Վայքի զորամասի հրամանատարը խոստովանել է, որ ծեծել է երեկ մահացած զինծառայող Արամ Մկրտչյանին

Օրվա լուր | | September 2, 2009 14:48

Քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրությամբ հաստատեց, որ  Վայքի զորամասի զինծառայող Արամ Մկրտչյանը մահացել է վաշտի հրամանատարի ծեծից:

Զինծառայող Մկրտչյանին օգոստոսի 28-ին ծեծել էր Վայքի զորամասի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար, կապիտան Անդոկ Գալստյանը: Նույն օրը զինծառայողին տեղափոխել էին հոսպիտալ ու վիրահատելուց հետո` վերակենդանացման բաժանմունք: Սեպտեմբերի 1-ի առավոտյան` ժամը 08.05-ին, Արամ Մկրտչյանը մահացել է:

ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության 8-րդ կայազորային քննչական բաժնում օգոստոսի 28-ին ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 2-րդ մասով /պաշտոնական դիրքի չարաշահում և իշխանազանցություն/ քրեական գործ է հարուցվել Անդոկ Գալստյանի նկատմամբ: Հաջորդ օրը կապիտան Գալստյանը ձերբակալվել է:

2009թ. սեպտեմբերի 1-ին 8-րդ կայազորային քննչական բաժնում գործը վարող քննիչի միջնորդությամբ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է ընդունել Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը:

Գալստյանը` որպես մեղադրյալ, հարցաքննության ընթացքում ինքնախոստովանական մանրամասն ցուցմունք է տվել առաջադրված մեղադրանքի վերաբերյալ և իրեն մեղավոր ճանաչել:

Այս պահին ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոնում կատարվում է Արամ Մկրտչյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունը, որի արդյունքները, ինչպես տեղեկացնում է ՊՆ-ն, կհրապարակվեն:

Դիտվել է 1935 անգամ:
Print Friendly

Leave a Reply