Սևանը կարող է վերածվել էկոլոգիական աղետի գոտու

Օրվա լուր | | June 5, 2009 18:17

sevan-1«ԷկոԼուր» տեղեկատվական հկ նախագահ Ինգա Զարաֆյանն ասում է, որ «GeoProMining» ընկերության կողմից Սոթքի հանքավայրի տարածքում ոսկու արդյունահանող ֆաբրիկայի գործադրումը կարող է կործանարար լինել Սևանա լճի համար:

«GeoProMining» հնդկական ընկերությունը 2007 թ-ին գնել է Արարատի ոսկու արդյունաբերական ֆաբրիկան և Հայաստանում ոսկու արդյունաբերության նախագծերի մեջ ներդրել ավելի քան 160 մլն. դոլար: Ընկերությունը մետաղների արդյունաբերությամբ է զբաղվում ոչ միայն Հայաստանում, այլև Վրաստանում:

2009թ-ին ընկերությունը պատրաստեց «Սոթքի հանքավայրի տարածքում ոսկու արդյունահանող ֆաբրիկայի տեղադրման հայեցակարգային որոշում», ըստ որի` Արարատից գործարանը պետք է տեղափոխվի Սոթք` հաշվի չառնելով բնապահպանական ռիսկը, որը բողոքի ալիք բարձրացրեց բնապահպանների շրջանում:

Զարաֆյանն ասում է, որ միայն ճանապարհածախսի գումարը կրճատելու համար է ֆաբրիկան տեղափոխելու որոշում կայացվել, քանի որ «ոսկու հանածոն երկաթգծի միջոցով Արարատ տեղափոխելը թանկ է արժենում»:

«Սևանի ավազանին սպառնացող հիմնական վտանգը խմելու ջրի աղտոտումն է հանքարդյունաբերական թափոնների պատճառով»,-ավելացնում է Զարաֆյանը:

ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բորիս Գաբրիելյանն ասում է, որ իրենք դեռևս վերջնական եզրակացության չեն եկել, շարունակում են հետազոտությունները Սևանի շրջակայքում: «Առայժմ պարզված չէ, թե տարիներ շարունակ Սևանի ավազանում եղած կենդանական ու բուսական տեսակներից քանիսն են պահպանվել և որքանով կազդի ոսկու գործարանի կառուցումը Սևանի էկոհամակարգի վրա»:

ՀՀ Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը համոզված է, որ բացասական ազդեցություն կլինի: «Մնում է պարզել վնասի չափը»,-հավելում է Սանասարյանը:

«SOS Սևան» նախաձեռնող խումբը` Ինգա Զարաֆյանի գլխավորությամբ կազմակերպված բողոքի ակցիայի շրջանակներում նամակներ է ուղարկել ՀՀ նախագահին և վարչապետին, սակայն պատասխան այդպես էլ չի ստացել:

Զարաֆյանի փաստմամբ` նախագահ Սարգսյանը հավատացրել է, որ եթե Սոթքում ոսկու արդյունաբերությունը վնաս պատճառի շրջակա միջավայրին, նախագծի իրականացումը կկասեցվի:

Սևանի էկոլոգիայի պահպանման համար անցկացված միջոցառումների ընթացքում «SOS Սևան» կոչի ներքո ստորագրել են ավելի քան 1600 մարդ:

Բորիս Գաբրիելյանն ասում է, որ լիճը մեծ կարևորություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար` որպես քաղցրահամ ջրի հիմնական պաշար:

Ըստ նրա` մեր հիմնական խնդիրը ջրի որակն է, ինչի բարձրացման նախապայմանները երկուսն են` առաջինը` ջրի մակարդակի բարձրացումը և աղտոտվածության նվազեցումը, երկրորդը` ձկնային պաշարի վերականգնումը:

Գաբրելյանի խոսքերով` այսօր Սևանում սիգ ձկնատեսակի պաշարը 170 տոննա Է, այն դեպքում երբ վերջին` 1983թ-ի ցուցանշով` այդ պաշարը հասնում էր 11.000-12.000 տոննայի (1980թ-ին 30.000 տոննա): «Սա առաջին հերթին անօրինական ձկնորսության հետևանք է, 2000թ-ից Սևանի առանց այն էլ սակավ ձկնատեսակներից քանակի խզում է նկատվում»,-ասում է Գաբրիելյանը:

Արդեն 3 տարի է` ձկնորսությունը Սևանում արգելված է, բայց ձկնորսներն ու շուկայում վաճառվող Սևանա ձկները չեն պակասում:

Այժմ մասնագետները, ըստ պետական ծրագրի, փորձում են Սևանում վերականգնել իշխանի 2 ցեղատեսակները` ամառային բախտակը և գեղարքունին :

Գաբրիելյանի փաստմամբ` ձկնաբանության ողջ պատմության ընթացքում ձկան արդյունագործական պաշարը երբեք այսքան քիչ չի եղել:

Դիտվել է 2519 անգամ:
Print Friendly

Leave a Reply