Տիգրան Սարգսյանը հյուրընկալվել է «Միասին» երիտասարդական շարժման ճամբարականներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 12, 2011 19:55

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում հյուրընկալվել է «Միասին» երիտասարդական շարժման «Համահայկական երիտասարդական կրթական ֆորում. Միասին 2011»-ի մասնակիցներին:
Ճամբարակաները կառավարության ղեկավարին են ներկայացրել իրենց առօրյան, պայմանները:
Ողջունելով երիտասարդներին` Տիգրան Սարգսյանը նշել է. «Ուրախ եմ ձեզ հետ շփվելու հնարավորության համար, քանի որ շփվելով երիտասարդների հետ` տեսնում ենք` ինչպիսի հարցեր են ձեզ մտահոգում, ինչպիսին է ձեր ապագայի տեսլականը: Բացի այդ, որոշակի պատկերացում ենք կազմում, թե ինչպիսին է լինելու Հայաստանի Հանրապետության ապագան»,– ասել է վարչապետը, այնուհետև պատասխանել երիտասարդների հարցերին:
Անդրադառնալով մեր երկրի զարգացման երկարաժամկետ ծրագրերի վերաբերյալ հարցին` գործադիրի ղեկավարը նշել է, որ ստեղծվել է միջգերատեսչական խումբ, որն զբաղվում էր ազգային անվտանգության դոկտրինի մշակմամբ: «Այն նպատակ ուներ բացահայտելու մեր երկրի առջև կանգնած մարտահրավերները, հիմնական վտանգները, ռիսկերը, որոնք ունենալու են երկարաժամկետ ազդեցություն և որոշելու են մեր երկրի առաջնահերթությունները: Այդ փաստաթուղթն այսօր արդեն Հայաստանի նախագահի հրամանագրով հաստատվել է: Այսինքն, ունենք համապարփակ փաստաթուղթ, որի հիման վրա տարբեր ոլորտներում իրականացվում են զարգացման ծրագրեր: Չնայած դրան` ցանկալի է, որ յուրաքանչյուր 5 տարին մեկ այդ դոկտրինը վերանայվի, քանի որ արագ փոփոխվող աշխարհի հետ արագորեն փոփոխվում են նաև մեր երկրի առջև առկա ռիսկերն ու մարտահրավերները»,– ասել է վարչապետը:
Ըստ նրա` անհրաժեշտ է որակապես վերանայել նաև մեր երկրի կայուն զարգացման ռազմավարությունը, քանի որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը լուրջ հարված է հասցրել Հայաստանի տնտեսական ցուցանիշներին: «2009-2010 թթ. ունեցանք մակրոտնտնտեսական այնպիսի ցուցանիշներ, որոնք համադրելի չէին կայուն զարգացման մեր կանխատեսումներին: Դրանով է պայմանավորված, որ մենք պետք է վերանայենք Կայուն զարգացման մեր ծրագիրը: Այն մշակելիս պետք է կարողանանք գնահատել համաշխարհային տնտեսությունը, թե ինչպիսի զարգացումներ են սպասվում այնտեղ, ինչ միջավայր է այն ստեղծելու Հայաստանի համար և ինչպիսի ազդեցություն է ունենալու մեր տարածաշրջանի ու երկրի վրա: Բացի այդ, անհրաժեշտ է գնահատել տարածաշրջանում առկա իրավիճակը` բացահայտել զարգացման հիմնական շարժիչ ուժերը, միտումները և դրանց ներքո նաև` մեր երկրի հարաբերական առավելություներն ու թույլ կողմերը»,– նշել է կառավարության ղեկավարը:
Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջին անգամ կառավարությունը ձեռնամուխ է եղել մշակելու մեր երկրի տնտեսական քաղաքականության ներքո արդյունաբերական քաղաքականությունը, ըստ ճյուղերի: Այս համատեքստում գործադիրի ղեկավարը մեծապես կարևորել է բազմաթիվ գործոնների շուրջ մեր երկրի հարաբերական առավելությունների գնահատումը, առկա ռիսկերը: Վարչապետը հույս է հայտնել, որ ռազմավարությունը հանրությանը կներկայացվի այս տարի:
