հրապարակում` պայմանով, որ այն համապատասխանում է 2-րդ պարբերության սահմանափակումներին:

Ասվածի ապացույցն է ՄԻԵԴ-ում քննարկված մեկ այլ` «Պրագերն ու Օբրշլիքն ընդդեմ Ավստրիայի» հայցը, որտեղ լրագրողական միջամտության անհրաժեշտությունը որոշելիս եվրոպական դատարանն ընդգծել է մամուլի դերի առաջնային կարևորությունը, ինչը ենթադրում է այնպիսի տեղեկությունների և գաղափարների տարածում, որոնք կարող են լինել ցնցող և վրդովեցուցիչ, իսկ լրագրողական ազատությունը ենթադրում է նաև չափազանցության և սադրանքի որոշակի աստիճան:

Երկու գործերի առնչությամբ էլ դեռևս վճիռ չկա, ինչպես նաև դեռ պատասխան չի տրվել Մեժլումյանի միջնորդությանը սահմանդրական դատարան դիմելու կապակցությամբ:

Պատասխանող կողմը դատարան է ներկայացրել  քաղաքացիներ Կաթրջյանին և  Ավանեսյանին որպես վկաներ  ներգրավելու միջնորդություն, իսկ Կաթրջյանը որպես քաղաքացի ինքը հայց է հարուցել կենտրոնի դեմ:

Հատուկ «Իրավունքի Եվրոպա» հկ համար

Դիտվել է 1639 անգամ:
Print Friendly

Leave a Reply