Ֆրանսիայի`հայ կամավորների ջանքով լույս տեսնող «Աշխարհ» թերթն արդեն 60 տարեկան է.

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | September 3, 2009 14:37
22

Փարիզի «Աշխարհ» թերթի խմբագիր Ժիրայր Դեդեյան

«Քանի դեռ գոնե մեկ հայերեն ընթերցող ունեմ, թերթը կհրատարակեմ»,- ասում է Փարիզում հրատարակվող «Աշխարհ» երկշաբաթաթերթի խմբագիր Ժիրայր Դեդեյանը:

Պարբերականը հրատարակվում է 1960-ից: Հիմնադիր խմբագիրն է եղել Պոլսահայ մտավորական Ավետիս Ալքսանյանը: Սկզբնական տարիներին թերթը հրատարակվել է միայն հայերենով, սակայն ներկայումս 12-էջանոց պարբերականի 8 էջը ֆրանսերեն է հրատարակվում, 4-ը, ինչպես Դեդեյանն է ասում, «ցկյանս» հայերեն:

«Հայերեն ընթերցողների թիվը գնալով նվազում է, թերթն այժմ ընդամենը 2 հազար տպաքանակ ունի, մինչդեռ Ֆրանսիայում 400 հազար հայ է ապրում»,- ասում է Դեդեյանը:

Ֆրանսիայի ամենօրյա հայկական դպրոցներում ընդամենը 1000 աշակերտ է ուսանում, ինչը Դեդեյանի համար մտահոգիչ է,  քանի որ գնալով քչանում են հայերեն ընթերցողները: Դեդեյանն ասում է, որ  իրեն անգամ առաջարկել են հրաժարվել հայալեզու տպագրությունից:

Այժմ ողջ Ֆրանսիայի հայկական համայնքում հրատարակվում է ընդամենը 2 հայալեզու երկշաբաթաթերթ`«Աշխարհ» և «Ֆրանս Արմենի». «Հառաջ»-ը ժամանակավորապես դադարեցրել է հրատարակությունը:

Դեդեյանն ասում է, որ Ֆրանսիայում արբանյակային կապի միջոցով հասանելի են նաև մի քանի հայկական հեռուստաալիքներ, օպերատիվ լուրեր կարելի է ստանալ նաև ինտերնետային թերթերից, դրա համար էլ ընթերցողները քչացել են· «Ընթերցողի խնդիր ունեն նաև ֆրանսիական ամենահեղինակավոր թերթերը»:

Դեդեյանն ասում է, որ խնդրահարույց է նաև Հայաստանից ստացվող մեծածավալ լրահոսից տարբերակել հավաստի տեղեկատվությունը ոչ հավաստիից, զտել և ներկայացնել ամենակարևորը:

«Աշխարհ»-ն այժմ ունի 5-7 մշտական աշխատակից, որոնք բոլորն էլ աշխատում են կամավոր հիմունքներով. «Հայրենիքի գաղափարն է մեզ միավորում մի գործի շուրջ»,- ասում է Դեդեյանը:

Ընթերցողները հատկապես ակտիվանում են բաժանորդագրության ժամանակ, կտրոնների հետևի էջին երբեմն գրում են` «Կեցեք, տղերք, այդպես շարունակեք»: Թերթի ու հայապահպանության գաղափարի շուրջ խմբված կամավորներն էլ ոգևորվում են դրանով ու շարունակում թերթի հրատարակությունը:

Թերթը գոյատևում է բաժանորդագրության վճարներով (տարեկան 68 եվրո) և տպագրվող ծանուցագրերի միջոցով: «Հովանավորչությունից հեռու ենք մնում, մեր անկախությունը մեզ համար կարևոր է, միայն երբեմն բաժանորդագրվելիս որոշ ընթերցողներ 68 եվրոյի փոխարեն ուղարկում են 90-100 եվրո` որպես նվիրատվություն»,- ասում է Դեդեյանը:

2010-ին պարբերականը նշելու է հրատարակության 60-րդ տարեդարձը, սակայն խմբագիրն ասում է, որ հատուկ միջոցառումներ չեն նախապատրաստել. Ֆինանսական միջոցները թույլ չեն տալիս: «Մենք փոքր շրջանակով կտոնենք, առանձնահատուկ ոչինչ չենք կազմակերպի»,- ասում է նա:

Դեդեյանի կարծիքով` Ֆրանսիայի հայկական համայնքը շատ ցրված է, «400 հազար հայ` 65 միլիոնանոց երկրում», ինչի պատճառով էլ հայերը միաժամանակ և՛ միավորված են, և՛ տարանջատված· բոլորը միավորված են նույն ազգային պատկանելիությամբ, բայց նաև բաժանվում են իրանահայերի, բեյրութահայերի, Հայաստանի հայերի և այլն, յուրաքանչյուրն ունի իր սովորույթները, իր շրջանակները: Այս առումով հայերին մեկ գաղափարի շուրջ միավորելը, ըստ Դեդեյանի, մի փոքր դժվարանում է.« միայն ցեղասպանության գաղափարի շուրջ են հայերը կուռ միասնություն կազմում»,-ասում է նա:

«Աշխարհ»-ի 1-ին 4 ֆրանսերեն էջերը նվիրված են Հայաստանից եկած լուրերին: Հայերեն էջերում հիմնականում տպագրվում են եկեղեցական,  մշակութային, այնուհետ այլ կարևոր լուրեր, թղթակիցների հեղինակային նյութերը: Պարբերականի վերջին էջը մշտապես նվիրված է հայկական մշակույթի առաջավորներին` Կոմիտաս, Րաֆֆի, Սայաթ-Նովա….

Դեդեյանն ասում է, որ շատ դժվար է 15 օրը մեկ լույս տեսնող փոքրածավալ թերթում ողջ ասելիքը ընթերցողներին հասցնել: Հազիվ կարողանում են սեղմ լուրեր հաղորդել: Սակայն պարբերականը հետևողականորեն անդրադառնում է մի շարք խնդիրների լուսաբանմանը: Ֆրանսիայի հայկական համայնքում հայոց լեզվի պահպանության խնդիրը և Հայաստանի գյուղերի ոչ բարվոք վիճակը և սոցիալական խնդիրները, որոնք գյուղացուն ստիպում են ձգտել դեպի քաղաք և թողնել հողը. այս խնդիրները մշտապես պարբերականի ուշադրության կենտրոնում են:

Խմբագիրն ասում է, որ Ֆրանսիայի հայկական համայնքում քաղաքական կյանքն այլևս չունի նույն ակտիվությունը, ինչ տարիներ առաջ էր, երբ ավանդական 3 կուսակցություններն ակտիվ գործունեություն էին ծավալում: Այդ իսկ պատճառով էլ համայնքի կյանքի լուսաբանման հիմնական կողմը մշակութային ոլորտն է: Ազգային-պետական տոներին ևս պարբերականը մեծ տեղ է հատկացնում, իսկ ազգային բազմադարյա ավանդական տոների ծագումնաբանությունը և նշելու եղանակները ներկայացնում է հայալեզու էջերում:

Դիտվել է 2068 անգամ:
Print Friendly

Leave a Reply