Ղաբուս Նամէ

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | August 17, 2011 7:01

Պարսից գրականությունը հարուստ է խրատաբանական ժանրով, որը հետաքրքրական է այնքանով, որ ճիշտ պատկերացում է տալիս ժամանակի տիրող բարքերի մասին: Այս առումով, կարծում ենք, ընթերցողին կհետաքրքրի XI դարի պարսիկ մտածող Ունսուր ալՄաալի ՔայՔաուս իբն Իսկանդարի աշխատությունը, որ վերնագրված է «Ղաբուս Նամէ»: Այն պարսկերեն նշանակում է խրատների գիրք: Պարսիկ մտածողն այս երկը գրել է որպես ուղեցույց իր որդու համար:

Ներկայացնում ենք հատվածներ նրա խրատանուց:

Ինքնազսպման և սնվելու կարգուկանոնի մասին

Գործի ժամանակ հասարակ մարդիկ բնավ ուշադրություն չեն դարձնում կարգուկանոնի, պատրաստություն տեսնելու և ժամանակի վրա: Իսկ մեծատոհմիկ և խելացի մարդիկ գործի համար հատուկ ժամանակ են հատկացնում:

Առևտրականներն այսպիսի սովորություն ունեն. մեծ մասամբ ճաշում են երեկոյան, դա շատ վնասակար է. նրանց ստամոքսը չի հասցնում մարսել, և նրանք միշտ փորի ցավերով են տառապում: Իսկ զինվորականների սովորությունն էլ այնպիսին է, որ չեն նայում ժամանակին. որտեղ ինչ ձեռք գցեն, անմիջապես կուտեն: Սա անասնական բնազդի պես մի բան է. անասուններն էլ որտեղ խոտ տեսնեն, այնտեղ էլ կարածեն: Մինչդեռ մեծատոհմիկ ու արժանավոր մարդիկ ուտում են օրական մեկ անգամ: Այս ինքնազսպումը լավ բան է, չնայած մարմինը դրանից թուլանում է, պակասում են մարդու ուժերը…

Ուտելիս մի շտապիր, եղիր դանդաղկոտ: Սեղանի շուրջ, ըստ իսլամի կարգի, զրուցիր մարդկանց հետ, բայց կախիր գլուխդ ու մի նայիր ուրիշի պատառին ու բերանին:

…Սեղանի վրա քեզնով զբաղվիր. նախ փոքր-ինչ դանդաղ կեր որևէ թթու բան, դրանից հետո նոր հրամայիր մատուցել ճաշը:

Անվանի մարդկանց ճաշելու կարգը երկու տեսակ է. ոմանք պատվիրում են նախ իրենց մատուցել ճաշը ու հետո նոր հյուրին, իսկ ոմանք էլ ընդհակառակը` պատվիրում են առաջինը հյուրին մատուցել: Սա ավելի ճիշտ է և մեծահոգության նշան:

…Սեղանի մոտ դեմքդ մի խոժոռիր և թամադայի հետ մի վիճիր, որովհետև դա լավ արարք չէ:

Գինի խմելու կարգուկանոնը

Հիսուն տարիս լրանալուց հետո միայն ամենաբարձրյալ աստված գթաց, և ես թողեցի գինի խմելը: Եթե կարողանաս գինի չխմել, օգուտ կքաղես և՛ այս, և՛ այն աշխարհում:

Ուտելուց անմիջապես հետո գինի մի խմիր: Թող անցնի երեք ժամ, մինչև երեք անգամ ծարավես ու ջուր խմես: Իսկ եթե ուտելուց հետո չծարավես, ապա սպասիր ևս երեք ժամ: Որպեսզի վայելես և՛ գինին, և՛ ուտելիքը, պետք է գինի խմես ուտելուց երեք ժամ հետո:

…Սեղանի մոտից այնպես վեր կաց, որ եթե պահանջվի, կարողանաս երկու թաս գինի էլ խմել: Քեզ միշտ հեռու պահիր հարբեցնող բաժակից ու կշտացնող պատառից: Հարբելու և կշտանալու պատճառը ոչ թե ընդհանուր ուտելիքն ու խմելիքն են, այլ վերջին թասն ու վերջին բրդուճը:

Ձգտիր հաճախակի չհարբել. որովհետև դա երկու վատ հետևանք ունի` հիվանդություն կամ խենթություն:

Կատակելու, նարդի և շախմատ խաղալու մասին

Որդի՛ս, արաբական առածն ասում է. «Կատակը չարության նախաբանն է կամ ամեն տեսակ փորձանքների սկիզբը»: Քանի դեռ կարող ես, ձգտիր կատակ չանել, քեզ հատկապես հեռու պահիր անմիտ կատակներից: Համենայն դեպս, հարբած ժամանակ չկատակես, որովհետև դրան կարող են հաջորդել չարությունն ու փորձանքը: Ամաչիր վատ կատակներից ու անվայել բառերի գործածությունից լուրջ թե հարբած վիճակում:

