Անօթևանները զերծ կմնան ևս մեկ քաշքշուկից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 15, 2011 16:53

Նախորդ ամիս «Շիրակ կենտրոնը» ահազանգ էր հնչեցրել այն մասին, որ աղետի գոտու բնակարան ստանալու հավակնորդ անօթևան ընտանիքների  բնակարանային սեփականության առկայության վերաբերյալ պետկադաստրի կողմից տրամադրվող սխալ տեղեկությունների պատճառով քաշքշուկների մեջ են հայտնվում սոցիալապես ծանր պայմաններում ապրող հարյուրավոր անօթևան ընտանիքներ (http://www.shirakcentre.org/hy/lurer/1031-shirak-centre-ngo): Մեր հաղորդագրությունում որպես կոնկրետ փաստ նշվել էր նման խնդրի առաջ հայտնված հարյուրավոր ընտանիքներից մեկի` գյումրեցի անօթևան, նպաստառու Պետրոսյանների հինգ անձից բաղկացած ընտանիքի դեպքը, երբ պետկադաստրն ընտանիքի անդամների անունով չորս հատ Երևանում և մեկ հատ էլ Գյումրիում սեփական բնակարան ունենալու մասին տեղեկատվություն էր ուղարկել աղետի գոտու բնակարանների բաշխման հանձնաժողովին: Եվ որպեսզի այդ ընտանիքը կարողանար մասնակցել բնակբաշխման գործընթացին, պետք է կարողանար անձամբ ապացուցել, որ այդ բնակարաններն իրենը չեն: Իսկ դա ենթադրում է որոշակի գումարների ծախսում և զգալի թղթարարություն:

Ներկայումս աղետի գոտում ընթացող բնակբաշխման գործընթացում հաճախակի հանդիպող այդ երևույթի բացառման նպատակով «Շիրակ կենտրոնը» ՀՀ բարձրագույն իշխանություններին  մի շարք դիմումներ, հաղորդագրություններ և տեղեկատվության հարցումներ է ուղարկել (http://www.shirakcentre.org/hy/lurer/1043-shirak-centre-ngo ):
Մեր կողմից
առաջ քաշված խնդրին նախորդ շաբաթ անդրադառնալով` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն երևույթը բացատրել էր իրենց համակարգում քաղաքացիների սեփականության մասին ոչ ամբողջական տեղեկատվության առկայությամբ  (http://www.shirakcentre.org/hy/lurer/1044-shirak-centre-ngo):
Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարարությունից ստացվեց պատասխան նամակ, որում ասվում է, թե  ՀՀ կառավարությանն առընթեր  անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ այսուհետև Երևանում և հանրապետության այլ համայնքներում անօթևան ընտանիքների անունով գրանցված սեփականության վերաբերյալ տեղեկատվությունները ճշտելու է ՀՀ քաղաքաշինության նախարությունը կադաստրի համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:

 

«Շիրակ կենտրոն»ՀԿ

Դիտվել է 957 անգամ:
Print Friendly

Leave a Reply