ՇՈՒՇԻԻՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԲԱՆԱԿՈՒՄԸ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 15, 2011 17:15

Հիմնադրվելով 1907թ.` սկաուտական շարժումն Անգլիայից աստիճանաբար տարածվեց Եվրոպա` հասնելով Հայաստան: Այն ՀՀ-ում նոր փուլ մտավ 1991 թվականին: Որպես շարժում` ԼՂՀ-ում այն կայացավ 2010թ. <Հայկի Սերունդ> ԵՀԿ կողմից, որն օրհնեց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Ու եթե տարբեր երկրներում շարժումը կրում է զուտ հասարակական բնույթ` հենվելով այս կամ այն կազմակերպությունների ու կուսակցությունների վրա, ապա Արցախում այն պետական աջակցություն է ստանում: Ոչ պաշտոնական տվյալներով` աշխարհում կա շուրջ 60 հազար հայ սկաուտ, իսկ Արցախում գրանցված են շուրջ 300-ը:

<Հայկի Սերունդ> ԵՀԿ սկաուտների առաջին բանակումը իրականացավ 2010թ. օգոստոսի 3-ին Շուշիում ՝ «Ուղին ճշմարիտ է, եթե այն Հայրենիք է տանում» կարգախոսով:

Մանկապատանեկան և երիտասարդական այս շարժման նպատակն է պատասխանատու և ինքնագիտակից, հասարակայնորեն ակտիվ և հոգեպես ամուր, հայրենասեր և ազատասեր սերնդի պատրաստումը, որի անհրաժեշտությունը ազատագրված Արցախն ամենաշատն է զգում:

Մեկ տարվա գործունեության ընթացքում Արցախի սկաուտները  համագործակցության ամուր կապեր են հաստատել ՀՀ-ում եւ Իրանում գործող սկաուտական խմբերի  հետ:

2011-ի օգոստոսի 9-13-ը, Շուշի քաղաքում <Հայկի Սերունդ> երիտասարդական հասարակական կազմակերպությունը կազմակերպեց <Հայորդիներ> համահայկական սկաուտական 2-րդ բանակումը, որին մասնակցում էին 120 դպրոցականներ և երիտասարդներ Ստեփանակերտից ու  ԼՂՀ  շրջաններից, ինչպես  նաեւ հյուրեր` ՀՀ-ից (ՀԲԸՄ, Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիա), Իրանի հայ համայնքից:

Բանակումի ընթացքում կազմակերպվեցին զանազան խաղեր, մրցույթներ, արշավներ, սկաուտական շարժման պատմության վերաբերյալ դասախոսություններ. մասնակիցները հաղթահարեցին բազում փորձություններ:

Օգոստոսի 13-ին տեղի ունեցավ բանակումի փակման արարողությունը, որին ներկա էին  ծնողներ, հյուրեր: Արարողության ընթացքում` մի շարք սկաուտներ պարգևատրվեցին <Հայկի Սերունդ> ԵՀԿ պատվոգրերով, իսկ հյուրերը` շնորհակալագրերով:

<Հայկի Սերունդ> ԵՀԿ սկաուտական բաժանմունքը կշարունակի իր աշխատանքները` սկաուտական խմբերի հետ, նրանց պատրաստելով հաջորդ բանակումին:

 

Դիտվել է 1140 անգամ:
Print Friendly

Leave a Reply