Դեպի Ադրբեջան՝ սիրո հետևից

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | August 12, 2011 19:22

IWPR-ի լրագրողը տպավորված է մի աննկարագրելի պատմությամբ, որը նրան է պատմել մի ծեր ֆրանսուհի, ում միակ ցանկությունը իր հայրենիքը ևս մեկ անգամ տեսնելն է:

 

Առաջինը, ինչ տպավորեց ինձ Ջոաննա Բոտո Ժակի հետ կապված՝  նրա անունն էր:  Այն դժվար է ադրբեջանական համարել, սակայն ես այն լսեցի Իմիշլի քաղաք մեկնելու ճանապարհին, երբ աշխատում էի ջրհեղեղից տուժածների մասին հոդվածի վրա:

Հետաքրքրությունից դրդված՝ ես հարցրեցի, թե ո՞վ է նա:  Պարզվեց, որ նա 83-ամյա ֆրանսուհի է, ով ապրում է մոտակա Մուրգուզալի գյուղում: Ես հասկացա, որ չեմ կարող այդտեղից մեկնել, մինչև չպարզեմ, թե ով է եղել այդ տիկինը և ինչպես է այդտեղ հայտնվել:

Երբ ես հանդիպեցի Ջոաննայի հետ, նա պատմեց ինձ մի ռոմանտիկ պատմություն, որի նմանը կարելի է հանդիպել միայն գրքերում:  Պատմությունն այն մասին է, թե ինչպես Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Ֆրանսիայից մի աղջնակ հանդիպեց և սիրահարվեց մի ադրբեջանցի երիտասարդի, ով համալրել էր Դիմադրության շարքերը:

«Մենք Լիոնից ենք: Իմ հայրը՝ Ժանը, բավականաչափ ազդեցիկ մարդ էր Լիոնում:  Նա սերտ կապեր ուներ Դիմադրության առաջնորդ Շարլ դ’Գոլի հետ: Իմ հայրը գաղտնի ճանապարհներով զենք էր մատակարարում պարտիզաններին: Նա նաև աջակցում էր վիրավոր պարտիզանների գաղտնի բուժումը կազմակերպել»,- պատմում է Ջոաննան:

Շամմադ Շիրմամադովը խորհրդային զինվոր էր: Նա գերի ընկավ և պահվում էր ռազմագերիների համար նախատեսված Իտալիայում գտնվող ճամբարներից մեկում:  Շիրմամադովը փախավ այնտեղից և 1944 թվականին հայտնվեց Ֆրանսիայում:  Նա անդամագրվեց ֆրանսիական Դիմադրության շարժմանը և ընկերացավ երիտասարդ Փոլ Բոտո Ժակի հետ, ով հրաշալի քույր ուներ:

Երկու տարի անց՝ պատերազմի ավարտից հետո, Շամմադը և Ջոաննան ի վերջո համոզեցին Ջոաննայի հորը, որպեսզի նա թույլ տա նրանց ամուսնանալ:

«Իմ հայրը մեզ համար Փարիզում ճոխ հարսանիք կազմակերպեց:  Մեկ ամիս անց խորհրդային հյուպատոսությունից ես ստացա մուտքի թույլտվություն, և մենք մեկնեցինք Ադրբեջան:  Մենք երկու ամիս ծախսեցինք ճանապարհի վրա՝ անցանք ամբողջ Եվրոպան, հասանք Մոսկվա և հետո ուղևորվեցինք Բաքու»,- պատմում է Ջոաննան:

Բաքվից նրանք մեկնեցին Իմիշլի և ի վերջո հասան Մուրգուզալի, ուր, Ջոաննայի խոսքերով «նա ուղղակի սարսափած էր շոգից և մոծակների բազմությունից»:

«Սակայն ինձ էլ ավելի սարսափեցրեց այն, որ իմ պես հմայիչ ֆրանսուհին ստիպված էր գյուղ հասնել սայլով»,- ծիծաղելով ավելացրեց Ջոաննան:

Շամմադի ընտանիքը գիտեր, թե նա սպանվել է պատերազմի ժամանակ, հենց դրա համար էլ ի պատիվ նրանց ճոխ ընդունելություն կազմակերպեցին:

«Երբ մենք մտանք բակ, արդեն այնտեղ էին նրա բոլոր ազգականները:  Տեսնելով Շամմադին` նրանք սկսեցին գոռալ, լացել և թռվռալ:  Ակնհայտ էր, որ նրանք մտածում էին, թե Շամմադը զոհվել է և արդեն ողբացել էին նրա մահը»,- վերհիշում է Ջոաննան:

Շամմադի ազգականների պահանջով Ջոաննան իսլամ ընդունեց և սկսեց կրել նոր անուն՝ Ամինա:

«Սկզբում դժվար էր համակերպվել այլ մշակույթի և սովորույթների հետ, էլ ավելի դժվար էր կլիմային հարմարվելը: Շոգն ուղղակի սպանում էր: Ես կարծում էի, որ ճանճերն ու մոծակները ուղղակի կարող են մարդ ուտել: Մինչ այդ ես նման բան չէի տեսել,- ասում է նա:- Սակայն ես չէի զղջում իմ որոշման համար: Մեկ տարի անց ծնվեց մեր առաջնեկը՝ Ռաֆայելը: Բայց մեր երջանկությունը երկար չտեվեց: Որոշ ժամանակ անց Շամմադը մահացավ»:

