Կրպակատերերը մտադիր են «ամեն գնով» պայքարել Երեւանի քաղաքապետարանի որոշման դեմ
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | August 7, 2011 20:28
Երեւանի քաղաքապետի կարգադրությունը` քաղաքի կենտրոնական փողոցներում գործող կրպակների ապամոնտաժման վերաբերյալ, կրպակատերերի բողոքի պատճառ է դարձել:
Այսօր առավոտից մի քանի տասնյակ կրպակատերեր, ովքեր այս որոշման պատճառով կարող են զրկվել ապրուստի միջոցից, հավաքվել էին նախ Մաշտոցի եւ Աբովյան փողոցներում, ապա Երեւանի քաղաքապետարանի շենքի մոտ` արտահայտելով իրենց դժգոհությունը: Նրանք բողոքում էին, որ իրենց նախապես չեն ծանուցել ու որեւէ պաշտոնական գրություն չեն ներկայացրել կրպակների ապամոնտաժման մասին:
«Էս քյորփին ո՞նց ես պահելու… թող հենց քաղաքապետը գա ու ինձ այս երեխայի դիմաց պատասխան տա» , – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դժգոհեց բողոքող կրպակատերերից մեկը` միջին տարիքի մի կին` ցույց տալով գրկում պահած 10 ամսական երեխային:
Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում միայն ասաց, որ քաղաքապետարանը որոշել է ապամոնտաժել կրպակները: Հարցին` իսկ քաղաքապետարանը կրպակատերերին որեւէ այլընտրանք առաջարկո՞ւմ է, մամուլի խոսնակը պատասխան չտվեց:
Այսօր շուրջ 3 ժամ քաղաքապետարանի մոտ ապարդյուն պատասխանի սպասելուց հետո կրպակատերերը որոշեցին քաղաքապետարանի շենքի մոտ իրենց բողոքը շարունակել երկուշաբթի առավոտյան: Նրանք պնդում են, որ ամեն գնով պիտի պահպանեն իրենց ընտանիքները կերակրող աշխատատեղը:
Անուշ Մարտիրոսյան
azatutyun.am






Facebook
Tweet This
Email This Post
