Տիգրան Սարգսյան. «Համոզված եմ` մեր ապագա սերունդները շարունակելու են հպարտանալ հայ շինարարի ու ճարտարապետի ստեղծագործություններով»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 13, 2011 16:11

«Հայ շինարարների ու ճարտարապետների ստեղծագործությունները հոգևոր մեծ արժեք են կրում: Դրա վառ վկայություններն այն եկեղեցիներն ու կոթողներն են, որոնք այսօր ունենք: Աշխարհով մեկ սփռված ճարտարապետական հիասքանչ շինությունները վկայում են հայ մարդու տաղանդի մասին»,- ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում շինարարի օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ:

Շնորհավորելով միջոցառմանը ներկա ճարտարապետներին և շինարարներին մասնագիտական տոնի կապակցությամբ` կառավարության ղեկավարը նշել է, որ տոնն ունի իր հատուկ խորհուրդը. հայ շինարարը, ճարտարապետը մեր ժողովրդի պատմության մեջ ունեն կարևոր ու առանցքային դերակատարություն` ի ցույց դնել մեր կարևորագույն ազգային առանձնահատկություններից մեկը` նվիրումն աշխատանքին և ազգին: «Այդ նվիրումն արտացոլվում է այն սքանչելի ճարտարապետական ստեղծագործություների մեջ, որոնք մենք ժառանգել ենք: Հայ ճարտարապետն ու շինարարը դարեր ի վեր ապահովել և ապահովում են հայկական շարունակականությունը»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ապագա սերունդները շարունակելու են հպարտանալ այդ ժառանգությամբ:

Կառավարության ղեկավարը վարչապետի շնորհակալագրով է խրախուսել Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ Արման Մելքումյանին` քաղաքաշինության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար:

Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի հրամանագրով գերատեսչական մեդալներով ու շնորհակալագրերով են պարգևատրվել մի շարք շինարարներ և ճարտարապետներ:

Դիտվել է 921 անգամ:
Print Friendly

Leave a Reply