Hurriyet Daily News»: Զինվորականներն արգելում էին օսմանյան հայերի ողբերգական ճակատագրի քննարկումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 11, 2011 10:59

NEWS.am-ը ներկայացնում է Մուստաֆա Ակյոլի հոդվածը` հրապարակված թուրքական   «Hurriyet Daily News and Economic Review» պարբերականում:

Թուրքական քաղաքականությունում զինվորականների դերի թուլացմանը զուգահեռ ուշադրությունից դուրս են մնում մի քանի կարեւոր փաստեր:

Նախ` թուրք գեներալների ու համախոհ դատավորների պարտադրած սեկուլյարիզմը (ապակրոնականացում) բացարձակապես նման չէր ժողովրդավարական Արեւմուտքում տեղի ունեցած համանուն գործընթացին: Ներշնչված 19-րդ դարի ֆրանսիական ռադիկալ լուսավորչականությունից եւ գերմանական վուլգար մատերիալիզմից` թուրքական սեկուլյարիզմը հիմնված էր ավանդական կրոնի դեմ պայքարի վրա եւ ամենեւին չեզոք չէր այդ կրոնի նկատմամբ:
Մյուս կողմից կրոնն օգտագործվում էր պետական նպատակների համար: Արգելվեցին գլխաշորերն ու սուֆիական միաբանությունները, արգելվեցին քարոզները Անկարայի մզկիթներում, սակայն թուրքական բանակում շարունակվում էր քարոզվել նահատակություն հանուն հայրենիքի:

Այլ կերպ ասած, ինքնակոչ սեկուլյարիզմը, որը պարտադում էին թուրք գեներալներն ու համախոհ դատավորները, հետեւողական չէր, ժողովրդավարական չէր եւ ոչ ազատական էր: Այն խախտում էր ոչ միայն թուրք մուսուլմանների, այլեւ թուրք քրիստոնյաների իրավունքները: Այնպես որ, լավ նորություն է, որ ոչ ազատական աշխարհիկությունը կյանքի կոչածները հեռանում են:

Բայց ի՞նչ են առաջարկում իսլամիստները, որոնք մերժում են աշխարհիկ պետության ազատական ձեւերը եւ պնդում են իսլամական պետության գոյությունը:

Իսլամիզմը Թուրքիայում պատասխան է զինվորականների պարտադրած սեկուլյարիզմին, որի մասին մենք խոսում ենք: Օսմանյան կայսրության գոյության վերջին տասնամյակներում Թուրքիան դարձավ սահմանադրական միապետություն, իսկ իսլամական մտածողությամբ առաջնորդները կողմ էին արտահայտվում ժողովրդավարացմանը: Իսլամական լիբերալիզմի այդ նոր ալիքը ճնշվեց, իսկ դրա էվոլյուցիան ընդհատվեց 20-րդ դարի 20-ականների ուլտրաաշխարհիկ քեմալիստական ռեժիմով: Երբ 1950-ին սկսվեց «բազմակուսակցականության» դարաշրջանը, բարեպաշտ մուսուլմանները աջակցեցին միայն աջ կենտրոնամետ Դեմոկրատական կուսակցությունը, որը չբերեց դավանանքի ազատություն, բայց ապահովեց տնտեսական բում եւ անդամակցություն ՆԱՏՕ-ին:

Այդուամենայնիվ, ուսադիրներով ավազակները տանել չէին կարողանում նույնիսկ Դեմոկրատական կուսկցությունը եւ 1960-ին իրագործեցին արյունալի հեղաշրջում` բանտարկելով կուսակցության բոլոր պատգամավորներին, մահապատժի ենթարկեցին երեք նախարարների, այդ թվում ժողովրդականություն ունեցող վարչապետ Ադնան Մենդերեսին:

Աջ կենտրոնամետ կուսակցության դեմ իրականացրած այդ ճակատային գրոհից հետո միայն, 1960-ականներին հայտնվեց իսլամիզմը որպես քաղաքական ուժ, որի առաջնորդ Նեջմեթին Էրբականը խոստացավ «իսլամական ՆԱՏՕ» եւ իսլամական պետություն:

Այդպիսով, երբ Թուրքիայի գեներալները 1997-ին «պոստմոդեռնիստական հեղաշրջմամբ»  գրոհեցին Էրբականի կառավարությունը, նրանք չեզոքացնում էին իրենց նախորդների ստեղծած «սպառնալիքը»:

Նույն դինամիկան կարելի է տեսնել թուրք գեներալների մյուս անեծքի` քրդական անջատողականության պարագայում: 1980-ականների կեսին թուրք գեներալները քուրդ անջատողականների ապստամբությունները ճնշելու լայնածավալ գործողություններ էին իրականացնում` մերժելով «քրդական հարցին» վերաբերող բոլոր քաղաքական բարեփոխումները: Նրանք ամենեւին չէին հասկանում, որ բոլոր քաղաքացիներին պարտադրում էին թուրքական ազգայնամոլություն, այդ թվում քրդերենի արգելմամբ եւ խաղաղ քուրդ ակտիվիստների դեմ բռնությամբ, ինչն առաջին հերթին ստեղծեց այդ հիմնախնդիրը եւ հավերժացրեց այն:

Միայն զինվորականներին հեռացնելուց հետո մենք կարողացանք սկսել սեկուլյարիզմի տարատեսակների, քրդական խնդրի լուծման միջոցների քննարկումը եւ սկսեցինք քննարկել նույնիսկ այնպիսի տաբու, ինչպիսին օսմանյան հայերի ողբերգական ճակատագիրն է: Մինչեւ այժմ մենք չենք դարձել «ներքին եւ արտաքին որեւէ թշնամու» զոհը, որոնցից գեներալների պնդմամբ` մեզ նրանք փրկում էին: Երբ գեներալներն իրենց զորանոցներում են, մենք մեզ հրաշալի ենք զգում:

 

Դիտվել է 987 անգամ:
Print Friendly

Leave a Reply