Ներդրվում է «մեկ պատուհան» սկզբունքը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 11, 2011 21:15

Փոփոխություններ և լրացում կատարելով ավելի վաղ ընդունած իր երկու որոշումներում, գործադիրը սահմանել է, որ նոտարական գործողությունների կատարման համար պետական տուրքը կանխիկ գանձելիս անդորրագրի փոխարեն նոտարը պետական տուրք վճարողին պետք է տրամադրի հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն։ Ակնկալվում է, որ դա կնպաստի նոտարական ծառայությունների ավելի արագ և արդյունավետ մատուցմանը` կրճատելով ևս մեկ ավելի օղակի (բանկ) դիմելու քաղաքացու պարտականությունը, նաև «մեկ պատուհանի» սկզբունքի արդյունավետ ներդրմանը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը ոլորտի պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է այն խնդրի վրա, որ պետք է խուսափել բոլոր վճարումները նոտարներին վերապահելուց։ «Պետք է մտածել, որպեսզի քաղաքացիները կարողանան տեղում վճարել նաև քարտերով, – ասել է վարչապետը։ – Նոտարիատներում համապատասխան տերմինալների տեղադրման հարցում պետք է խնդրենք Կենտրոնական բանկի օժանդակությունը, որպեսզի քաղաքացին տեղում անկանխիկ վճարման հնարավորություն ունենա»։ Հաջորդ որոշմամբ հստակեցվել է ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունների ցանկը, ինչը նույնպես կնպաստի իրավաբանական անձի գրանցման «մեկ պատուհանի կանգառ» համակարգի արդյունավետ իրագործմանը։

Դիտվել է 1451 անգամ:
Print Friendly

Leave a Reply