Կարևորվել է ՀՀ կառավարություն-Համաշխարհային բանկ համագործակցությունը

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | August 18, 2011 14:29

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Բացելով նիստը, ՀՀ վարչապետը կառավարության անդամներին տեղեկացրել է, որ ՀԲ տարածաշրջանային տնօրենից նամակ է ստացել, որը նվիրված է բանկի և մեր երկրի համագործակցությանը և այն ֆինանսական հնարավորություններին, որ Հայաստանն ունենալու է 2011-2014 թթ. (Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը կայքում տեղադրվել է առանձին)։
Կառավարությունն ի գիտություն է ընդունել իր 2011 թ. հունվարի 13-ի «ՀՀ կառավարության 2011 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» որոշման 01.01.2011-30.06.2011 թթ. ժամանակահատվածի հանձնարարականների կատարման տեղեկանքի վերաբերյալ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի զեկուցումը։ Կատարման ենթակա 60 հանձնարարականներից երկուսի կատարման ժամկետը տեղափոխվել է 2011 թ. երրորդ եռամսյակ։ Ցանկում մնացած և կատարման ենթակա 58 կետերից 2011 թ. օգոստոսի 2-ի դրությամբ կատարվել է 55-ը կամ 94,8 տոկոսը։
Արվում է գործարար միջավայրի բարելավման հերթական քայլը

ՀՀ կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել գյուղատնտեսական և արդյունագործական, սոցիալական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման արտոնագիր տալու և պայմանագիր կնքելու կարգերի համապատասխան կետերը, որոնք վերաբերում են իրավաբանական և ֆիզիկական անձանց կանոնադրության և/կամ պետական գրանցման վկայականի պատճենի ներկայացման պահանջին։ Որոշման ընդունումը բխում է գործարար միջավայրի բարելավման ծրագրից։
Հաշվի առնելով 2010 թ. ֆինանսական գործունեության արդյունքում ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռում առաջացած վնասը, գործադիրը ՀՀ օրենսդրության համաձայն որոշել է ԿԲ-ին տրամադրված 55 մլրդ 644 մլն 10 հազար 355 ՀՀ դրամի չափով անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակը փոխարինել 77 մլրդ 512 մլն 700 հազար 355 ՀՀ դրամ անվանական արժեքով անտոկոս ցպահանջ հասարակ մուրհակով` պայմանով, որ ԿԲ-ն ՀՀ ֆինանսների նախարարության թողարկած մուրհակի տրամադրման օրը նախարարություն վերադարձնի նախորդ մուրհակը։
Քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվող քաղծառայողների վարձատրությունն ապահովելու նպատակով կառավարության որոշմամբ ՀՀ քաղծառայության խորհրդին ս.թ. ինն ամսում հատկացվել է 41 մլն 553 հազար 400 դրամ։
Լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունը ՀՀ առողջապահության նախարարության «Ս.Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի հետբուհական և շարունակական կրթության բաղադրիչն իր ամբողջ կառուցվածքով տեղափոխել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ։ Դրա շնորհիվ համալսարանի նոր կառուցվածքը հնարավորություն կտա արագացնել միջազգային հավատարմագրումը, պատրաստել միջազգային չափորոշիչներին համապատասխան բժիշկ մասնագետներ։
Կառավարությունն ընդունել է «Առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու թույլտվության մասին» որոշումը, որը թելադրված է Երևան քաղաքում 2011-2014 թթ. ներդրումային ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությամբ։ Նախատեսվում է կառուցել միջազգային դասի (չորս աստղանիից ոչ պակաս) հյուրանոցային համալիր, որը ներառելու է ընդունելության և խորհրդակցության սրահ, մարզադահլիճ, խաղասրահ, ռեստորան, սրճարան։ Համալիրը կառուցվելու է Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածքում եղած պատմական կառույցների, շենքերի և շինությունների քաղաքաշինական, ծավալահատակագծային և ճարտարապետագունային լուծումների հաշվառմամբ, ինչը կապահովի միկրոշրջանի ամբողջականությունը։
Կուսումնասիրվի աղտոտված հողերի վիճակը

ՀՀ կառավարությունը հաստատել է`
– ՀՀ տարածքում տեխնածին աղտոտված հողերի մոնիթորինգի իրականացման մեթոդաբանությունը, որի հիման վրա կստեղծվի հողերի նմուշարկման դիտացանց, ինչպես նաև իր մեկ այլ որոշման մեջ կատարել լրացումներ, որոնք իրավական հիմք կապահովեն վերը նշված մոնիթորինգն իրականացնելիս,
– վտանգավոր տարածքներից բնակչության տարհանման կարգը` այդ միջոցառման մեթոդական ղեկավարումը և վերահսկողության իրականացումը վերապահելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը,
– մաքսային մարմինների կողմից սննդամթերքի անվտանգության պետական կառավարման լիազոր մարմնին Հայաստանի Հանրապետություն սննդամթերքի, դրա հետ շփվող նյութերի և սննդային հավելումների ներմուծման վերաբերյալ տեղեկության տրամադրման կարգը, որի շնորհիվ կբարելավվի այդ գործընթացի պետական վերահսկողությունը,
– սնանկության գործով կառավարչի որակավորման կարգը,
– «ՀՀ մանկապատանեկան մարզադպրոցների, մարզաձևերի ազգային ֆեդերացիաների և այլ մարզական հասարակական կազմակերպությունների գույքի ապահովում» ծրագրով 2011 թ. ձեռք բերվող մարզագույքի ցուցակը,
– խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ իրականացնող կազմակերպություններին գործունեության վայրի նկատմամբ ներկայացվող պահանջները և չափանիշները,
– բաց ընթացակարգով «Մ-3-Մուլքի-Վարդենիս-Չքնաղ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքի ձեռքբերում» գնման արդյունքը` 763 մլն 872 հազար 36 դրամ պայմանագրային արժեքով ընտրված մասնակից ճանաչելով «Շինֆորում» ՍՊԸ-ն։
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև կնքված թմրադեղերի հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-համաձայնագրում 13-րդ փոփոխությունը կատարելու արձանագրությունը ստորագրելու առաջարկությանը, որով 2 մլն 314 հազար 611 ԱՄՆ դոլար կտրամադրվի իրավական և իրավապահ ոլորտում նոր և գործող ծրագրերի իրականացման համար։

Դիտվել է 1695 անգամ:
Print Friendly

Leave a Reply