ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը հանդիպեց Արցախում գործող զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 12, 2011 20:38
Ասուլիսը նվիրված էր ԼՂՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձին: Ռազմական գերատեսչության ղեկավարը համառոտ անդրադարձավ անցած երկու տասնամյակների ընթացքում Պաշտպանության բանակի ունեցած ձեռքբերումներին, նրա դերին ու վաստակին անկախության պահպանման և ամրապնդման գործում, ներկայացրեց հետպատերազմյան բանակաշինության առանձնահատկություններն ու ներկա ժամանակահատվածում իրականացվող գործընթացները:
“Հետպատերազմյան ժամանակահատվածում բանակը իր սուրը չդրեց պատյան, հասկանալով, որ վերջնական խաղաղության համար, հարկավոր էր խաղաղության պայմանագիր Ադրբեջանի և Արցախի միջև, որը դեռևս կնքված չէր, և սկսվեց զարգացման նոր փուլ: Այս ժամանակահատվածում հնարավորություն ենք ունեցել բարձրացնել անձնակազմի կրթական ցենզը, ստեղծել հրամանատարների փոխարինման բազա, որովհետև պատերազմին մասնակցած սպաների հիմնական մասը այժմ արդեն հանդիսանում են թոշակառու, և մենք այս աշխատանքները կատարել ենք, որպեսզի կարողանանք նրանց փոխարինողը պատրաստենք: Այս ժամանակահատվածում զգալիորեն փոխվել է նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի որակական և քանակական վիճակը: ”
Բացի անկախության 20-ամյա պատմության մեջ բանակի ունեցած տեղի ու դերի մասին խոսելուց, պաշտպանության նախարարը համառոտ անդրադարձավ նաև հանրապետության զինված ուժերի ընթացիկ ուսումնական տարվա առաջին կիսամյակի արդյունքներին: Բանակի հրամանատարը կատարված աշխատանքները ներկայացրեց ըստ ուղղությունների և կոնկրետ փաստերով:
“Անցած տարի և այս տարվա առաջին կիսամյակը զինված ուժերում հայտարարված է բարեփոխումների տարի և այսօրվա բանակի մարտական պոտենցիալը մոտավորապես ավելացել է քսան տոկոսով, որը բոլոր տարիների համեմատ մեր ամենամեծ առաջընթացն է, և սա շարունակական է լինելու…: ”
Նախարարը նաև շեշտեց, որ Արցախի զինված ուժերը մշտապես գտնվում են մարտունակ վիճակում և, որ , պատրաստ են արժանի հակահարված տալ թշնամու յուրաքանչյուր ոտնձգության: Ներածական խոսքից հետո պաշտպանության նախարար Մ. Հակոբյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
—
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին
—–






Facebook
Tweet This
Email This Post
