Թովմաս Նազարբեկով
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | August 18, 2011 7:07
Թովմաս Հովհաննեսի Նազարբեկյանը ծնվել է 1855 թ. օգոստոսի 4-ին, Թիֆլիսի նահանգում, ունևոր ազնվականի ընտանիքում: 1874 թ. նա ավարտել է Թիֆլիսի ռուսական գիմնազիան, ապա` Մոսկվայի ռազմական ուսումնարանը: Այնուհետև ծառայության է անցնում Երևանի կայազորում: Արդեն երիտասարդ հասակում նա ստանում է իր առաջին մարտական մկրտությունը` մասնակցելով 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմին: Ցուցաբերած արիության ու հմտության համար զինվորական աստիճանասանդղակով Նազարբեկովը արագ բարձրացավ:
Այս պատերազմում նորաթուխ սպան արժանացավ Ստանիսլավի երրորդ աստիճանի և Աննայի երկրորդ աստիճանի շքանշանների:
1904 թ. ռուս-ճապոնական պատերազմին նա արդեն մասնակցեց գնդապետի ուսադիրներով: Այս պատերազմում փայլատակեց Նազարբեկովի զինվորական տաղանդը: Նա բազում ճակատամարտերում աչքի ընկավ ու զինվորական աստիճանասանդղակով վեր բարձրանալուն զուգընթաց «Արիության համար» ոսկե սուր և Վլադիմիրի երրորդ աստիճանի շքանշան ստացավ:
Պատերազմի ավարտից հետո ռուսական ռազմական շտաբի գեներալները միջնորդում են շտաբի պետին, որ Նազարբեկովին նշանակի Կովկասում գնդի հրամանատար: Գլխավոր շտաբի պետը Նազարբեկովի երեսին շպրտում է.«Հայտնի լինի Ձեզ, որ հայկական ծագում ունեցող մեկը չի կարող լինել գվարդիական գնդի հրամանատար»: Նազարբեկովի պատասխանը կտրուկ էր. «Թող հայտնի լինի Ձեզ, որ ես հայկական ծագում չունեմ: Ես զտարյուն հայ եմ»:
Հանդուգն պատասխանի հետևանքով ռուսական հրամանատարությունը ռուս-ճապոնական պատերազմի հերոսին զորացրում է բանակից: Սակայն վրա է հասնում Առաջին համաշխարհային պատերազմը, և երկու ճակատով կռվող Ռուսական կայսրության ռազմական շտաբը հայտնվում է կադրային խնդրի առջև. բարձրաստիճան որակյալ սպայակազմի պակաս կար: Նազարբեկովը կրկին զորակոչվում է բանակ և որպես հրաձգային գնդի հրամանատար` հայտնվում Խոյում:
Այս ճակատում էր կռվում նաև հայկական առաջին կամավորական գունդը Անդրանիկի հրամանատարությամբ, և մարտական գործողությունների ժամանակ Նազարբեկովն ու Անդրանիկը հաճախ էին համագործակցում: Հենց Նազարբեկովի հրամանատարությամբ էր, որ ռուսական բանակը փայլուն գործողություն իրականացրեց և ջախջախեց թուրքական զորքերը Դիլմանի ճակատամարտում: Այստեղ բանակի հարվածային ուժը հենց Անդրանիկի ջոկատն էր: Դիլմանի ճակատամարտում ցուցաբերած արիության և փայլուն ռազմավարության համար Նազարբեկովը պարգևատրվեց Գեորգիի չորրորդ աստիճանի շքանշանով:
