Ամփոփվել են վարչական շրջանների հուլիս ամսվա հաշվետվությունները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 12, 2011 19:13

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրավիրած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ ամփոփվել են հուլիս ամսին մայրաքաղաքի վարչական շրջանների կողմից քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների վերլուծության արդյունքներն ու գնահատականները:

Քաղաքապետը, հիշեցնելով, որ վարչական շրջաններ կատարած աշխատանքային շրջայցերի ժամանակ տրվել են կոնկրետ հանձնարարականներ, ինչպես նաև բնակիչների կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ տարբեր խոստումներ, հանձնարարել է հետևողական լինել և հնարավոր կարճ ժամկետում լուծում տալ:

Հատուկ ուշադրություն հրավիրելով ֆինանսական մուտքերի վրա` քաղաքապետը հանձնարարել է հետևողական աշխատանք իրականացնել հավաքագրման ցուցանիշներն ապահովելու մասով. <<Ապառք ունեցող բոլոր տնտեսվարողները պարտավոր են կատարել վճարումները, այլապես հարցը կլուծվի դատական կարգով>>,- շեշտել է քաղաքապետը:

Անդրադառնալով կրպակների ապամոնտաժման խնդրին, Կարեն Կարապետյանը հանձնարարել է մինչև սեպտեմբեր ավարտել մայրաքաղաքի կենտրոնական և մյուս հատվածներում առկա ապօրինի և չգործող շուրջ 266 կրպակների ապամոնտաժումը. “Այդ կրպակներում աշխատող սոցիալապես անապահով մարդկանց անպայման պետք է այլընտրանքային աշխատանք առաջարկվի և գտնվի համապատասխան լուծումներ”,- ընդգծել է քաղաքապետը:

Կարեն Կարապետյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է  հատուկ ուշադրության տակ պահել կանաչ տարածքների խնամքի և ոռոգման խնդիրները:

Վարչական շրջանների ղեկավարներին և համապատասխան բոլոր վարչություններին հանձնարարվել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը սեպտեմբերի 1-ը` Գիտելիքի օրը, հավուր պատշաճի դիմավորելու նպատակով. “Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները պետք է մեր հատուկ և մշտական ուշադրության կենտրոնում լինեն”,-շեշտել է քաղաքապետը` հանձնարարելով գրենական պիտույքներով և անհրաժեշտ այլ պարագաներով ապահովել այդ երեխաներին: Հանձնարարվել է նաև լուրջ ուշադրություն դարձնել դպրոցների բակային և հարակից տարածքների բարեկարգմանն ու խնամքին.<<Դրանք պետք է խնամված ու բարեկարգ լինեն ինչպես ուսումնական տարվա առաջին, այնպես էլ տարվա մյուս բոլոր օրերին>>,- նշել է Կարեն Կարապետյանը:

Մեկ անգամ ևս հիշեցնելով, որ սեպտեմբերի առաջին երեք շաբաթները  մայրաքաղաքում հայտարարված են համաքաղաքային շաբաթօրյակի օրեր, քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին և աշխատակազմի  պատասխանատուներին հանձնարարել է պատշաճ իրազեկել շահագրգիռ գերատեսչություններին , կազմակերպություններին և բնակչությանը` գործընթացն առավել զանգվածային և հասցեագրված իրականացնելու համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

Դիտվել է 841 անգամ:
Print Friendly

Leave a Reply