Սոցիալական ձեռներեցությունը համայնքներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 4, 2011 19:27

Ճամբարակում 2003թ. ստեղծվել և մինչ այժմ գործում է «Աստղացոլք» հաշմանդամ երեխաների ծնողների հկ-ն, որն ստեղծվել է հատուկ կարիքով երեխաներին աջակցություն ցուցաբերելու նպատակով` նպաստել հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքների սոցիալական լարվածության նվազեցմանը:

«Աստղացոլքը» ֆինանսավորվել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի «Սոցիալական ձեռներեցություն» ծրագրի շրջանակներում,  որտեղ ընդգրկվել են երեք սոցիալական ձեռնարկություններ` Գորիսում, Ճամբարակում և Եղեգնաձորում:

«Սոցիալական ձեռներեցություն» ծրագրի ընթացքում հկ-ն հիմնել է  փայտամշակման ձեռնարկություն, և հասույթն օգտագործում են տեղի հաշմանդամ երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի աշխատանքների ապահովման համար:

Սկզբնապես «Աստղացոլքը» մասնակցել է ԵՀՀ կազմակերպած խորհրդատվական սեմինարներին, իսկ հետագայում համագործակցությունը տեղափոխվել է շոշափելի արդյուքներ հետապնդող հարթություն. հիմնվել է  փայտամշակման ձեռնարկություն, որտեղ աշխատում են հաշմանդամություն ունեցող անձինք:

«Ձեռնարկության իմաստը այն է, որ հկ-ն ինչ որ գումար է ստանում, որը պետք է ներդնի և հասույթ ստանա,- ասում է «Աստղացոլք» հկ նախագահ Իրինա Հովհաննիսյանը,- ծրագիրը եղել է 5-6 հազար դոլարի սահմաններում, մենք գնել ենք փայտամշակման գործիքներ, հետո ծրագրում ընդգրկվածները սովորել ու աշխատել են»:

Ծրագիրն արդեն ավարտվել է, սակայն փայտամշակման ձեռնարկությունը շարունակում է աշխատել, որտեղ այժմ ընդգրկված են 6 հոգի, որոնցից 3-ը հաշմանդամություն ունեցող անձինք են, ընդ որում` երկուսն առաջին կարգի:

Ձեռնարկությունն արտադրում է բրելոկներ և փայտյա հուշանվերային պարագաներ: «Շուկան բավականին հագեցած է, ընդ որում արտադրվում են  բավականին որակյալ հուշանվերներ, որոնց հետ մենք չենք կարող մրցակցել,- ասում է Հովհաննիսյանը,-սակայն մեր գլխավոր հաղթաթուղթն այն է, որ մեր հուշանվերներում օգտագործում ենք համայնքային խորհրդանիշերը կրող էլեմենտներ, օրինակ, Ջերմուկին վերաբերվող հուշանվերը եղնիկ է»:

ՀԿ-ի նախագահն ասում է, որ միայն դրա շնորհիվ է, որ իրենց արտադրանքը սպառվում է. «այդ տեսակի մեջ մենք միակն ենք և մրցակից չունենք»:

Ձեռնարկության պատրաստած արտադրանքը վաճառվում է Ջերմուկում, Սևանում, Դիլիջանում և այլ զբոսաշրջային վայրերում:

Ծրագրի ավարտից հետո ձեռնարկությունն ինքնաֆինանսավորմամբ շարունակում է աշխատել, իսկ հասույթի մի մասը տրամադրվում է ցերեկային խնամքի կենտրոնի աշխատանքների կազմակերպմանը:

Դիտվել է 3136 անգամ:
Print Friendly

Leave a Reply