Առաջին իսկ շփումներում գնդապետ Նազարբեկովը Անդրանիկի վրա թողել էր «ինքնավստահ, հպարտ ու տիրական մարդու» տպավորություն: Այլ կարծիքի էր Նազարբեկովը Անդրանիկի մասին, որին բնութագրում էր որպես «կարգադրող, անհավասարակշիռ, բռնակալ բնավորության տեր մարդ, որն իր ռազմական գիտելիքներով իրեն բարձր է դասում բոլորից և անկարող է ենթարկվել ուրիշներին»: Նազարբեկովի խոսքերում ճշմարտություն կար. Անդրանիկը հայտնի էր գոռոզ ու քմահաճ բնավորությամբ: Նրանց հակամարտությունը երկար տևեց. Անդրանիկը շարունակ լուտանքներ էր տեղում Նազարբեկովի գլխին` հետագայում անգամ ծաղրելով, որ հայոց սպարապետը (նկատի ուներ, որ Թովմաս Նազարբեկովը Հայկական կորպուսի հրամանատարն էր) չի տիրապետում մայրենիին:
Սակայն Նազարբեկովի և Անդրանիկի հակամարտությունը չխանգարեց, որ համագործակցեն 1915 թ. մայիսին` Վանի նահանջի դժնդակ օրերին: Ռուսական հրամանատարությունը հրաման արձակեց ռուսական զորքերին և հայ կամավորական ջոկատներին թողնել Վանը և նահանջել: Սրանով կայսերական Ռուսաստանը շարունակում էր թուրքերի կիսատ թողած գործը և հայաթափում էր Արևմտյան Հայաստանի վերջին կտորը: Երկու զորավարներն էլ քաջ գիտակցում էին ռուսների նենգ դիտավորությունը, բայց ոչինչ անել չէին կարող: Եվ մոռացած ամեն հակամարտություն` Անդրանիկը Նազարբեկովի աջակցությամբ, շատ դեպքերում զանց առնելով ռուսական հրամանատարությանը, կազմակերպեց Վասպուրականի հայության նահանջը:
Թուրքական ճակատում աչքի ընկնելու համար Թովմաս Նազարբեկովը գեներալ-մայորի զինվորական տիտղոս ստացավ ռուսական շտաբից: 1917 թ. նա նշանակվեց հայկական կորպուսի հրամանատար: Սա, փաստորեն, սպարապետի պաշտոն էր, Նազարբեկովի հրամանատարության տակ էին մտնում բոլոր հայկական զինվորական միավորումները:
Նրա ռազմավարական տաղանդը փայլեց նաև 1918 թ. մայիսյան հերոսամարտերի օրերին, երբ նրա գլխավոր հրամանատարությամբ Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում հայկական զինուժը փայլուն հաղթանակներ տարավ:
Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո Թովմաս Նազարբեկովը շարունակեց ղեկավարել հայկական բանակը, իսկ երբ ձևավորվեց Հայաստանի նոր կառավարությունը և նշանակվեց զինված ուժերի նոր նախարար, նա զբաղեցրեց զինվորական խորհրդի նախագահի պաշտոնը:
Թովմաս Նազարբեկովի կյանքի սև շրջանը սկսվեց 1920 թ. դեկտեմբերին, երբ Խորհրդային Ռուսաստանը, դաշնակցած քեմալական Թուրքիայի հետ, բռնագրավեց Հայաստանը: 1921 թ. հունվարին Նազարբեկովը հարյուրավոր այլ սպաների հետ ձերբակալվեց: Նրան կտտանքների ենթարկեցին, նվաստացրին և աքսորեցին Բաքու: Բաքվից Նազարբեկովին տեղափոխեցին Ռյազանի կալանավայր: Սակայն Հայաստանում սկսված Փետրվարյան ապստամբությունը սթափեցրեց բոլշևիկներին: Հունիսին Նազարբեկովը վերադարձավ Երևան, ապա մշտական բնակության տեղափոխվեց Թիֆլիս: Նա թողեց զինվորական ծառայությունը և մինչև կյանքի վերջը մնաց մեկուսացած ու միայնակ: Իր կյանքի մայրամուտին Նազարբեկովը հուշեր գրեց իր անցած ուղու և Առաջին համաշխարհային պատերազմում Կովկասյան ճակատի մասին: Հերոսն իր մահկանացուն կնքեց Թիֆլիսում 1928 թ.:
Վահե Անթանեսյան






Facebook
Tweet This
Email This Post
