ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Կիպրոսի Հանրապետության նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասը Լիմասոլ քաղաքի նավահանգստում ներկա են գտնվել «Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա նավարկության ավարտին նվիրված հանդիսավոր արարողությանը

Պաշտոնական, Օրվա լուր | | August 12, 2011 18:48

Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 11-ին աշխատանքային այցով մեկնել է Կիպրոսի Հանրապետություն:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Կիպրոսի Հանրապետության նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասը Լիմասոլ քաղաքի նավահանգստում ներկա են գտնվել «Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա նավարկության ավարտին նվիրված հանդիսավոր արարողությանը:

Առագաստանավի դիմավորման արարողությունից հետո գիտարշավի ղեկավար Զորի Բալայանը ՀՀ նախագահին զեկուցել է 2009թ. մայիսի 28-ին Վալենսիայից սկիզբ առած և Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյակի նախաշեմին ավարտվող շուրջերկրյա ճանապարհորդության մասին:

Զորի Բալայանի խոսքով, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան գիտարշավի շրջանակներում «Արմենիա» առագաստանավը, մեկնարկելով Միջերկրական ծովի ջրերից, Ջիբրալթարի նեղուցով կտրել-անցել է Ատլանտյան, Խաղաղ և Հնդկական օվկիանոսները: Գիտարշավի ղեկավարը նշել է, որ անձնակազմի անդամները հինգ մայրցամաքներում, որտեղ դարեր ի վեր ապրել և ապրում են միլիոնավոր մեր հայրենակիցները, իրականացրել են իրենց առջև դրված բոլոր խնդիրները:

Ողջունելով «Արմենիա» առագաստանավի անձնակազմին՝ Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ ճանապարհորդության մտահղացումն այս երկու տարիների ընթացքում պատվով իրականացվեց գիտարշավի մասնակիցների կողմից:

«Դուք ոչ միայն շուրջերկրյա ճանապարհորդություն եք կատարել, հատել եք երեք օվկիանոս և տասնյակ ծովեր, այլև անցել եք երկրագնդի ամենատարբեր անկյուններում սփռված Սփյուռքի դժվարին ճանապարհներով` Հայրենիքի շունչը հաղորդելով մեր համայնքներին, նորովի իմաստավորելով մեր ինքնության բանաձևը և տարբեր աշխարհամասերում սփռված` մեր մշակույթի կոթողները»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա ճանապարհորդության ավարտին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ Կիպրոսի Հանրապետության նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասը, ողջունելով Հայաստանի Հանրապետության նախագահին և գիտարշավի մասնակիցներին, ասել է. «Գրեթե 90 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործված ցեղասպանության հետևանքով հազարավոր մազապուրծհայեր եկան Կիպրոս՝ գտնելով այստեղ իրենց ապաստանը: Այդ գաղթականների ժառանգները կազմում են Կիպրոսի հասարակության անբաժանելի մասը՝ միաժամանակ փայփայելով և պահպանելով իրենց արժանապատիվ ծագումը: Մեր հայրենակից հայերն իրենց գործունեությամբ մեր երկու երկրների միջև կապի կարևոր օղակ են հանդիսանում՝ Հայաստանը կիպրացիների սրտի անբաժանելի մասը դարձնելով»:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Դեմետրիս Խրիստոֆիասը ներկա են գտնվել նաև «Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա ճանապարհորդության ավարտին նվիրված տոնական համերգին, որի ավարտին Զորի Բալայանի ուղեկցությամբ շրջել են առագաստանավում:

Երեկոյան Կիպրոսի Հանրապետության նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի անունից՝ ի պատիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տրվել է ընթրիք: ՀՀ նախագահը Կիպրոսից մեկնել է Աստանա՝ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

 

 

Դիտվել է 961 անգամ:
Print Friendly

Leave a Reply