Անկարգությունները` Լոնդոնի սահմաններից դուրս

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 9, 2011 10:47

Բռնությունների ու գողության ալիքը, որ գրավել էր Բրիտանիայի մայրաքաղաքը, արդեն 3-րդ օրն է, որ  ոչ միայն չի հանդարտվում, այլև հասել է  հարևան Բիրմինգհեմ, Բրիստոլ, Լիվերպուլ:  Ագրեսիվ տրամադրված երիտասարդների խմբերը այրում ու ավերում են շենքերն ու ավտոմեքենաները, ոստիկանների վրա Մոլոտովի կոկտեյլ նետում: Երկուշաբթի լոնդոնյան մի քանի թաղամասեր հրդեհի ճարակ էին դարձել: Ոստիկանական հարյուրավոր ջոկատներ փորձում էին հանգստացնել երիտասարդների վրդովմունքը: Քրոյդոնում ու Պեկհեմում մեկ ավտոբուս և մի քանի ավտոմեքենա է այրվել: Չդադարող հուզումների պատճառով փակել են ճանապարհներն ու երկաթուղային կայարանները: Ոստիկանությունը հավաստիացնում է, որ երիտասարդներն օգտվում են բջջային հեռախոսներից ու ինտերնետից` իրենց հարձակումներն ուղղորդելու  և իշխանություններից խուսափելու նպատակով: Այսօր արդեն հուզումները հասել են  Բրիտանիայի մեծությամբ երկրորդ քաղաքը`  Բիրմինգհեմ: Գրեթե 100 մարդ է  ձերբակալվել առևտրի գոտում: Ուշ գիշեր մի խումբ գրավել ու այրել է ստիկանական բաժանմունքը: Սքոթլանդ Յարդի ներկայացուցիչները  բնակիչներին խորհուրդ են տալիս առանց անհրաժեշտության փողոց դուրս չգալ, հատուկ ուշադրություն դարձնել երեխաներին: Երկրի իշխանությունները փորձում են վերահսկել իրավիճակը: Վարչապետ Դեվիդ Քեմերունը, դադարեցրել է հանգիստն Իտալիայում ու վերադարձել Անգլիա: Այսօր արտակարգ նիստ է հրավիրելու պետության հատուկ  հակաճգնաժամային կոմիտեի հետ: Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը և ՆԳ ոստիկանության պատասխանատու  նախարար Թերեզա Մեյը նույնպես հետաձգել են հանգիստն ու վերադարձել քաղաք: Անցած  3 օրվա ընթացքում ձերբակալվել է ավելի քան 334 մարդ, որոնցից 69-ի նկատմամբ մեղադրանք է առաջ քաշվել: Ավելի քան 100 ձերբակալվածների տարիքը 21-ից ցածր է: Անկարգությունների հետևանքով տուժել է  օրենքի 35 պաշտպան:

 

Դիտվել է 1094 անգամ:
Print Friendly

Leave a Reply