Արտոնություն է ստանում հերթական ներդրումային ծրագիրը

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | August 11, 2011 20:03

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստից առաջ վարչապետն անդրադարձել է «Առավոտ» օրաթերթի հրապարակումներից մեկի առիթով ՊԵԿ անցկացրած ծառայողական քննության արդյունքին և Երևանի կենտրոնական փողոցներում տեղադրված կրպակների ապամոնտաժման հարցին:

 

Կստեղծվի ՀՀ սեյսմիկ շրջանացման քարտեզը

Կառավարությունը հաստատել է «ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգի 1։500000 մասշտաբի հավանականային գնահատմամբ նոր քարտեզի կազմում» ծրագիրը։ Քարտեզը կազմվելու է միջազգային սեյսմոլոգիական պրակտիկայում ընդունված՝ սեյսմիկ վտանգի գնահատման հավանականային մոտեցմամբ և այնպիսի համակարգչային ծրագրով, որը թույլ կտա օգտագործել այլընտրանքային սեյսմատեկտոնական մոդելներ։
Իր նիստում գործադիրը հաստատել է ծննդի, պերինատալ մահվան և մահվան բժշկական վկայականների տրամադրման և հաշվառման կարգը, այդ վկայականների գրանցամատյանների ձևերը։ Մինչև օրս նման կարգ հաստատված չէր, իսկ բժշկական հաստատությունները վկայականները տրամադրում էին սեփական հայեցողությամբ։
Կառավարությունն իր նախկին որոշումներից երկուսում կատարել է փոփոխություններ, որոնցով յուրաքանչյուր աշխատողի համար աշխատանքի արդարացի պայմանների իրավունքի ապահովման նպատակով հնգօրյա կամ վեցօրյա աշխատանքային ռեժիմով աշխատողների համար սահմանվել են արձակուրդի արդարացի տևողություններ։
Կառավարությունը վերաբաշխում է կատարել ՀՀ 2011 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացրել 45 մլն դրամ` «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ին տրամադրելու համար։ Այդ գումարով հիմնանորոգման կենթարկվի ինստիտուտի շենքը, կկահավորվեն լսարաններն ու աշխատասենյակները, ժամանակակից տեխնիկայով կապահովվեն կինոբաժնի տաղավարները, կիրականացվեն ուսումնառության որակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ։ Համապատասխանաբար 13 մլն 640 հազար, 24 մլն 485 հազար և 2 մլն 450 հազար դրամ է հատկացվել Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և Աբովյանի կրթահամալիրի նորոգման նպատակով։ Մեկ այլ որոշմամբ ՀՀ ԿԱ ոստիկանությանը թույլատրվել է այլ ծառայության ծրագրով նախատեսված միջոցների հաշվին 6 մլն 500 հազար դրամ գումարի սահմանում նորոգել «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության մարզադահլիճը` Համահայկական 5-րդ խաղերի մարզական միջոցառումները պատշաճ անցկացնելու համար։
ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գործունեության վերաբերյալ տեսաֆիլմ նկարահանելու համար ծառայությանը հատկացվել է 1 մլն 895 հազար դրամ։ Մեկ այլ որոշմամբ ՀՀ նախագահի սահմանած «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի և Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման համար ՀՀ մարզպետարաններին հատկացվել է 80 մլն դրամ։
Փոփոխելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, ՀՀ կառավարությունը որոշել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության՝ լուծարման գործընթացում գտնվող «Երիտասարդական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի մարզային կենտրոնների գույքը նվիրաբերել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին՝ իր կանոնադրական խնդիրների իրականացմանը ծառայեցնելու նպատակով։
Իր ընդունած երկու որոշումներով փոփոխություններ կատարելով նախկին որոշումներում, կառավարությունը դրանով իսկ Տաթևի և Գեղարդի վանական համալիրների շրջակայքն ապահովել է զբոսաշրջային անհրաժեշտ ենթակառուցվածքներով։ Որոշումները նաև կնպաստեն Կայուն զարգացման ծրագրի վերանայման գործընթացի պատշաճ իրականացմանը։


Կհստակեցվի արտոնությունից օգտվողների շրջանակը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև համագործակցության վերաբերյալ մարդասիրական և տեխնիկական տնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին» 1992թ. դեկտեմբերի 15-ին ստորագրված համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների արտոնություններից օգտվելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է հստակեցնել պարտադիր սոցիալական ապահովության վճարի արտոնությունից օգտվող անձանց շրջանակը։ Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։
Կառավարությունը որոշել է համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունների միջև ԻԻՀ կողմից Հայաստանի զարգացմանն օժանդակություն տրամադրելու փոխըմբռնման հուշագրի կնքման առաջարկությանը։ Տրամադրվող դրամաշնորհն ակնկալվում է օգտագործել Հայաստանի` ԻԻՀ հետ սահմանամերձ Մեղրի և Ագարակ քաղաքների գազի բաշխման ցանցի կառուցման նպատակով։
Գործադրի համաձայնությունն է ստացել Հայաստանի Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարությունների միջև տնտեսական համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությունը։
Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունն այլ նշանակության հողերի կատեգորիա է փոխադրել Արմավիրի մարզի Արգավանդի և Սյունիքի մարզի Ծղուկի գյուղական համայնքների հողերի մի մասը՝ համապատասխանաբար թռչնաֆաբրիկայի կառուցման և փոքր հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար։
Կառավարության որոշմամբ Երևանի «Լամբրոն-ֆարմիմպեքս» ՍՊԸ-ին 3 տարի գործողության ժամկետով տրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ներմուծման, արտահանման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիր։
Նկատի առնելով կոնտրաբասահար Սարգիս Բալբաբյանի երաժշտարվեստի բնագավառում ցուցաբերած բացառիկ ընդունակությունն ու խոստումնալից ապագան, կառավարությունը որոշել է պարտադիր զինվորական ծառայությունից նրան տարկետում տալ մինչև 2012 թ. գարնանային զորակոչը։ Նիստում նույն ժամկետով տարկետում է տրվել նաև Հնդկաստանի Կալկաթայի մարդասիրական ճեմարանի սան Դավիթ Թադևոսյանին։
Գործադիրը որոշել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Շահնազարյանի պաշտոնավարման ժամկետը երկարացնել չորս տարով՝ մինչև 2015 թ. օգոստոսի 16-ը։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:

Դիտվել է 1482 անգամ:
Print Friendly

Leave a Reply