Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) աջակցում է ՀՀ կառավարությանը միգրացիայի տվյալների հավաքագրման գործում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 4, 2011 13:43

Այսօր ՄՄԿ-ը ներկայացնում է մի զեկույց, որը միտված է օգնելու  ՀՀ կառավարությանը, գիտական համայնքին և այլ ազգային մարմիններին ձևակերպել միգրացիոն տվյալների կառավարմանն ուղղված ազգային քաղաքականությունը:

«Միգրացիոն տվյալների հավաքագրման, մշակման և փոխանակման կատարելագործումը Հայաստանի Հանրապետությունում. կարիքների գնահատում և առկա բացերի վերլուծություն» զեկույցը պատրաստվել է ՄՄԿ-ի «Անկանոն միգրացիայի կանխարգելում և կանոնավոր միգրացիայի խթանում» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Իտալիայի կառավարության կողմից:

Վերլուծության արդյունքում պարզվել է, որ թեև ՀՀ-ում հավաքագրվում են մեծածավալ տվյալներ միգրացիայի բնագավառում, այնուամենայնիվ անհրաժեշտ է ստեղծել միգրացիոն տվյալների հավաքման և փոխանակման կայուն և փոխկապակցված համակարգ, որը կարտացոլի միգրացիոն վիճակագրության վարման ազգային կարիքները, տարածաշրջանային առաջնահերթությունները և առաջատար միջազգային փորձը:

Զեկույցը պատրաստվել է ՀՀ Կառավարության, և մասնավորապես ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հետ համագործակցությամբ:  ԱՎԾ-ը կարևորում է ինչպես երկրում, այնպես էլ երկրից դուրս տեղի ունեցող միգրացիոն գործընթացների վերլուծության անհրաժեշտությունը, ինչը էական է ոչ միայն միգրացիան արդյունավետ կառավարելու համար, այլ նաև ժողովրդագրական զարգացման, աղքատության  կրճատման, տնտեսության զարգացման և տարածաշրջանային ինտեգրման ոլորտներում ռազմավարությունների և ծրագրերի մշակման գործում:

ՄՄԿ-ն ակնկալում է, որ ՀՀ-ում միգրացիոն վիճակագրության արդեն գոյություն ունեցող և այլ հավանական աղբյուրների վերլուծությունը կխթանի միգրացիոն տվյալների հավաքագրման ու պատկան մարմինների շրջանում այդ տվյալների փոխանակման կայուն համակարգի ստեղծումը:

«ՄՄԿ-ը հուսով է, որ ՀՀ Կառավարության հետ համագործակցությամբ մշակված միգրացիոն տվյալների կառավարման վերաբերյալ առաջարկությունները կօգնեն ստեղծել ՀՀ-ում միգրացիոն գործընթացների կառավարման համապարփակ համակարգ», նշեց ՄՄԿ Հայաստանի առաքելության գրասենյակի ղեկավար տիկին Իլոնա Տեր-Մինասյանը:

Միգրացիոն տվյալների կառավարման ոլորտում ՄՄԿ-ի տեխնիկական աջակցությունը բազմակողմանի է: Այսպես 2011թ. օգոստոսի 4-ին Երևանում մեկնարկել է «Միգրացիոն տվյալների հավաքագրում, մշակում և փոխանակում» թեմայով դասընթաց, որը կազմակերպվում է Եվրոպական Միության ֆինանսավորմամբ:  Դասընթացը վարելու համար հրավիրված միջազգային փորձագետները կմասնակցեն նաև ՀՀ պետական մարմինների հետ խորհրդակցությունների «ՀՀ միգրացիայի պետական կարգավորման ռազմավարության» իրականացման գործողությունների ծրագրի» միգրացիոն տվյալների բաժնի մշակման թեմայով:

ՄՄԿ ծրագրում է նաև տրամադրել տեխնիկական աջակցություն 2012 թ.-ին անցկացվելիք միգրացիայի ոլորտում համապետական հարցմանը:

 

Դիտվել է 1793 անգամ:
Print Friendly

Leave a Reply