Ալեքսանդր Իսկանդարյան. «Կա հայ-թուրքական արձանագրությունների ընդունումը ձգձգելու վտանգ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 2, 2009 14:34

alekiskandaryan2001-ից ի վեր առաջին անգամ ԱՄՆ-ն, Եվրոպան և Ռուսաստանը համաձայնության են եկել հետխորհրդային տարածքում առկա խնդրի շուրջ. երեքն էլ կողմ են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը և ստորագրված արձանագրությանը. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Իսկանդարյանը Հայաստանի և Թուրքիայի ստորագրած արձանագրությունը համարում է «Ճանապարհային քարտեզ» կամ հետագա գործողությունների պլան: Իսկ այն, ինչ ընդունվել էր ապրիլին, ըստ Իսկանդարյանի, ճանապարհային քարտեզ չէր:

Իսկանդարյանն ասում է` վտանգ կա, որ փաստաթղթի ընդունումը խորհրդարանների կողմից կձգձգվի.«Հայկական խորհրդարանը փաստաթուղոը կընդունի, սակայն Թուրքիայի խորհրդարանը կարող է ձգձգել դրա ընդունումը»,- ասում է Իսկանդարյանը` նշելով, որ այդ պարագայում էլ Թուրքիայի համար ոչ բարվոք վիճակ կստեղծվի: «Հոկտեմբերի կեսերին ամեն ինչ պարզ կլինի»,- ասում է քաղաքագետը:

Իսկանդարյանն ասում է, որ Հայաստանի և Թուրքիայի ընդունած արձանագրությունները տարբեր ռեակցիաներ են առաջացրել Հայաստանում, Թուրքիայում և Ադրբեջանում:

Ադրբեջանում, ըստ նրա, փաստաթղթի ստորագրման սկզբնական ժամերին խուճապային և հուսահատ հայտարարություններ էին արվում, «ամեն ինչ կորցրեցինք, թուրքերը մեզ դավաճանեցին» տրամադրություն էր, Թուրքիայում միմյանց հակասող, քաոսային հայտարարություններ են անում` ուղղված տարբեր դաշտերի, իսկ Հայաստանում ահազանգ է հնչեցվում, թե «ամեն ինչ կորցրել ենք, ամեն ինչ վատ է»:

Իսկանդարյանը կարևորում է, որ ստորագրված արձանագրություններում Ղարաբաղ, Ադրբեջան բառերը չկան, հետևաբար Թուրքիան արդեն իսկ տարանջատել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը և Ղարաբաղի հարցը: Իսկ այն, որ թուրք պաշտոնյաներն արձանագրության ստորագրումից հետո հակասական հայտարարություններ են անում, Իսկանդարյանը բացատրում է իրողությամբ, որ Թուրքիան տարբեր դաշտերում է խաղում.«Թուրքիայի իրավիճակը բավականին բարդ է, այն խաղում է ամերիկյան, եվրոպական, ադրբեջանական, հայկական, ներքին` թուրքական դաշտերում: Յուրաքանչյուրում տարբեր իրավիճակ է տիրում, հետևաբար հայտարարություններն էլ ամեն դաշտի համար պետք է տարբեր լինեն»:

Քաղաքագետի կարծիքով` Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունները, թե սահմանը չի բացվի, մինչև Ղարաբաղի խնդիրը չլուծվի, ուղղված է ներքին և ադրբեջանական լսարաններին,«նման հայտարարություններով «փափուկ բարձ է դրվում նրանց գլխի տակ»:
Իսկանդարյանն ասում է, որ հայ-թուրքական սահմանի բացման գործում թուրքիան իր շահերն ունի` Թուրքիայի համար կբացվի Եվրոպայի սահմանը, կտրուկ կմեծանա նրա դերը տարածաշրջանում: Բացի այդ, թուրքերն ուզում են եվրոպացի լինել, իսկ դրա հիմնական միջոցը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է: Թուրքիայի վրա մեծ ճնշումներ է գործադրում նաև ԱՄՆ-ն:

Իսկանդարյանն անդրադարձավ նաև իրողությանը, որ պատմաբանների հանձնաժողով պետք է կազմվի` քննարկելու 1915-ի հայոց ցեղասպանությունը: «5-6 տարի առաջ Թուրքիայում ցեղասպանությունը չէր քննարկվում, նրանց համար ամեն ինչ հստակ ու պարզ էր, այժմ հասարակությունը քննարկում է այս իրողությունը և պատմաբանների հանձնաժողովն էլ նոր քննարկումների առիթ կտա, ինչը բոլորովին էլ դրական չէ Թուրքիայի համար»:

Դիտվել է 1309 անգամ:
Print Friendly

Leave a Reply