Անկարգությունների հետևանքով Լոնդոնում 8 ոստիկան է վիրավորվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 7, 2011 19:28
Օգոստոսի 6-ի երեկոյան Լոնդոնի հյուսիսային հատվածում ծավալված անկարգությունների ընթացքում 8 ոստիկան է վիրավորվել: Բոլորն էլ հոսպիտալացվել են, մեկը` գանգուղեղի վնասվածքով: Այս մասին հաղորդում է բրիտանական Sky News հեռուստաալիքը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ խռովությունների հետևանքով ոչ ոք չի տուժել:
Լոնդոնի Տոտենհեմ շրջանում սկսված անկարգությունների պատճառը ոստիկանի ձեռքով 29-ամյա սևամորթ բրիտանացի Մարկ Դուգանի սպանությունն է, որը տեղի է ունեցել 2011 թ. օգոստոսի 4-ին: Իրավապահները փորձել են ստուգել այն ավտոմեքենան, որում գտնվում էր Մ. Դուգանը, սակայն բրիտանական խմբավորումների հետ կապ ունենալու մեջ կասկածվողը կրակ է բացել և գնադակահարվել է:
Օգոստոսի 6-ին` շաբաթ օրը, մի քանի հարյուր մարդ գնացին Տոտենհեմի գլխավոր փողոցում գտնվող ոստիկանական բաժանմունք` պահանջելով “վերականգնել արդարությունը”: Խաղաղ ակցիան արագ վերածվեց զանվածային խռովության, երբ երիտասարդ մարդկանց խումբը այրեց երթուղային ավտոբուսը և երկու ոստիկանական մեքենա, ինչպես նաև ոստիկանների կողմը շպրտեց “Մոլոտովի կոկտեյլով” շշեր:
Լոնդոնի քաղաքապետի ներկայացուցիչը կոչ արեց մայրաքաղաքի բնակիչներին պահպանել օրենքը: “Բռնությունն ու վանդալիզմը բնավ չեն հեշտացնում այդ պատահարի հետաքննությունը”,- ասաց նա:
Նման հայտարարությամբ հանդես եկավ Լոնդոնի ոստիկանության ներկայացուցիչ Ստիվեն Վատսոնը: “Մենք այդ շրջան ենք ուղարկել ոստիկանության նշանակալի ուժեր կարգուկանոն ապահովելու համար: Մենք կոչ ենք անում բնակիչներին մնալ տներում և հանգստություն պահպանել”,- հայտարարել է նա:






Facebook
Tweet This
Email This Post