Ըստ գործադիրի ղեկավարի` կառավարությունում ներկայում տեղի են ունենում լրջագույն կառուցվածքային փոփոխություններ` կառավարման համակարգում բացահայտված խնդիրների լուծման նպատակով: «Նախարարություների հիմնական գործառույթը պետք է լինի տվյալ ոլորտի զարգացման ծրագրերի և քաղաքականության մշակումն ու իրագործումը: Նախարարությունները չպետք է լինեն ծառայություններ մատուցող, տեսչական գործառույթներ իրականացնող մարմիններ, դրանց համար, համապատասխանաբար, պետք է ունենանք պետական գործակալություններ, պետական ոչ առևտրային կազմակերպություններ, տեսչություններ: Այս ամենը պետք է տարանջատենք, իսկ այսօր Հայաստանի կառավարման մարմինների շրջանակներում ֆունկցիաների տարանջատում չկա: Այսինքն, անելու ենք այնպես, որպեսզի նախարարությունները պատասխանատու լինեն իրենց ոլորտում քաղաքականության մշակման, ռազմավարական ծրագրերի իրականացման համար: Այս փոփոխությունների արդյունքում կունենանք արդյունավետ կառավարման համակարգ»,– ընդգծել է վարչապետը:
Անդրադառնալով երիտասարդներին աշխատատեղերով ապահովելու հարցին` կառավարության ղեկավարը նշել է, որ ժամանակակից աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում, բարձրորակ մասնագետները միշտ էլ գտնում են իրենց տեղը: «Ամբողջ աշխարհում գոյություն ունի լավ մասնագետների որս, և դա ժամանակակից աշխարհում ամենաթանկ ռեսուրսն է: Բացառվում է, որ դուք ստանաք լավ կրթություն, լինեք լավ մասնագետ և չստանաք լավ աշխատանք: Դա այդպես է և՛ Հայաստանում, և՛ արտերկրում: Նույնիսկ համաշխարհային մակարդակով հզոր ընկերություններում է առկա բարձրակարգ մասնագետների մեծ պահանջարկ: Այսինքն, եթե ցանկանում եք ժամանակակից աշխարհում գտնել ձեր արժանի տեղը, անպայման պետք է լավ կրթվեք»,– նկատել է Տիգրան Սարգսյանը:
Խոսելով բարձրացված հարցի շուրջ պետության դերի մասին` գործադիրի ղեկավարը նշել է, որ պետական ծառայության մեջ աշխատանքի ընդունվելու գործառույթը պետք է լինի բաց, թափանցիկ, հրապարակային: «Դուք պետք է վստահ լինեք, որ եթե ունեք լավ գիտելիք, կկարողանաք մեր երկրում աշխատանքային կարիերա ստեղծել, առանց միջամտության, կոռուպցիոն ռիսկերի: Դրա համար Հայաստանում փուլ առ փուլ ստեղծվում է բարենպաստ միջավայր, և պետական կառավարման համակարգում իրականացվող բարեփոխումները բերելու են դրան: Այդ համակարգը բացահայտելու է թույլ օղակները, և այն մարդիկ, ովքեր չեն կարողանալու իրենց աշխատանքը կատարել, համակարգից դուրս են մղվելու, ինչը հնարավորություն է ստեղծելու, որպեսզի բանիմաց մասնագետներն զբաղեցնեն տվյալ աշխատատեղը, որպեսզի տաղանդավոր երիտասարդները համալրեն մեր կադրային պոտենցիալը»,– ասել է վարչապետը:
Նշենք, որ ֆորումն իրենից ներկայացնում է վրանային ճամբար, որն անցկացվում է 3 հոսքով. առաջին հոսքը ճամբարում եղել է օգոստոսի 4-10-ը, երկրորդը կլինի օգոստոսի 12-18-ը, երրորդը` 20-26-ը: Ընդհանուր առմամբ, ֆորումը կտևի 1 ամիս 1500 երիտասարդների մասնակցությամբ: ճամբարի մասնակիցներն ունեն հագեցած և հետաքրքիր օրակարգ. առավոտյան ժամը 8:30-ից մինչև կեսգիշեր նրանց օրը լի է բազում ծրագրերով և միջոցառումներով: Մասնակիցները հնարավորություն են ունենում տեղում զարգացնել իրենց բիզնես գաղափարները և կազմել նորարական նախագծեր:

 

Դիտվել է 1014 անգամ:
Print Friendly

Leave a Reply