Լեհաստանի նախկին փոխվարչապետին գտել են կախված

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 7, 2011 19:48

Լեհ հայտնի քաղաքական գործիչ, նախկին փոխվարչապետ Անջեյ Լեպպերին գտել են մահացած Վարշավայում` իր “Ինքնապաշտպանություն” կուսակցության գրասենյակում: Ինչպես հաղորդում է ԲիԲիՍի-ն, ոստիկանությունը կասկածում է, որ նա ինքնասպանություն է գործել: Ոստիկանությունը հայտնել է, որ քրեական գործ կհարուցի, սակայն տեղի ունեցածում  “երրորդ անձանց” մասնակցություն չի դիտարկվում:

Ըստ տեղական ԶԼՄ-ների հաղորդումների` 57-ամյա քաղաքական գործիչը կախվել է: Մոտ ծանոթները գործչի ինքնասպանությանը չեն հավատում, ասում են, որ վերջին ժամանակներս նրա վարքագծում ոչինչ  չեն նկատել, որ կարող էր ինքնասպանության հավանականություն ցույց տալ:

Լեպպերը հայտնի դարձավ 1989 թ., երբ հիմնադրեց գյուղատնտեսության աշխատողների “Ինքնապաշտպանություն” արհմիությունը, որը մի քանի անգամ գրոհեց Լեհաստանի գյուղատնտեսության նախարարության շենքի վրա և շրջափակեց դեպի կառավարական շենքեր տանող ճանապարհը: 2001 թ. իր “Ինքնապաշտպանություն” կուսակցության հետ, որը հիմնադրվել է 1992 թ. արհմիության հիմքի վրա, նա մտավ Լեհաստանի Սեյմ:

Յարոսլավ Կաչինսկու կառավարությունում Լեպպերը  2006-2007 թթ. զբաղեցրել է փոխվարչապետի պաշտոնը:

Նրա կյանքի վերջին տարիները մթագնեց սեքս-սկանդալը: 2006 թ. նա մեղադրվեց  կանանց սեքսուալ հարաբերությունների փոխարեն աշխատանքի ընդունելու մեջ: 2010 թ. այդ մեղադրանքով դատարանը նրան դատապարտեց 2 տարի 3 ամսվա բանտարկության: Սակայն նա համաներման տակ ընկավ, և 2011 թ. դատավճիռը չեղյալ համարվեց, իսկ գործը ուղարկվեց կրկնակի քննության, որն այդպես էլ չսկսվեց:

Նախկին բռնցքամարտիկն ու ֆերմերը չորս անգամ  իր թեկնածությունն է առաջադրել նախագահական ընտրություններում: 2005 թ. նախագահական ընտրությունների առաջին փուլում նա ստացավ ձայների 15%-ը:

Դիտվել է 1082 անգամ:
Print Friendly

Leave a Reply