Ջոաննայի մայրը փորձում էր դուրս բերել նրան Խորհրդային Միությունից: Նա նույնիսկ եկավ Բաքու, որպեսզի հանդիպի իր աղջկա հետ: Սակայն խորհրդային իշխանությունները չթույլատրեցին լքել երկիրը որդու հետ, ով Խորհրդային Միության քաղաքացի էր:

«Մայրս խոսեց հետս և ասաց որ այլ ելք չկա, քան թողնել երեխային և մեկնել: Ես հրաժարվեցի, ասացի, որ մենք կամ միասին կգնանք, կամ ես կմնամ այստեղ: Եվ այդպես էլ մենք մնացինք»:

Այդ եզակի մի հանդիպումից հետո, նա այլևս չտեսավ իր ազգականներից որևէ մեկին: Սակայն Ջոաննան շարունակում էր պահել նամակագրական կապը ազգականների՝ մասնավորապես իր եղբոր՝ Փոլի հետ, ով Հնդկաստանում Ֆրանսիայի դիվանագետներից էր:

Տեղական ավանդույթի համաձայն, նա՝ որպես այրի, պարտավոր էր ամուսնանալ իր մահացած ամուսնու մոտ ազգականի հետ: Այսպիսով նա դարձավ Շամմադի հորեղբոր որդու կինը: Այդ ամուսնության արդյունքում ծնվեց ևս մեկ որդի և երկու դուստր:

Այժմ Ջոաննան 30 թոռ և 22 ծոռ ունի:

Ժամանակի ընթացքում Ջոաննայի մոտ մի երազանք մնաց՝ մեկնել տուն՝ Ֆրանսիա, և այցելել իր ընտանիքի անդամների շիրիմներին:

1990-ականների սկզբին Ջոաննան հույս ուներ օգնություն ստանալ Ահմադեյա Ջաբրաիլովից՝ ևս մի ադրբեջանցի, ով պատերազմի տարիներին կռվել էր ֆրանսիական Դիմադրության շարքերում:

Ֆրանսիացիները պարգևատրեցին Ջաբրաիլովին Մարտական Խաչով և այլ պարգևներով, սակայն, երբ նա վերադարձավ հայրենիք, խորհրդային իշխանությունները սկսեցին հետապնդել նրան:  Նա հերոս ճանաչվեց, երբ նախագահ դ’Գոլն անձամբ հետաքրքրվեց նրանով՝ 1966 թվականին Մոսկվա կատարած այցելության ժամանակ:

«Ես վստահ էի, որ այդ լեգենդար պարտիզանը և դ’Գոլի մոտ ընկերը կարող է օգնել ինձ Ֆրանսիա վերադառնալու հարցում»:

Ջաբրաիլովը խոստացավ օգնել նրան, սակայն նրա հետ անձնական դժբախտություն պատահեց՝ որդին սպանվեց ղարաբաղյան պատերազմում: Այդ դեպքից կարճ ժամանակ անց մահացավ և ինքը՝ Ջաբրաիլովը:

«Իմ երազանքը ոչնչացված էր»,- հիշում է Ջոաննան:

Երբ ես պատրաստվում էի գնալ, Ջոաննան խնդրեց օգնել՝ իրագործել իր ցանկությունը:

«Ինձ շատ չի մնացել ապրել:  Եթե ես մահանամ առանց հորական տունս տեսնելու, իմ հոգին չի կարող հանդարտվել»,- նշեց ծեր ֆրանսուհին:

Ես չգիտեի ինչ անել, որպեսզի օգնեմ նրան: Բաքու ժամանելուն պես՝ զանգահարեցի Ֆրանսիայի դեսպանատուն և պատմեցի Մուրգուզալիում ապրող Ֆրանսիայի այդ քաղաքացու մասին, ով ցանկանում է այցելել իր հայրենիքը:

Այժմ Ջոաննայի ճակատագիրը Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցների ձեռքերում է:

Դեսպանատան ներկայացուցիչ Ջամիլիա Ախունդովան ասաց ինձ, որ Ջոննայի փաստաթղթերը քննարկման փուլում են, և դեսպանատան աշխատակիցները արդեն կապվել են նրա հետ:

«Եթե նա պատրաստի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, կարող է Ֆրանսիայի մուտքի թույլտվություն ստանալ»,- ասաց Ախունդովան:

Սակայն Ֆրանսիա մեկնելուց առաջ, Ջոաննան պետք է ցույց տա, որ իր բանկային հաշվին բավականաչափ գումար կա:

«Հիշեք, որ Եվրոպան ճգնաժամի մեջ է»,- ասաց ինձ Ֆրանսիայի դեսպանատան աշխատակցուհի Զեմֆիրա Գուլիևան՝ հավելելով. «Ֆրանսիայի դեսպանատունը չի կարող փոխհատուցել ուղևորության ծախսերը»:

Դա կարող է նշանակել, որ Ջոաննան երբեք չի տեսնի իր հայրական տունը:

 

Սաբուհի Մամեդլին Ադրբեջանում անկախ լրագրող է:

Հոդվածն արտատվպում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:

Դիտվել է 1117 անգամ:
Print Friendly

Leave a Reply