Տիգրան Սարգսյանի ողջույնի խոսքը Համահայկական 5-րդ խաղերի բացման արարողության ժամանակ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 14, 2011 4:38

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո Նախագահ,

Գերաշնորհ Սրբազան հայր,

Հարգելի տիկնայք և պարոնայք,

Ջերմորեն ողջունում եմ 5-րդ համահայկական խաղերի մասնակիցներին և մեր բոլոր հայրենակիցներին;
Ինձ համար մեծ պատիվ է այս պատմական օրը ողջույնի խոսքով դիմել Ձեզ: Համահայկական խաղերի անցկացումը մեր ժողովրդի համար վերածվել է իսկական տոնախմբության, քանզի Համահայկական խաղերը մեզ սովորեցնում են միասին տոնել հաղթանակներ:
Առաջիկա օրերին ողջ հայությունը ուշադրությամբ հետևելու է ձեր մրցելույթներին ու ձեր հաջողություններով ուրախանալու են բոլորը:
Այս առումով, Համահայկական խաղերն այն եզակի մրցաշարերից են, որտեղ չկան պարտվողներ ու հետնապահներ, քանի որ այս խաղերը մեր միասնության իրական ապացույցն ու դրսևորումն են:

Խորհրդանշական է, որ Համահայկական խաղերն անցկացվում են Հայաստանի և Արցախի անկախության 20-րդ տարեդարձի նախաշեմին՝ մայր Հայրենիքում մեկտեղելով մեր ժողովրդի հազարավոր զավակների:

Ինձ հաճախ հարցնում են, թե որն է Հայկական աշխարհը:

Ահա այն:
Այն ձեր առջև է:

Ավստրալիայից մինչև Կանադա, Հարավային Ամերիկայից մինչև Մերձավոր Արևելք: Այստեղ է մեկտեղված Հայկական աշխարհը՝ միավորված մեկ ինքնությամբ ու հաղթանակի հասնելու նպատակով: Ես համոզված եմ, որ համահայկական խաղերն այդ ինքնությունն ամրացնելու ու նորոգելու ամենագործուն միջոցներից մեկն են:
Մեր ինքնությունն է, որ 12 տարի առաջ մեկնարկած առաջին համահայկական խաղերից մինչ օրս ձեզ բերում է Հայաստան:

Հարգելի մարզիկներ,

Ձեզնից յուրաքանչյուրն ուժեղ է, բայց միասին դուք անպարտելի եք:

Ձեզնից յուրաքանչյուրի նպատակը հաղթանակն է, սակայն Համահայկական խաղերից առաջ պատասխանեք այն հարցին, թե ինչ է հաղթանակը: Իմ համոզմամբ, մեր հաղթանակը մեր միասնականությունն է, երբ մենք միասնական ենք մեզ հնարավոր չէ հաղթել:
Դա են վկայում այս խաղերը, որ շատերը համարում են Համահայկական օլիմպիական խաղեր: Համոզված եմ, որ 5-րդ համահայկական խաղերի ավարտին ունենալու եք մարզական նվաճումներից շատ ավելի կարևոր ձեռքբերումներ: Մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ ու ամենայն բարիք:
Աստված պահի Հայաստանն ու փառք հայ ժողովրդին:

* * *
Սիրելի հայրենակիցներ,

Համահայկական 5-րդ խաղերը հայտարարում եմ բացված:

Դիտվել է 1759 անգամ:
Print Friendly

Leave a Reply