ԱՄՆ նախագահի հավանական թեկնածուներից մեկը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 15, 2011 17:23

Շաբաթավերջին Միացյալ Նահանգների Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Այովա նահանգում առաջին նախնական քվեարկությունն են անցկացրել՝ 2012 թվականի նախագահի իրենց թեկնածուին որոշելու շուրջ. պայքարի դուրս եկած մոտ մեկ տասնյակ թեկնածուների շարքում առավելագույն ձայներ է հավաքել Կոնգրեսի  անդամ Միշել Բաքմանը, ով ավելի վաղ քանիցս աջակցություն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերին:

2006 թվականից ի վեր՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ընտրվելուց հետո, մասնավորապես, Միշել Բաքմանը դարձել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերից մեկի համահեղինակը, որը կոչ է անում ԱՄՆ նախագահին իր ամենամյա ուղերձներում «որպես ցեղասպանություն բնորոշել 1.5 միլիոն հայերի սպանդը» եւ հիշատակել այդ ցեղասպանությանը ընդդիմանալու ԱՄՆ փորձերը:

Բացի այդ, 2009 թվականին Բաքմանը նաեւ համաձայնություն է հայտնել փաստաթղթին, որը կոչ է անում ԱՄՆ նախագահին  Հայոց ցեղասպանության ճանաչումը դարձնել պաշտոնական քաղաքականություն եւ երաշխավորել այս հարցի նկատմամբ համարժեք վերաբերմունքն ու դիրքորոշումը ԱՄՆ արտաքին քաղաքականության բնագավառում:

Հանրապետական կուսակցությունից նախագահ դառնալու հայտ են ներկայացրել նաեւ մի շարք այլ  հայտնի քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Մասաչուսեթսի նախկին  նահանգապետ Միթ Ռոմնին ու  Տեխասի նահանգապետ Ռիկ Փերին:  Թե նրանցից որին կընտրեն հանրապետականները՝ պարզ կդառնա պաշտոնական «միջանկյալ ընտրությունների» արդյունքում, որոնք կմեկնարկեն 2012թ. փետրվարին:

ԱՄՆ  նախագահական ընտրությունները նախատեսված են 2012թ. նոյեմբերին։

www.azatutyun.am

 

Դիտվել է 1483 անգամ:
Print Friendly

Leave a Reply