Այսօր ԼՂՀ անկախության 18-ամյակն է. Ղարաբաղում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 2, 2009 11:31

18 տարի առաջ ճիշտ այս օրը` սեպտեմբերի 2-ին, ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը /ԼՂՀ/ նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում: Ընդունվեց ԼՂՀ անկախության մասին հռչակագիրը:

«Ղեկավարվելով քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային ոլորտների զարգացման խնդրում ամբողջ բնակչության շահերով, բնական և օրինական, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան համարելով հայ ժողովրդի միասնության ձգտումը, որոշում է ընդունել ներկայիս Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և սահմանակից Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) հռչակման մասին հռչակագիրը». այս ձևակերպմամբ 18 տարի առաջ Արցախը հռչակվեց անկախ պետություն:

1991թ. դեկտեմբեր 10-ին` Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ընթացքում ազգաբնակչության ճնշող մեծամասնությունն արտահայտվեց Ադրբեջանից լրիվ անկախանալու օգտին: Դրան հետևած խորհրդարանական ընտրություններում ընտրվեց ԼՂՀ խորհրդարան, որն էլ կազմեց առաջին կառավարությունը: Անկախ ԼՂՀ կառավարությունն իր պարտականությունների իրականացմանն անցավ բացարձակ շրջափակման և նրան հետևած Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պայմաններում:

Երեկ` ԼՂՀ հռչակման 18-րդ տարեդարձի նախօրեին, պաշտոնական այցով ԼՂՀ էր  մեկնել  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` մասնակցելու տոնական միջոցառումներին: «Այսօր ի դեմս Արցախի` մենք, ինչպես նաև ողջ միջազգային հանրությունը, գործ ունենք ազատության, ինքիշխանության և ժողովրդավարության իդեալները կյանքի կոչող արդիական հանրապետության հետ, որ ի հեճուկս բոլոր օբյեկտիվ և արհեստական դժվարությունների, ծանր փորձությունների, առաջընթաց է ապրում, զարգացնում իր տնտեսությունն ու մշակույթը, պաշտպանում խաղաղությունը»,- ասել է նախագահը` այսօր տոնի առիթով հղած շնորհավորական ուղերձում:

Երեկ ԼՂՀ անկախության տոնի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, ԵՊՀ ուսանողներն ու զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներն էլ այցելել էին «Եռաբլուր» պանթեոն, ծաղիկներ և ծակեպսակներ դրել սպարապետներ Անդրանիկ Օզանյանի, Վազգեն Սարգսյանի շիրիմներին, ինչպես նաև ղարաբաղյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների հուշակոթողին:

Այսօր  տոնի առթիվ ղարաբաղցիներին շնորհավորել է նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «18 տարի առաջ այս օրերին մաքառման ու պայքարի բովում էր թրծվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այնքան բաղձալի անկախությունը և այժմ այն հասունության փորձությունը բռնած պետություն է` կայացած պետական ու հանրային ինստիտուտներով ու մասնակցային ժողովրդավարության օրինակելի որակով։
Այդպիսի ձեռքբերումներով կարող է հպարտանալ յուրաքանչյուր նորանկախ երկիր»,- ասված է  վարչապետի շնորհավորական ուղերձում:

Դիտվել է 1495 անգամ:
Print Friendly

Leave a Reply