Քեզանից մեծ զգուշավորություն և զսպվածություն է պահանջվում հատկապես նարդի և շախմատ խաղալիս, որովհետև այդ ժամանակ մարդ սովորաբար բորբոքված է լինում և կատակը սրտին մոտ է ընդունում:

Նարդի և շախմատ խաղալը թող շատ չգայթակղի քեզ: Խաղա հազվադեպ ու իմացիր, որ եթե խաղում ես, կարելի է խաղալ քեֆի, թռչունի, ոչխարի և այս տեսակ բաների վրա, բայց ոչ փողի, որովհետև փողով և պարտքով խաղալը անդաստիարակության, մոլուցքի ապացույց է: Թեկուզ լավ խաղացող էլ լինես, աշխատիր չխաղալ խաղամոլի հետ, որ աչքի է ընկել մոլեգնությամբ, որովհետև քո անունը դուրս կգա: Եթե խաղալու ես, ապա միայն քեզնից ավելի անվանի և արժանի մարդկանց հետ:

Նարդին ու շախմատն ունեն իրենց պատշաճ կարգ ու կանոնը: Եթե խաղում ես անվանի մարդկանց հետ, ապա քաղաքավարությունը պահանջում է, որ մինչև ախոյանը չսկսի, դու առաջինը չմեկնես ձեռքդ: Իսկ եթե նարդի ես խաղում, սկզբից զառերը զիջիր մրցակցիդ, շախմատ խաղալիս էլ առաջին խաղը տանուլ տուր:

Կատակել կարելի է, բայց զազրախոսել չարժե: Հետևաբար, եթե վատ բառեր օգտագործես, ապա չկատակես քեզնից ցածր արժանիքներ ունեցող մարդու հետ, որ քո արժանապատվության սուրը չփշրես նրա պատասխան վահանի վրա: Սովորաբար կատակիր քո հասակակիցների հետ. թեկուզև նրանք պատասխանեն, վատ բան չի պատահի:

Աշխատիր ամեն մի սուր կատակ հարմարեցնել լրջության հետ և քեզ հեռու պահիր գարշելի բառերից: Թեև առանց սուտ խոսքերի կատակ գոյություն չունի, բայց դու իմացիր սահմանը, որովհետև կատակը նսեմացնում է ամեն մի արժանապատվություն: Ինչ որ ասես, այն էլ կլսես, և մարդկանցից սպասիր այն, ինչ որ նրանք ստացել են քեզնից:

Սիրո մասին

Ով զգայուն հոգու տեր մարդ չէ, նա ոչ ոքի չի կարող սիրել: Սերը բնավորության քնքշությունից է կախված:

Երիտասարդները ծերերից ավելի հաճախ են սիրահարվում, քանի որ սրանց բնավորությունն ավելի քնքուշ է: Ծանր բնավորության և կոպիտ վարվելակերպի տեր մարդը երբեք չի սիրահարվի: Սերը հիվանդություն է, որով հիվանդանում են ջինջ հոգու տեր մարդիկ: Աշխատիր չսիրահարվել, քեզ հեռու պահիր սիրուց, որովհետև այն դժբախտություն է բերում. հատկապես աղքատության ժամանակ: Չունևոր սիրահարը չի կարող հասնել իր նպատակին, եթե  մանավանդ ծեր է:

Եթե պատահի, որ մեկի հետ լավ ժամանակ անցկացնես, մի ստրկացիր նրա առջև և սիրտդ մշտապես մի վարժեցրու սիրաբանության: Զգացումներով մի տարվիր, որովհետև  դա խելացի մարդուն վայել չէ: Ողջ տարվա ընթացքում սիրածից ստացած քո հաճույքը չի կարող նույնիսկ մեկ օր սփոփել սիրածից հեռանալուց տանջվող հոգիդ:

Սերը տանջանք է, սրտնեղություն և փորձանք, բայց և հաճելի տառապանք է…

Սերը հիվանդություն է: Իր «Հիվանդությունների դասակարգումը» գրքում Մուհամմեդ իբն-Զաքարիա առ-Ռազին սիրուց հիվանդանալու և բուժման վերաբերյալ առաջարկում է հետևյալ միջոցները. տևական ծոմապահություն, ծանրության բարձրացում, երկարատև ճանապարհորդություն, մշտական աշխատանք և նման բաներ:

Բայց եթե սիրում ես որևէ մեկին և նրան հանդիպելն ու կողքին լինելը քեզ հաճույք է պատճառում, ես դա համարում եմ թույլատրելի, քանզի շեյխ Աբու-Սայիդ-ի-Բու-լ-Խեիրն ասում է, որ մարդու համար անհրաժեշտ է չորս բան. առաջին` մի կտոր հաց, երկրորդ` զգեստ, երրորդ` տունուտեղ և չորրորդ` սիրեցյալ բարեկամ… Բայց բարեկամությունը մի բան է, սիրահարությունը` մեկ ուրիշ: Սիրահարության ժամանակ ոչ ոք չի կարող երջանիկ զգալ իրեն:

Իմացիր, որ մարդը բարեկամությամբ միշտ երջանիկ է, իսկ սիրո մեջ` դառնացած:

Սեռական կրքերը բավարարելու մասին

Եթե սիրում ես մեկին, ապա ո՛չ հարբած, ու ո՛չ խիստ զգոնության ժամանակ հաճախակի մի կենակցիր նրա հետ…

Ցանկությունների հաճախակի բավարարումը վնասակար է, բայց վնասակար է նաև չափազանց ժուժկալությունը: Հենց որ մեջդ ցանկություն առաջանա, անմիջապես մի բավարարիր այն, որովհետև դա անասնական վարվելակերպ է: Կենդանին ոչնչի  ժամանակը հաշվի չի առնում. որտեղ հասցնի, այնտեղ էլ կբավարարի ցանկությունը: Մինչդեռ մարդն այս գործողությունը կատարելու համար ժամանակ պիտի ընտրի…

Ամուսնության մասին

Երբ ամուսնանաս, հարգանքով վերաբերվիր կնոջդ: Հարստությունը թանկ բան է, բայց կնոջից ու երեխաներից թանկ ոչինչ չկա: Նրանց համար ոչինչ մի խնայիր, մանավանդ եթե կինդ համեստ ու բարի է, իսկ որդիներդ` խոնարհ:

Երբ ամուսնանաս, մի ընկիր կնոջդ հարստության հետևից: Կնոջը տես ու հավանիր գործի մեջ, իսկ նրա գեղեցիկ արտաքինին գերի մի դարձիր: Գեղեցիկ կինը պիտանի է միայն որպես սիրուհի: Լավ կինը պետք է լինի մաքուր, բարեպաշտ, տնարար, ամուսնուն սիրող, ամոթխած ու առաքինի, լեզվից զուսպ, ձեռքից մաքուր և ունեցվածքի մասին հոգացող:

…Կինը թեկուզ գեղեցիկ լինի, սիրալիր ու դուրեկան, անմիջապես մի ընկիր նրա ազդեցության տակ ու մի խոնարհվիր նրա առջև: Ալեքսանդր Մակեդոնացուն հարցնում են. «Ինչո՞ւ չես ամուսնանում Դարեհի աղջկա հետ, նա հո չափազանց գեղեցիկ է»: Զորավարը պատասխանում է. «Երբ հաղթել եմ աշխարհի մարդկանց, լավ չի լինի, որ պարտվեմ կնոջը»:

…Կին պիտի առնես ազնիվ, պատվավոր ընտանիքից ու պիտի իմանաս, թե ում աղջիկն ես առնում, որովհետև կինը պետք է տնտեսուհի լինի, ոչ թե միայն ցանկություններ բավարարող: Թե չէ կրքերը բավարարելու համար կարելի է շուկայից ստրկուհի գնել, որը ո՛չ մեծ հոգս է պատճառում և ո՛չ էլ ծախս: Կինը պետք է լինի չափահաս, խելոք ու հեռատես: Լավ տնտեսուհի լինելու համար նա ամեն ինչ իր ծնողների տանը պետք է սովորի:

Ձգտիր չխանդել կնոջդ, իսկ եթե խանդելու ես, ապա լավագույնը չամուսնանալն է, քանզի խանդել կնոջը նշանակում է նրան ստիպողաբար դարձնել անազնիվ:

…Եթե ամուսնանաս օրիորդի հետ, նրան շատ սիրես ու նույնիսկ ցանկությունից այրվես, ապա ամեն գիշեր մի հարաբերվիր հետը, այլ միայն երբեմն… Եթե սովորություն դարձնես ամեն գիշեր պառկել նրա հետ, ապա նա կդառնա ցանկասեր. քո բացակայության ժամանակ նրա մեջ ի հայտ կգա նույնպիսի ցանկություն, և նրա համար համբերելը դժվար կլինի:

Կնոջդ ոչ մի տղամարդու մի վստահիր, որքան էլ վերջինս ծեր ու տգեղ լինի… Վստահել կարելի է միայն սև, ծեր ու այլանդակ սպասավորներին:

Ուրիշ ցեղից կին առ, որպեսզի օտարին հարազատ դարձնես. քանզի մոտիկը քոնն է, քո հարազատը…

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

 

Դիտվել է 1246 անգամ:
Print Friendly

Leave a Reply