Կկառուցվի փոքր ՀԷԿ-երի կասկադ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | August 11, 2011 21:12

Գործադիրն իր նիստում որոշել է ՀՀ կառավարության սահմանած կարգով ընտրված «Հով-Խաչ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2011 թ. սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2014 թ. սեպտեմբերի 1-ը։ Ընկերությունը կառուցել և 2010 թ. շահագործման է հանձնել «Յոթնաղբյուր-Գառնի» ինքնահոս ջրատարը, որը խմելու և ոռոգման ջուր է մատակարարում Կոտայքի մարզի Գառնի, Գեղարդ, Գողթ, Հացավան, Գեղադիր և Ողջաբերդ գյուղերին։ Այժմ ՍՊԸ-ն նախատեսում է ջրատար խողովակի երկայնքով կառուցել ամբողջությամբ ավտոմատացված համակարգով կառավարվող 5 փոքր հիդրոէլեկտրակայան` տուրբին-գեներատորների ներմուծման ժամանակ ստանալով ԱԱՀ գումարի մինչև 3 տարով հետաձգելու արտոնություն։ ՓՀԷԿ-ի կասկադի շահագործումը նախատեսված է 2012 թ. 3-րդ եռամսյակում։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ ծրագրով արդեն իսկ բավական լուրջ և արդյունավետ ներդրումներ են իրականացվել ոռոգման համակարգում։ Ծրագիրը բարձր գնահատականի է արժանացել և գնահատելին հատկապես այն է, որ շարունակական բնույթ է կրելու։
Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, ինչը թելադրված է Վասենաարյան պայմանավորվածությունների անդամ-պետությունների ընդունած ռազմական նշանակության արտադրանքի արտահանման լավագույն չափանիշներին և կատարվող բոլոր փոփոխությունների արտացոլմանն առավելագույնս համապատասխանեցնելու ու դրան համարժեք ՀՀ գործող օրենսդրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությամբ։
Փոփոխելով և լրացնելով իր նախկին որոշումներից երկուսը, կառավարությունը 19 մլ 700 հազար դրամ է հատկացրել «Էրեբունի» անտառպետության 51 հա տարածքում ոռոգման համակարգի ստեղծման, ցանկապատման և 20 հա անտառապատման աշխատանք կատարելու համար։ Մեկ այլ որոշման փոփոխությամբ ՀՀ կառավարությունը կարգավորել է «ՀՀ-ում 2010-2014 թթ. ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրով» կատարվող 766 տոննա առաջին վերարտադրության սերմացուի գնման գործընթացը։
Գործադիրը հավանություն է տվել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Երևան-Աշտարակ, Երևան-Արարատ և Աշտարակ-Թալին ճանապարհահատվածների վերակառուցման նախագծի հատուկ համալիր փորձաքննության վերաբերյալ կառավարության որոշմամբ ստեղծված միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի ամփոփ եզրակացությանը։
ՀՀ կառավարությունը հաստատել է՝
– ՀՀ ներքին աուդիտի մասնագիտական գործունեության ստանդարտները, ներքին աուդիտորների վարքագծի կանոնները, ներքին աուդիտի համակարգի ներդրման ժամանակացույցը,
– ՀՀ պետական մարմինների կողմից պահանջվող երաշխիքի օրինակելի ձևը, որի նպատակն է ստանդարտացնել այն, առավելագույնս պաշտպանել բենեֆիցիարի շահերը,
– ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի իրականացման արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2011 թ. նախահաշիվը։

 

Դիտվել է 1199 անգամ:
Print Friendly

Leave a Reply