Սահմանվում են վնասի հատուցման նոր սակագներ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | August 18, 2011 14:34

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է կարգավորել ՀՀ կենդանիների և բույսերի կարմիր գրքերում գրանցված և այլ տեսակների ոչնչացման (վնասման) հետևանքով պատճառված վնասի հատուցման հաշվարկման և գանձման իրավահարաբերությունները։
Կառավարության հավանությունն է ստացել «Հարկերի մասին» և ևս երեք ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը։
Գործադիրը հավանություն է տվել «Երկաթուղային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում և «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին, որի նպատակն է պատասխանատվության միջոցներ նախատեսել երկաթուղու օտարման շերտի և պաշտպանական գոտու օգտագործման կարգը խախտող անձանց համար։
Կառավարությունը քննության է առել «Բազմազավակ ընտանիքների աջակցության մասին» և ևս վեց ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ։ Կառավարությունը դեմ է արտահայտվել օրինագծերի փաթեթին և հանգամանորեն հիմնավորել իր բացասական եզրակացությունը։
Գործադիրը քննարկել է «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալաքյանը։ Առաջարկվում է կազմակերպել գյուղատնտեսական արտադրանքի առքուվաճառք, ինչը ենթադրում է դրանց բացօթյա վաճառք և ինչը ՀՀ կառավարությունը համարում է անընդունելի։
Վերը նշված օրինագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։


Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունը ընդունել է 2011 թ. օգոստոսի 7-ին Արագածոտնի մարզի Նոր Արթիկի համայնքի ավագանու անդամների, օգոստոսի 25-ին Լոռու մարզի Եղեգնուտի համայնքի ղեկավարի, Չկալովի համայնքի ավագանու անդամների, Շիրակի մարզի Մարալիկի համայնքի ղեկավարի, սեպտեմբերի 11-ին Վայոց ձորի մարզի Գողթանիկի համայնքի ղեկավարի, սեպտեմբերի 4-ին Տավուշի մարզի Խաշթառակի համայնքի ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու որոշումներ։
Կառավարությունն այլ կատեգորիա է փոխադրել Արարատի մարզի Ռանչպարի գյուղական համայնքի հողերի մի մասը` ավազի արդյունահանման համար։
Գործադիրը որոշել է երեք տարի գործողության ժամկետով հոգեմետ նյութերի ներմուծման, արտահաման և մեծածախ առևտրի գործունեության արտոնագիր տալ Աբովյանի «Արփիմեդ» և Երևանի «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ներին։
Կառավարության որոշմամբ Համահայկական 5-րդ խաղերում ընդգրկված ֆուտզալի Կիև քաղաքի հավաքականի անդամ Արմեն Առաքելյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել մինչև 2011թ. աշնանային զորակոչը։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:

 

Դիտվել է 982 անգամ:
Print Friendly

Leave a Reply