Դաշնակցությունը դեմ է հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններին
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | Մարիա Կարաթորոսյան | September 1, 2009 18:50
ՀՅԴ Գերագույն մարմինը րոպեներ առաջ հրապարակեց հայտարարություն` երեկ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև Շվեցարիայի միջնորդությամբ նախաստորագրված արձանագրությունների մասին: Ստորև ներկայացնում ենք ՀՅԴ հայտարարության տեքստն ամբողջությամբ:
«2009թ. օգոստոսի 31-ին պաշտոնապես հրապարակվեց Հայաստանի Հանրապետության Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված փաստաթղթերի փաթեթը:
Հայաստանն ու հայությունը մտան մի նոր շրջափուլ, որը հղի է բազմաթիվ վտանգներով:
Այս մասին էր ահազանգում ՀՅ Դաշնակցությունը, երբ քաղաքական այս գործընթացի հենց սկզբից պարբերաբար արտահայտում էր իր սկզբունքային հետեւյալ դիրքորոշումները.
ա. Իբրև հարևան պետություններ` Հայաստանն ու Թուրքիան ի վերջո պետք է քայլեր ձեռնարկեն հարաբերությունների բնականոնացման ուղղությամբ: Սակայն երկու երկրների միջեւ բարիդրացիական հարաբերություններ կարող են հաստատվել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ եւ հայ ժողովրդի իրավունքների վերականգմամբ միայն: Առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և շրջափակման վերացումը այս ճանապարհի սոսկ առաջին քայլերն են:
բ. ՀՀ կողմից առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման առաջարկն արդեն իսկ մեծագույն զիջում է:
գ. Անընդունելի է Թուրքիայի հետ հարաբերությունների բնականոնացումը մեր պետության ինքնիշխան և կենսունակ լինելիության ու սերունդների` ազգային-պետական իրավունքների հաշվին:
Այս սկզբունքներից մեկնելով` ՀՅ Դաշնակցությունը բազմիցս զգուշացրել է, որ Թուրքիան ողջ գործընթացը իր քաղաքական շահերին է ծառայեցնում «Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի կասեցում, ԼՂՀ հիմնահարցում ադրբեջանամետ արդյունքների ապահովում» եւ Հայաստանի Հանրապետության հետ խոսում է բացահայտ ու քողարկված նախապայմաններով:
Այժմ արդեն ակնհայտ է, որ հրապարակված փաստաթղթերը բովանդակում են թուրքական կողմի հայտնի նախապայմանները։ Այն է` Հայոց ցեղասպանության փաստը կասկածի ենթարկել եւ հայ ժողովրդի անժամանցելի իրավունքները ի չիք դարձնել: Առավել, հիշյալ փաստաթղթերի հրապարակումից անմիջապես հետո Թուրքիան պաշտոնական հայտարարությամբ կրկնում է իր երրորդ նախապայմանը՝ որ երբեք չի ձեռնարկի քայլեր, որոնք կհակասեն Ադրբեջանի շահերին: Այսինքն շարունակում է հայ-թուրքական գործընթացը պայմանավորել Ղարաբաղյան խնդրով:
ՀՅ Դաշնակցությունը շարունակում է պնդել, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը շեղվել է ազգային-պետական ուղեգծից, եւ կանխատեսելի զարգացումները կարող են անդառնալի հետեւանքներ ունենալ:
Ելնելով այս ամենից` ՀՅ Դաշնակցությունը ներքաղաքական քննարկումների այս փուլում բոլոր հնարավորություններն օգտագործելու է փաստաթղթերում առկա վտանգները բացահայտելու եւ չեզոքացնելու նպատակով:
Մենք կոչ ենք անում հայ հանրությանը, ՀՀ քաղաքական ուժերին ճիշտ գնահատել հայ-թուրքական հարաբերությունների ընթացքը, հնարավոր բացասական արդյունքները եւ առավելագույն համախմբվածությամբ բացառել անշրջելի կորուստների հավանականությունը:
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ
01 սեպտեմբեր 2009թ.»:
Վաղը ժամը 18:30-ին Մոսկվա կինոթատրոնի առջև` Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի կունենա ՀՅԴ հանրահավաքը` նվիրված ԼՂՀ անկախության 18 ամյակին, որի ընթացում անդրադարձ կկատարվի նաև վերոհիշյալ փաստաթղթերին:






Facebook
Tweet This
Email This Post
